Քենեդու սպանության գործից փորձել են փաստաթուղթ թաքցնել 

Քենեդու սպանության գործից փորձել են փաստաթուղթ թաքցնել 

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունն ու Ավստրալիայի հատուկ ծառայությունները փորձել են թույլ չտալ Քենեդու սպանության գործում եղած այն փաստաթղթի գաղտնազերծումը, որում խոսվում է ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդու դեմ իրականացված հարձակման նախապատրաստության մասին։ Փաստաթղթերը հրապարակվել են ԱՄՆ Ազգային արխիվի կայքում։ ԿՀՎ հետ ունեցած նամակագրությունից պարզ է դառնում, որ ԿՀՎ-ն հորդորել է չհրապարակել այդ փաստաթուղթը, ինչին պատասխան է տրվել, որ նպատակ չի եղել կոնկրետ այդ փաստաթուղթը հանրայնացնել, սակայն եթե ապագայում նման հարց առաջ գա, ապա ԿՀՎ խնդրանքը հաշվի կառնվի։ Նամակի հիմքում Կանբերայի ամերիկյան դեսպանատուն կատարված անանուն հեռախոսազանգն է՝ Քենեդու սպանությունից մի քանի օր անց։ Զանգահարողը ներկայացել է որպես խորհրդային դեսպանատան լեհ վարորդ եւ հայտարարել, որ խորհրդային կառավարությունն է ֆինանսավորել Քենեդու սպանությունը։

Նշվել է նաեւ գումարի չափը՝ հարյուր հազար դոլար։ Ավստրալական հատուկ ծառայություններն այդ զանգը կատարողին համարել են հոգեպես անհավասարակշիռ անձ։ Չեն կարողացել նույնականացնել, թե ով է եղել զանգողը։ Սակայն փաստաթողթ է կազմվել, որն ուղարկվել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչություն։ Չնայած այս ամենին՝ 1968 թվականին եւ Ավստրալիայի, եւ ԱՄՆ հատուկ ծառայությունները խորհուրդ չեն տվել այդ փաստաթուղթը հանրայնացնել։