Նոր համաձայնագիր` Ռուսաստանի հետ

Նոր համաձայնագիր` Ռուսաստանի հետ

Նիկոլ Փաշինյանը շարունակում է լարախաղացությունը արտաքին քաղաքական հարթակում, մի կողմից Հայաստան է հրավիրում ԵՄ դիտորդներին, որոնք երկու տարի ժամկետով պետք է դիտորդական առաքելություն իրականացնեն ՀՀ ողջ սահմանով մեկ, մյուս կողմից խորհրդարանի վավերացմանն է ուղարկել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև տեղեկատվական անվտանգության ապահովման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը, որի մասին ՌԴ-ի հետ պայմանավորվածության էին եկել դեռեւս անցած տարվա սկզբներին:

Ըստ հիմնավորման՝ համաձայնագրի կիրարկմամբ նախատեսվում է նպաստել տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում ՀՀ-ի և ՌԴ-ի միջև փոխգործակցության ընդլայնմանը, ներառյալ՝ սպառնալիքների վերաբերյալ տեղեկատվության փոխանակմանը և դրանց համատեղ դիմակայմանը, տեղեկատվական անվտանգության ապահովման նպատակով վստահության ամրապնդման միջոցառումների համաձայնեցմանն ու իրականացմանը, օրենսդրական դաշտի վերաբերյալ տեղեկատվության փոխանակմանը, ոլորտը կարգավորող իրավական դաշտի զարգացմանը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում գործունեության համակարգմանը, ինչպես նաև կարողությունների զարգացմանը` տարբեր ուղղություններով: