Պարտադրանք կա, որովհետեւ տուգանքը լինելու է դպրոցի տնօրենի գրպանից

Պարտադրանք կա, որովհետեւ տուգանքը լինելու է դպրոցի տնօրենի գրպանից

Հոկտեմբերի 1-ին քովիդի թեստի բացասական պատասխան կամ պատվաստումը հաստատող սերտիֆիկատ ներկայացնելը պարտադիր չէ, թեեւ առողջապահության նախարարի հրամանն ուժի մեջ է մտնում հենց այդ օրվանից։ Առողջապահության նախարարի մամուլի խոսնակը նախօրեին հայտնեց, որ քաղաքացիները կարող են թեստի կամ պատվաստման թուղթը ներկայացնել 14 օրվա ընթացքում՝ մինչեւ հոկտեմբերի 14-ը։ Հաջորդիվ նույն բանը կրկնեց նաեւ արդարադատության նախարարության մամուլի խոսնակը՝ նշելով, որ արդարադատության նախարարությունը ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը կիրառելու է 14.10.2021-ից։

Ինչպես շատ հիմնարկներում, այնպես էլ հանրակրթական դպրոցներում, որտեղ թեստավորման գործընթացն ավարտվել է դեռ սեպտեմբերի 29-ին, այս տեղեկատվությունը նոր կրքեր բորբոքեց, որովհետեւ ուղղակիորեն հարվածեց բոլորի գրպանին, ստացվում է՝ մարդիկ լրացուցիչ ծախս են արել ու անիմաստ թեստ հանձնել։  

Ա. Արմենակյանի անվան թիվ 26 հիմնական դպրոցի տնօրեն Թեհմինե Արմենակյանն ասում է, որ իրենց դպրոցում 27 մանկավարժից 14-ը պատվաստված է, մյուս բոլորն էլ արդեն հասցրել էին ՊՇՌ թեստեր հանձնել, ինչն ավելորդ ֆինանսական բեռի տակ գցեց ուսուցիչներին, որովհետեւ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատն առավելագույնը 72 ժամ վաղեմություն պետք է ունենա․ «Հիմա ստացվում է, որ 14 օր հետո ստիպված են նորից հանձնել, ինչն ավելորդ ծախս է»,- ասում է տնօրենն ու նշում, որ կոլեկտիվ հայտով դիմել են «Էկոսենս» լաբորատորիային, որոնք 7 հազար դրամով են թեստավորել ուսուցիչներին։ Ունեն ուսուցիչներ, ովքեր, առողջական խնդիրներով պայմանավորված, չեն թեստավորվել, մեկը նաեւ հղի է, կան նաեւ այնպիսիք, ովքեր սկզբունքորեն դեմ են պատվաստմանը եւ պատրաստվում են միայն թեստավորվել։

Ասում է՝ ճիշտ կլիներ, որ գոնե հանրակրթության ոլորտի աշխատակիցներին ընդառաջեին եւ անվճար թեստավորեին։ «Եթե սոցփաթեթի շրջանակներում լիներ, ճիշտ կլիներ, որովհետեւ մարդիկ առանց այն էլ ցածր աշխավարձ ունեն, մենք ունենք ուսուցիչ, ով ընդամենը 20 հազար դրամ է ստանում եւ ստիպված է 2 անգամ թեստավորվել։ Այսինքն՝ այլընտրանք չի մնում, փակուղի է, ու ստիպված պետք է պատվաստվի՝ անկախ իր ցանկությունից, այլապես պետք է աշխատի եւ վճարի թեստավորման գումարները։ Ունեինք ուսուցչուհի, որ չէր ուզում, բայց ստիպված պատվաստվեց, որովհետեւ այդ 20-24 հազար դրամը պետք էր իրեն ապրելու համար,- ասում է տնօրենն ու հավելում, որ այս հրամանը, ըստ էության, մարդկանց երկընտրանքի առաջ է կանգնեցնում։- Մենք մեկ ուսուցիչ ունենք, որ երիտասարդ տղա է ու կտրականապես դեմ է պատվաստվելուն եւ իր հաշվին թեստավորվելուն, բայց կարծում եմ՝ ի վերջո կթեստավորվի, որ ո՛չ ինքը խնդիր ունենա, ո՛չ մենք»։

Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի հիմնական դպրոցի տնտեսվար Վանո Կարապետյանն ասում է, որ նախարարի 65-Ն հրամանի մեջ հստակեցված չէ՝ աշխատողը հոկտեմբերի 1-ի՞ց պետք է ներկայացնի ՊՇՌ թեստը կամ պատվաստման սերտիֆիկատը, թե՞ ամսի 1-14-ն ընկած ժամանակահատվածում։

«Հրամանը, որ եկել-հասել է տնօրեններին, նրանց վախեցրել է, որովհետեւ, եթե աշխատողն այդ թղթերը չի բերում, վարչական տույժի է ենթարկվում հիմնարկի տնօրենը»,- ասում է ու նշում, որ այս հարցը պարզելու համար զանգահարել են առողջապահության նախարարություն, բայց իրենց զանգերին պատասխանող չի եղել։-Բանավոր կարգադրությունները որեւէ էական նշանակություն չունեն, որովհետեւ հենց այդ հրամանի մեջ դա գրված չէ։ Առողջապահության նախարարի խոսնակն ասում է, որ հոկտեմբերի 1-14-ն ընկած ժամանակահատվածում կարող է գործատուն պահանջել, բայց այդ ժամանակահատվածը ֆիքսված չէ նախարարի 65-Ն որոշման մեջ։ Իսկ մարդիկ ունեն մտավախություն, օրինակ՝ դպրոցի տնօրենները, որովհետեւ պիտի շարժվեն դրա հիման վրա, բայց հրամանում էլ դա կարգավորված չէ։ Մեր լիազոր մարմինը համարվում է մարզպետարանը, ով հրաման չի ուղարկում եւ ասում է՝ մամուլից ենք իմացել, բայց դա ի՞նչ նշանակություն ունի, մամուլում կարող է ինֆորմացիան ճիշտ է կամ սխալ»։

Վ․ Կարապետյանը հակասություն է տեսնում ԱՆ մոտեցումների մեջ․ «Իրենք ասում են, որ պատվաստված անձը կարող է ե՛ւ վարակվել, ե՛ւ վարակը տարածել։ Իսկ ՊՇՌ թեստ պահանջում են միայն այն անձանցից, որոնք չեն պատվաստվել, այսինքն՝ հավասարություն այդ առումով չկա։ Հետո՝ կրթական համակարգում աշխատավարձերը շատ ցածր են, օրինակ՝ քառորդ դրույքով աշխատող ուսուցիչը ստանում է ամսական 25 հազար դրամ աշխատավարձ, ինքն ինչպե՞ս ամիսը 2 անգամ թեստավորվի, ինչքան էլ թեստավորումն իջեցրել են 7-8 հազար դրամ, չէ՞ որ նաեւ վաղեմության ժամկետի խնդիր կա»։  

Շատ դեպքերում տնօրենների կողմից առկա է նաեւ պարտադրանք, ինչը զրուցակիցս բացատրում է նրանով, որ տուգանքը լինելու է դպրոցի տնօրենի գրպանից։ «Մոտ 100 հազար դրամի չափ է, որը ոչ թե հիմնարկի բյուջեից է գնալու, այլ տնօրենի գրպանից, դրա համար տնօրենները շահագրգռված են, որ իրենց աշխատողները գնան ու պատվաստվեն։ Ամբողջ խնդիրը սա է։ Տնօրենները հակված չեն ստիպել իրենց աշխատողներին, բայց այլընտրանք չեն թողնում եւ կպնում են տնօրենի անձնական գրպանին»,- ասում է նա ու նշում, որ իրենց դպրոցում մի քանի հոգի կան, որ չի պատվաստվել, որից մեկն ինքն է, որոշել է սպասել, քանի որ վերոնշյալ հրամանը դատարանում վիճարկվում է, ըստ այդմ՝ կկողմնորոշվի։