Ինչո՞ւ է Սորոսն այդքան պինդ նստած Հայաստանում

Ինչո՞ւ է Սորոսն այդքան պինդ նստած Հայաստանում

«Հրապարակի» հարցազրույցը նախկին անկախական ու ԱԻՄ-ական, լոսանջելեսաբնակ Արմեն Զատիկյանի հետ

- Սպիտակ տան մամլո խոսնակի խոսքերը, որ պղծվել է նաեւ Հայոց ցեղասպանության հուշարձանը, Հայաստանում հուզմունքով ընդունվեց։ Ամեն դեպքում, դա լեզվական սայթաքո՞ւմ էր, թե՞ ինչ, եւ ինչպե՞ս ընդունվեց ամերիկյան մամուլում։

- Չէ, ինքն ուղղակի հուշարձանի անունն ասաց՝ օրինակ բերելով ու ասելով, որ էս վանդալիզմը, որ սկսված է նեոբոլշեւիկների կողմից՝ ամերիկյան դեմոկրատների, եւ սրանք ոչ մի կապ չունեն դեմոկրատիայի հետ (որակումները՝ «նեոբոլշիկ» եւ այլն, Արմեն Զատիկյանինն են), եւ սա վայրի լիբերալիզմ է։ Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ «ցեղասպանություն» բառը հնչեցնելուն, մենք՝ հայերս, դրան հատուկ կարեւորություն ենք տալիս։ Կարծում եմ՝ ինքը բառն օգտագործեց այնպես, ինչպես կոչվում է հուշարձանը։ Բայց եթե խորքում ինչ-որ իմաստ է պարունակել կամ հետագայի հետ կապված ինչ-որ մի քայլ, չեմ զարմանա, որովհետեւ Թրամփը շատ հայամետ անձնավորություն է։ Տարբեր առիթներով ունեցած իր ելույթներում նա շատ դրական է արտահայտվել հայերի մասին։ Հատկապես՝ բիզնեսի բնագավառում հայերի, որոնց մասին ասել է, որ շատ հայերի հետ է շփվել, ու նրանք վերին աստիճանի ազնիվ, գործունյա եւ գործից հասկացող մարդիկ են։ «Որ հայի հետ գործ եմ բռնել, ե՛ւ ես, ե՛ւ նրանք շահած են դուրս եկել»։ Այնպես որ, միգուցե կարելի է դա կապել հայերի նկատմամբ Թրամփի ունեցած դիրքորոշման հետ։ Ինչ վերաբերում է ամերիկյան մամուլին, շատ բան աչքովս չի ընկել, բայց, կարծեմ, հատուկ ուշադրություն չեն դարձրել։

- Քիմ Քարդաշյանի ամուսին Քանիե Վեսթը հայտարարել է, որ առաջադրվելու է հանրապետականների կողմից։ Փաստորեն, նախագահի հանրապետական սեւամորթ թեկնածու, որը նաեւ հայազգի փեսա է։ Սա հայերի շրջանում ոգեւորություն առաջացրե՞լ է։

- Շուտ է այդ մասին խոսելը, որովհետեւ հայերն ընդհանրապես ուշ են արձագանքում։ Հատկապես որ հայկական մամուլն այստեղ հավերժ չկողմնորոշված է, ահագին ժամանակ է իրենց պետք, որ ինչ-որ հարցի վերաբերյալ կողմնորոշվեն «հայկական գաղութում»։ Իրենք իրենց «գաղութ» են անվանում։ Դրա համար, կրկին, աչքս չի ընկել։ Բայց նման քայլը շատերի մոտ շփոթ է առաջացնում։ Ինքս էլ, օրինակ, չգիտեմ, թե ինչպես մեկնաբանեմ։ Մի տեսակ լուրջ չեմ ընդունում իր քայլը, որովհետեւ ինքը Թրամփի համակիր է եղել մինչեւ հիմա։ Թրամփն էլ, չեմ կարծում, որ նման էժան քայլի գնար՝ հատուկ իրեն ասպարեզ հաներ, որ իբրեւ թե սեւամորթ բնակչությանը սիրաշահեր։ Նախ, դրա կարիքը չունի, քանի որ սեւամորթների «լիդերշիփը»՝ բոլոր կարեւոր դեմքերը թրամփական են։ Հիմնականում ստորին զանգվածն է, որ, լիբերալների ազդեցության տակ ընկած, տեռորով է զբաղված։ Թրամփը՝ ինքը, սեւամորթների հետ խնդիր չունի, որովհետեւ իր օրոք ամենացածրը եղել է սեւամորթ բնակչության գործազրկության տոկոսը եւ ամենաբարձրը՝ նրանց կրթական մակարդակի ցուցանիշը։ Այնպես որ, Թրամփն այդ քայլին գնալու հատուկ խնդիր չունի, բայց կարող է Քանիեն իր կողմից է քայլ արել՝ փորձելով սեւամորթներին դեպի էսկողմ քաշել։ Ինքն էլ ինչ-որ մի ընտրարշավի պես մի բան անի, իր ասելիքն ասի, նա միշտ էլ խոսացել է, ակտիվ է եղել։ Այդպես կարելի է բացատրել այդ քայլը։

- Իսկ Քիմին որպես հային կին ունենալն ամերիկյան էլեկտորատի համար աշխատո՞ղ տարբերակ է։

- Ամերիկյան շրջանակների մոտ ամուսնու արած քայլը կարող է ինչ-որ ձեւով սեւամորթներին քաշել Թրամփի կողմը։ Բայց նորից եմ ասում՝ Թրամփը դրա կարիքը չունի։ Եթե ընտրությունների ժամանակ լիբերալները բացահայտ ստորությունների չգնան, բացահայտ, քանի որ արդեն սկսել են ստորությունները, ասենք՝ էս «կորոնավիրուս» կոչված խեղկատակությունը շարունակվի, տնից էլեկտրոնային ընտրություններ չկազմակերպվեն։ Եթե նման քայլերի չգնան, Թրամփն ուղղակի կջախջախի, որովհետեւ նա մրցակից չունի։ Էդ ծերուկն արդեն․․․ (Ջո Բայդեն) նրա հետեւից Գաբրիել հրեշտակի գալու ժամանակն է։ Անգամ մի րոպե առաջ խոսացածն է մոռանում։ Սրանց հույսը բացահայտ կեղծիքների ու ստորությունների գնալն է։ Վերջերս ինֆորմացիա եղավ, թե Google-ն ինչ քայլերի է ուզում գնալ։ Փաստեր են բերվում, որ Հիլարի Քլինթոնի օգտին 2-3 միլիոն ձայն են լցրել նախորդ ընտրություններում։ Հիմա ծրագրում են մինչեւ անգամ տասուկես միլիոնի հասցնել։ Այնպես որ, գեղանկարչությունը նաեւ Ամերիկայում է սկսված, այն երկրում, որտեղ մարդիկ 1 քվեի համար դատարաններ կգնային, պատերազմ կհայտարարեին, եթե մի հոգու քվեն գողացվեր։ Էսօրվա ԱՄՆ-ում լիբերալներն արդեն գնում են այդ մակարդակի ստորությունների։ Թեեւ չեմ կարծում, որ բանը դրան հասնի, քանի որ ժողովրդի աչքերը շատ արագ բացվում են, եւ Թրամփն ահռելի թվով համախոհներ ունի, մանավանդ՝ մեջտեղի նահանգներում, որտեղ տիպիկ յանկիներ են ապրում, այս 2՝ ատլանտյան եւ խաղաղօվկիանոսյան ափերն են, որ լցված են  դեմոկրատներով։ Բայց եթե գնացին, իմ կարծիքով՝ ամերիկացիները ոտքի կկանգնեն։ Չեմ զարմանա, եթե անգամ՝ զինված։ Գիտեք, այստեղ բոլորը զինված են, ու էս դեպքերից հետո զենքի խանութներում ոչինչ չկա, դատարկ են, փամփուշտներն անգամ վաճառված են։ Եվ հիմա ամեն ինչ հնարավոր է, քանի որ դեմոկրատ-բոլշեւիկները, տանուլ տալով այս ընտրությունները, կորցնելու են ամեն ինչ․ ժողովրդի աչքերը շատ արագ բացվում են։ Եվ դրա համար էլ դեմոկրատներն այդքան կառչած են այս ընտրություններին, որ ինչ-որ մի հրաշքով կարողանան հաղթել Թրամփին։ Բայց չեմ կարծում, որովհետեւ ինչ անում են, հակառակ էֆեկտ է տալիս։ Նույնիսկ կիսազոմբիների աչքերը բացվում են, իսկ հենց դեմոկրատների կուսակցությունից էլ մարդիկ դուրս են գալիս, մտնում Թրամփի ճամբար։ Սա արդեն զանգվածային բնույթ է կրում։

- Իսկ հայ համա՞յնքը։

- Հայերն այստեղ ընդհանրապես հին «ձախության» մանկական հիվանդությամբ են տառապում։ Դա գալիս է պատմությունից, դրանք ձախակողմյան կարմրադրոշ կուսակցությունների դաստիարակած սերունդներն են։ Հայերը գենետիկ ձախեր են։ Հայերն Ադամ Շիֆի նման քաղաքական պոռնիկի ստրուկներն են։ Բառիս բուն իմաստով՝ ճորտերը մի մարդու, որն Ապրիլի 24-ից Ապրիլի 24 մի հատ «ցեղասպանություն» բառ օգտագործելով՝ շոյում է այս ողջ հայկական համայնքին։ Բայց ուրախալի է, որ նոր սերնդի մեջ կան շատ թրամփական հայեր։ Դա լուսավոր կետն է։

- Կորոնավիրուսի հետ կապված, որն անվանում եք «խեղկատակություն»․ Հայաստանի առողջապահության նախարարը հայտարարեց, որ սառը պատերազմի նման մի մրցավազք է սկսվել ապագայի՝ դեռ չփորձարկված վակցինան ունենալու համար։ Երկրներն էլ հերթ են կանգնել, Հայաստանն էլ գնալու է այդ ճանապարհով։

- Գլոբալիստները «համաճարակ» կոչված խեղկատակությունը հորինել են հատուկ Թրամփին խանգարելու համար․ Չինաստանի հետ «բիլ» են կնքել։ Սա ուղղված է Թրամփի դեմ։ Ինչո՞ւ, որովհետեւ նրա հաղթանակով, եթե չլինեն կեղծիքներ ու ստորություններ, սկսվում է ազգային ուժերի հաղթարշավն աշխարհով մեկ։ Տարածվելու է․ արդեն հասել է Եվրոպա ու գալու է մինչեւ մեր նման փոքր երկրներ։ Սա ուղղակի ազգերի ու գլոբալիստների պատերազմն է։ «Կամ-կամ»-ի հարց է դրված։ Կա՛մ սրանք աշխարհը կզոմբիացնեն, կա՛մ ազգերը կարթնանան եւ երկրորդ վերածնունդը կապրեն, ու դա սկսվելու է Ամերիկայից։ Իսկական ամերիկացին իր ազատությունը չի տա, արյուն կթափի, զենքով կպաշտպանի։ Եվ Ռեյգանի խոսքերն եմ ասում, որ եթե ազատությունը կորցնենք այստեղ՝ մեր երկրում, մենք գնալու տեղ չունենք։ Հիմա մենք այդ վիճակում ենք։ Եթե գլոբալիստ կոչված էս բոլշեւիկները կարողացան ազատությունն ԱՄՆ-ի ձեռքից վերցնել։ Ինչո՞ւ եմ բոլշեւիկ անվանում, որովհետեւ նույն աշխարհակալներն են։ Բոլշեւիկներն ի՞նչ են ուզում՝ աշխարհը գրավել, եկել-հասել են մինչեւ Կուբա։ Գլոբալիստները նույնն են, եւ դրա համար սա ազգերի ու հակազգիների պատերազմ է։

Առայժմ փամփուշտները չեմ տեսնում։ Եվ հիմա Ձեր հարցի շարունակությունը․ ուրեմն՝ գլոբալիստներն այստեղ կորոնավիրուսով իրենց ստորություններն են փորձում առաջ տանել՝ մարդկանց կալանավորել, տանը փակել, շփումներ չլինեն, որ մտքեր չփոխանակեն։ Այսպես՝ մինչեւ նոյեմբերի 3-ը, որ տնից ընտրություններով գնան կեղծիքների։ Հայաստանի նման պստլիկ բռնապետությունը, հանձին նախորդ եւ ներկա իշխանությունների, նրանց երբեք չեմ տարանջատում, որովհետեւ մեկը մեկի շարունակությունն է, ուղղակի իշխանության երկարաձգման խնդիր են լուծում։ Եվ Հայաստանում, քանի որ իրենք շատ լավ գիտեն, որ ժողովրդի մոտ ռեյտինգ չունեն, եւ բացահայտ հանցագործությունների են գնում, այդ միջոցով ուղղակի իշխանություն են երկարաձգում։ Իսկ ինչո՞ւ է Հայաստանի վրա այդպես հատուկ ուշադրություն դարձվում։ Ասենք՝ ինչո՞ւ է Սորոսը նստած Հայաստանում, ի վերջո, աշխարհում այդքան տեղ կա։ Նախ, որովհետեւ բոլոր տեղերից վռնդվել է։ Իսկ երկրորդ․ Հայաստանը կարեւոր աշխարհագրական դիրք ունի ինչպես աշխարհամասերի հանգուցային կետերի առումով, այնպես էլ հայերն ունեն հրեաների պես հսկա՝ 10 միլիոնանոց սփյուռք, տասը հայից ինը դրսում է ապրում, ուզում են ամբողջ այս զանգվածին ձեռք գցել։ Դրա համար Հայաստանի նկատմամբ հատուկ ուշադրություն կա Սորոս կոչված անազգ, ազգեր ոչնչացնող այդ գլոբալիստի կողմից։ Դրա համար այդպես պինդ նստել են Հայաստանում եւ լարիսաների միջոցով կառավարում են այս խելագար առաջնորդին։ Հիմա Հայաստանում ուղղակի իշխանության պահպանման, իրենց անձնական ապահովության խնդիր են լուծում, որովհետեւ չգիտեմ, թե ինչով այդ ամենը կվերջանա, եթե ժողովուրդն ազատ լինի։ Չի բացառվում, չէ՞, որ դրանք բոլորը խիստ դատաստանի արժանանան։