Ախորժակը մեծանու՞մ է. Թրամփն աչք է դրել Զապորոժիեի ԱԷԿ-ի վրա

ԱՄՆ-ն առաջարկել է Զապորոժիեի ատոմակայանի (ԶԱԷԿ) շրջակայքը դարձնել Վաշինգտոնի վերահսկողության տակ գտնվող չեզոք գոտի՝ որպես Ուկրաինայում խաղաղ կարգավորման մի մաս, ամերիկյան կառավարական շրջանակների աղբյուրները հայտնել են Wall Street Journal-ին։
Ըստ նրանց՝ Եվրոպայի ամենամեծ ատոմակայանն այնուհետև էլեկտրաէներգիա կտրամադրի ինչպես Ուկրաինային, այնպես էլ՝ Ռուսաստանի կողմից վերահսկվող շրջաններին, որոնք, ենթադրաբար, խաղաղության կնքումից հետո կմնան նրա վերահսկողության տակ։
WSJ-ի աղբյուրները մանրամասներ չեն հայտնել չեզոք գոտու սահմանների, դրա նկատմամբ վերահսկողության մեխանիզմների և հենց կայանի հետ կապված։ Հայտնի չէ նաև, թե ով է կառավարելու ԶԱԷԿ-ը, եթե այս պլանը կյանքի կոչվի։
Մարտի սկզբին Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտը հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինային օգնություն է առաջարկել ատոմակայանների կառավարման հարցում։ Նրա խոսքով, ԱՄՆ-ի վերահսկողությունն այդ օբյեկտների վրա կլինի ենթակառուցվածքների լավագույն պաշտպանությունը և Ուկրաինայի էներգետիկ համակարգի աջակցությունը։
Ավելի ուշ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պարզաբանել է, որ խոսքը բացառապես ԶԱԷԿ-ի մասին է։
Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Զապորոժիեի մարզի Էներգոդար քաղաքում, որը ռուսական բանակը գրավել էր 2022 թվականի փետրվարին լայնածավալ ներխուժման առաջին օրերին: Նույն թվականի սեպտեմբերին Պուտինը հայտարարեց Ուկրաինայի չորս շրջանների, այդ թվում՝ Զապորոժիեի անեքսիայի մասին: Չորս տարի շարունակվող պատերազմի ընթացքում Մոսկվան և Կիևը բազմիցս միմյանց մեղադրել են ԶԱԷԿ-ի վրա հարձակումների մեջ։ Կայանի բոլոր ռեակտորները ներկայումս գտնվում են սառը անջատման ռեժիմում:
Կարծիքներ