Ռուսական ընկերությունը վճռաբեկ բողոք է ներկայացրել

Ռուսական ընկերությունը վճռաբեկ բողոք է ներկայացրել

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն մի քանի անգամ փորձել է դիմել վարչական դատարան, պահանջելով, որ ֆինանսների նախարարությունն ընկերությանը տրամադրի երկու տարի առաջ իրականացված ստուգումների վերաբերյալ փաստաթղթերը: Այդ փաստաթղթերի հիման վրա, որոնք «Երկաթուղին» չի էլ տեսել, չարաշահումների վերաբերյալ քրեական գործ է հարուցված, ստուգվում են ռուսական ընկերության ներդրումային ողջ պատմությունը, 10 տարվա գործունեությունը, պետությանը հասցված վնասի չափ է որոշվում: 

Ինչպես հիշում ենք, 2018 թվականի սեպտեմբերին «Կոմերսանտին» տված հարցազրույցում Փաշինյանը հայտարարել էր, որ խոսքը մոտ 60 մլն դոլար խախտումների մասին է, մասնավորապես՝ թաքցված հարկերի, սակայն ՀԿԵ-ին հրաժարվում են տրամադրել ստուգման ակտին կից փաստաթղթերը:

Վարչական դատարանն ամեն կերպ հրաժարվում էր ընդունել ՀԿԵ պահանջը՝ պարտավորեցնել ֆիննախին, որ իրենց տրամադրեն այդ փաստաթղթերը: Երկու անգամ հայցը վերադարձրել է «երկաթուղուն», իսկ վերաքննիչ դատարանը երկու անգամ մերժել է ընկերության բողոքն ընդդեմ հայցը վերադարձնելու վերաբերյալ մինչդատական ակտերի: Վերջապես վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել ՀԿԵ բողոքը: Այս մասին հայտնեց ՀԿԵ շահերը ներկայացնող փաստաբան Էմիլ Ամիրխանյանը: «Սպասում ենք վճռաբեկ դատարանի նիստին: Մենք ուզում էինք ունենալ ստուգման ակտի հիմքում դրված փաստաթղթերը, որովհետեւ, եթե ստուգում ես իրականացնում, ակտ ես կազմում խախտումների վերաբերյալ ու հիմքում դնում ես որոշակի փաստաթղթեր, մյուս կողմին պետք է տրամադրես այդ փաստաթղթերը, որ մյուս կողմն իմանա, թե այն խախտումները, որ դու արձանագրել ես, որքանով են հիմնավորված: Սա արդար դատաքննության իրավունքի հիմնարար տարր է հանդիսանում, ու չտրամադրելը նշանակում է, որ մի բան այն չէ»,- ասաց փաստաբանը:
Հիշեցման կարգով նշենք, որ ՔԿ քննիչները 2018-ի օգոստոսի 15-ին՝ դիմակավորված անձանց ուղեկցությամբ, մտել էին ռուսական ընկերություն եւ առգրավել բոլոր ֆինանսական փաստաթղթերը՝ 2008-ից մինչեւ 2018 թվի օգոստոսի 15-ը։ Մինչդեռ գործը հարուցված էր ավելացված արժեքի հարկի գծով 9,7 միլիոն դրամ պետությանը չվճարելու փաստով։ Դատարանի որոշումն էլ, որով թույլ է տրվել Քննչական կոմիտեին առգրավել ընկերության հաշվապահական փաստաթղթերը, վերաբերում էր բացառապես ԱԱՀ վճարմանն առնչվող փաստաթղթերին եւ միմիայն 2015 թվականից սկսած։ 

Դրա վերաբերյալ ՀԿԵ խոսնակը «Հրապարակին» ասել է. «Մեզ կասկածում են 9,7 մլն դրամ ԱԱՀ չմուծելու մեջ՝ այն դեպքում, երբ դրա տասնապատիկը գերավճարի տեսքով արդեն պահել են»։ 
Հիշեցնենք նաեւ, որ օրեր առաջ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, պատասխանելով գազի գնի բարձր լինելու հարցին, նկատեց, որ «գործընկերային հարաբերությունները» փոխադարձ են լինում․ երբ ՀՀ իշխանությունը ռուսական ընկերությունների նկատմամբ դատական գործընթացներ է հարուցում, պետք է հիշի, որ ամեն ինչ փոխադարձ է, եւ անգամ, որպես օրինակ, մատնանշեց Հարավկովկասյան երկաթուղու նկատմամբ իրականացվող իրավական գործընթացները։