Դաստիարակությունս թույլ չի տալիս ոչ նորմալ բառապաշարով արտահայտվել

Արմավիրի դպրոցներից մեկի փոխտնօրենին, որի անձն իր խնդրանքով չենք բացահայտում, վրդովեցրել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ ամսական 75 հազար դրամ աշխատավարձ ստացողների մասին։ Վարչապետն ասել էր՝ եթե մարդն ամսական 75 հազար դրամով աշխատում է, նշանակում է՝ նա նորմալ կրթություն չի ստացել։
«Նորմալ կրթությունից խոսում է մեկը, որի կրթությունը թերի բարձրագույն է, որի խոսքն ու գործն իրար հակոտնյա են։ Պետք չէ չարախնդալ նվազագույն աշխատավարձ ստացող ուսուցչի, բուժաշխատողի, գրադարանավարի կամ այլ մասնագետի վրա, որոնք համաձայնել են ցածր վարձատրությամբ աշխատել, որովհետեւ ընտանիք են պահում։ Իմ կարծիքով՝ վարչապետը դիտավորյալ է նման հայտարարություններ անում, նախ՝ կառավարման իր ապաշնորհությունն արդարացնելու եւ, երկրորդ՝ մասնագետներին սեւացնելու ու նրանց մեղքի զգացողության մեջ պահելու համար»,- կարծիք հայտնեց զրուցակիցս։
Նա ԵՊՀ-ի շրջանավարտ է։ Ճիշտ է՝ աշխատավարձը 75 հազարից փոքր-ինչ բարձր է, բայց, իր ձեւակերպմամբ, անարժանապատիվ վարձատրություն է։ Աշխատանքային հարուստ կենսագրություն ունի, տարբեր հիմնարկներում պատասխանատու պաշտոններ է վարել, բայց արդարամտության պատճառով բոլոր ղեկավարների հետ խնդիրներ է ունեցել, ինչի հետեւանքով մոտ 10 տարի մնացել է անաշխատանք։ Դպրոց է մտել 2007 թվականին ու մինչեւ հիմա այնտեղ է։
«Ցավալի է տեսնել, թե պետությունն ինչպես է նսեմացնում ուսուցչին, ինչպես է նրան կամաց-կամաց մղում լուսանցք։ Եթե ուզում է գրագետ, խելացի ու արժանապատվություն ունեցող սերունդ կրթել, պետք է վերանայի հանրակրթության նոր չափորոշիչները։ Չի կարելի դեգրադացման տանող ծրագրով լուրջ ակնկալիքներ ունենալ դպրոցից, չի կարելի ծիծաղելի աշխատավարձով սեր ու նվիրում պահանջել ուսուցչից։ Չնայած, այդ խղճուկ գումարով էլ ուսուցիչն ինքնամոռաց աշխատում է, իր հնարավորություններից ավելի բեռ է վերցնում ու պատվով տանում։ Այն ծանրաբեռնվածությունը, որի տակ հայտնվել է ուսուցիչը, նվազագույնը 1 մլն դրամ աշխատավարձի կշիռ ունի։ Թող պետությունն այդքան վճարի եւ այլեւս չփորձի հեգնանքով խոսել իր իսկ սահմանած աշխատավարձով ընտանիք պահողի մասին»։
Զրուցակիցս սեփական մոնիթորինգ է անցկացրել Արմավիրում։ Ըստ նրա՝ բարձր աշխատավարձ են ստանում նրանք, ովքեր հանգիստ տեղավորվում են կոռուպցիայի մեջ, կարողանում են փող բերել։ Ասում է՝ կաշառակերությունն ու հովանավորչությունը կոռուպցիայի երկու թեւերն են, եթե դրանցով օժտված ես, պետական համակարգում աշխատանք կգտնես, հակառակ դեպքում կմնաս անգործ կամ, բարձրագույնի դիպլոմը ձեռքիդ, կհայտնվես աշխատաշուկայում՝ նույնիսկ 75 հազար դրամ աշխատավարձի փնտրտուքով։
«Վիրավորված եմ, բայց կրթությունս ու դաստիարակությունս թույլ չեն տալիս ոչ նորմալ բառապաշարով արտահայտվել ստեղծված իրավիճակի մասին։ Եթե թիմի անդամ ես, ամեն ինչ կարելի է` է՛լ պատգամավորի մանդատ, է՛լ նախարար ու վարչության պետ, է՛լ բարձր աշխատավարձ ու պարգեւավճար։ Իսկ եթե իրենցից չես, ապրիր՝ ինչպես կարող ես։ Չեմ ընդունում նաեւ «թիմ» ասվածը։ Տպավորություն է, թե խաղերի մեջ ենք, ու մի կողմն անընդհատ պարտվում է։ Ցավալիորեն, այդ մի կողմում միշտ ժողովուրդն է, որին, իր կամքից անկախ, տանում են դեգրադացման․ քիչ են վարձատրում, որ վարկ վերցնի։ Քիչ ստանա` վարկ վերցնի, վարկ վերցնի՝ տոկոս մարի, տոկոս մարի՝ վարկ վերցնի, նորից մարի, նորից վերցնի… Եթե այսքան տխուր չլիներ, իրոք ծիծաղելի կլիներ»,- վարչապետի հայտնի ելույթի հանգույն ասաց զրուցակիցս։
Արեգ Մարգարյան
Կարծիքներ