«Մենք չկարողացանք կանգնեցնել պատերազմը». Էրդողան

«Մենք չկարողացանք կանգնեցնել պատերազմը». Էրդողան

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղություն գտնելու՝ Թուրքիայի նախաձեռնությունները չեն իրականացվել աջակցության բացակայության պատճառով և իրականում սաբոտաժի են ենթարկվել։ 
Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումի պաշտոնական բացման ժամանակ։

«Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը շարունակվում է ավելի քան երկու տարի։ Անթալիայում տրվեց ստամբուլյան (խաղաղության) գործընթացի մեկնարկը։ Այն ժամանակ խաղաղության հասնելու հույսերը նոր մակարդակի հասան։

Բայց, ցավոք, անհրաժեշտ աջակցության բացակայության պատճառով մեր ջանքերն ապարդյուն անցան։ Խաղաղության հասնելու, ավերածություններից խուսափելու և տասնյակ հազարավոր կյանքեր փրկելու պատմական հնարավորությունն իրականում բաց թողնվեց, իսկ ավելի ճիշտ՝ սաբոտաժ տեղի ունեցավ»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։

Նա նշել է, որ «Սիրիայում, Եմենում, Լիբիայում և Ուկրաինայում ճգնաժամերը ցույց են տվել, որ ներկայիս միջազգային համակարգը բացարձակապես անարդյունավետ է»։ 

«Բայց կանոնների վրա հիմնված այս համակարգի սնանկությունն առավել ակնհայտ է Գազայում: Այն, ինչ կատարվում է Գազայում, հաստատ պատերազմ չէ, դա ցեղասպանության փորձ է։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը և միջազգային կազմակերպությունները քայլեր չեն ձեռնարկել արյունահեղությունը դադարեցնելու համար»,- ասել է Էրդողանը։