«Խորաթափանց» մտավարժանքներ 

«Խորաթափանց» մտավարժանքներ 

Ես զարմանում եմ, երբ լրագրողները որպես լուրջ քաղաքական գործչի խոսափող են տրամադրում մի մարդու, ով հայտնի էր ավելի շատ ոչ թե իր կուսակցությամբ ու նույնիսկ իր անձով, այլ Արցախյան հաղթական պատերազմում հսկայական դերակատարում ունեցած Վազգեն Սարգսյանի եղբայրը լինելու հանգամանքով: Ինչևէ, իշխանամետ կուսակցություններից մեկի ղեկավար Արամ Սարգսյանը հյուրընկալվել էր նախկիններին ընդդիմադիր մնացած լրատվամիջոցներից մեկին և «խորաթափանց» դատողություններով լցրել համացանցային եթերը: Սկսենք մի այսպիսի դատողությամբ՝ մեր տարածաշրջանից Թրամփի օրոք ԱՄՆ-ի հեռանալը թույլ էր տվել Ռուսաստանին ու Թուրքիային Սիրիայի հարցում համագործակցելու և լուծում գտնելու:

Ու ըստ այդ լուծման 2020 թվականի 44-օրյա պատերազմի արդյունքում պետք է գոյություն ունենային համազոր, նույն կարգավիճակով միջանցքներ՝ Ղարաբաղը Հայաստանի և Թուրքիան Ադրբեջանի հետ կապող՝ Ռուսաստան վերահսկողության ներքո: Դրանով ՌԴ-ն Հայաստանը սարքում էր Թաթարստանի նման երկիր, փակում էր Իրանի գազի հնարավոր ելքը դեպի Եվրոպա, հետո էլ հասնում սովետական չգիտեմ ինչի վերականգնմանը Միջին Ասիայից մինչև Ուկրաինա ու Մոլդովա:

Այսպիսով, պարոնը լսողին մատուցեց մի մեծ աջափսանդալ Մինսկի խմբի ճակատագրի վերաբերյալ ընդամենը մի պարզ, հակառուսական ենթատեքստով, հարցին ի պատասխան: Առաջին, Սիրիայի հարցում ՌԴ-ն Թուրքիայի հետ չի համագործակցում: Եվ ինչպես կարող է համագործակցել, եթե ՌԴ-ն աջակցում է Սիրիայի գործող իշխանությանը, իսկ Թուրքիայն իր համար անվտանգային գոտի է ստեղծում Սիրիայի հյուսիսով այդ երկրի տարածքի հաշվին (ճիշտ այնպես, ինչպես Իրաքի դեպքում): Այսինքն՝ Թուրքիան թշնամական գործողություններ է իրականացնում Սիրիայի նկատմամբ: Սիրիայի հարցում ՌԴ-Թուրքիա համագործակցության բացակայությունը մի քանի տարի առաջ հանգեցրել է նույնիսկ ռուսական ռազմական օդանավ խոցելուն: Դա չի նշանակում, թե մարտավարական առումով բացարձակ չեն կարող լինել փոխշփման եզրեր, բայց դա այն համագործակցությունը չէ, որի մասին խոսում է բանախոսը: 

Երկրորդ, Սիրիայի օրինակի տրամաբանությունը չի կարող գործել Հայաստանի դեպքում, որը շուրջ երկու դար գտնվում էր Ռուսաստանի կազմում, իսկ այժմ անմիջականորեն գտնվում է նրա ազդեցության գոտում և նրա հետ կապված է փոխօգնության պայմանագրով: դրան գումարենք Արցախի պահպանման երաշխավորությունը, որից ձեռքերը լվացել է ՀՀ գործող իշխանությունը՝ բանախոսի իշխանությունը: Վրաստանն ու Ադրբեջանն, օրինակ, փորձեցին դուրս գալ այդ գոտուց, բայց վա՜յ էն դուրս գալուն: Առաջինին դա տարածքային կորուստներ արժեցավ, իսկ երկրորդին՝ ռուսական զորաջոկատի առկայություն նրա գրաված հայկական տարածքում: Ինչ մնում է ՀՀ-Արցախ և Թուրքիա-Ադրբեջան միջանցքներին, ապա դա ՌԴ-ի համար պատերազմ սկսելու նպատակ չէր, եթե նույնիսկ ադրբեջանական ագրեսիան ոմանք ընկալեն որպես այդպիսին: Եթե նման նպատակ լիներ, ապա 2020 թվականի ամռանը ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբը չէր մշակի և Հայաստանին չէր տրամադրի ենթադրյալ պատերազմի դեպքում մեր գործողությունների պլանը, ինչը որևէ ուշադրության չարժանացավ վարչապետ կոչված անձի կողմից: 

Երրորդ, արևմտյան իր աղբյուրներին (դա ինձ հիշեցրեց ընդդիմադիր Նիկոլի կողմից սիրված՝ օդում կախված լուրերի հանգամանքը) հղում անող պարոնը վստահ է, որ «նոյեմբերի 6-ին պատրաստ է եղել փաստաթուղթ, որտեղ գրված է եղել Մեղրի միջանցք»: Եվ Հայաստանի իշխանություններն, ըստ նրա, չեն ստորագրել այն՝ չնայած ենթարկել են ճնշումների, սպառնալիք են ստացել, որ ադրբեջանցիները կմտնեն Ստեփանակերտ: Սակայն Հայաստանի իշխանությունները չեն գնացել դրան, դիմադրել են՝ մինչև որ  երեք օր անց եռակողմ հայտարարության մեջ «մտել է լղոզված 9-րդ կետը, որը որևէ կապ չուներ էն կոնֆլիկտի հետ»: Բանախոսին չի հետաքրքրում և լրագրողն էլ հարց չի տալիս, որ եթե Պուտինը նման ցանկություն ուներ, ապա ինչո՞ւ էր հոկտեմբերի 19-ին առաջարկում հրադադար կնքել՝ Շուշիի պահպանմամբ, և ինչո՞ւ էր Նիկոլը հրաժարվում դրանից: Դա՝ մեկ, և երկրորդ՝ եթե Նիկոլը դիմանում էր ճնշումների, ինչու էր արցախցիներին համատարած տեղահանել իրենց բնակավայրերից: Ցանկանում եմ պարոնին դիվանագիտական ոլորտից մի պարզ հուշում տալ՝ եթե այսօր Նիկոլը չլիներ Հայաստանի վարչապետը, ապա տրանսպորտային հաղորդակցության վերաբերյալ (իր բնութագրմամբ՝ լղոզված) 9-րդ կետի լղոզվածությունը հնարավոր կլիներ մեկնաբանել հօգուտ պարտված կողմի: Բայց դա հասկանալու համար ՀՀ ազգային հերոսի եղբայր լինելը բավարար չէ:   

Շարունակենք ունկնդրելը՝ «Փաշինյան Նիկոլը միջանցքի խոստում չի տվել, այդ խոստումը տվել է Վլ. Վլ. Պուտինը: Եվ նա ամեն ինչ անում է, որպեսզի տարածաշրջանային խնդիրները լուծվեն եռակողմ»: Թե ինչ խոստում է տվել Նիկոլը՝ մենք դա անընդհատ բացահայտում ենք և այն էլ՝ պատահականորեն: Եվ որքան հեռանում ենք 2020 թ.-ի նոյեմբերի 10-ից, այնքան բացահայտումները վկայում են Նիկոլի տրված խոստումների (կամ բանավոր պայմանավորվածությունների՝ ինչը նույն բանն է) վտանգավոր լինելը Հայաստանի համար: Ինչ վերաբերում է Վլ. Վլ. Պուտինի կողմից Թուրքիային և Ադրբեջանին ինչ-որ խոստումներ տալուն, ապա բանախոսը ՌԴ-ն շփոթում է Հայաստանի կամ Ադրբեջանի կարգի պետության հետ՝ իհարկե, առանց դա գիտակցելու: Դա՝ մեկ, և երկրորդ՝ երբ պատերազմից հետո Իլհամ Ալիևը խոսում էր «Զանգեզուրի միջանցքի» մասին՝ Նիկոլը ձայն չէր հանում: Բայց երբ ռուս պաշտոնյաները Երևանում հայտարարեցին, որ որևէ միջանցքի մասին խոսք չի գնում, դրանից հետո միայն Նիկոլը համարձակվեց հերքել միջանցքի գաղափարը: Այն, որ ռուսներն են այստեղ հայտարարել միջանցքի բացակայության մասին, նույնիսկ Նիկոլն ու իր կամակատարներն են խոստովանել: Ինչպես երևում է, պարոնը դա մոռացել է կամ հիշելու ցանկություն չունի: 

Ինչ մնում է տարածաշրջանային խնդիրները եռակողմ լուծելուն, ապա դժվար չէ գիտակցելը, որ եթե այդպես չլիներ, ապա թուրքական երկու երկրներն արդեն կուլ էին տվել թե՛ Արցախը և թե՛ Հայաստանը: Արևմուտքին էլ կմնար կրկին ցավակցություն հայտնելու հայ ժողովրդին, իսկ ռուսատյացներն էին կհայտարարեին, թե ռուսներն են մեղավոր, որ Արևմուտքը չօգնեց Հայաստանին: Առանց հասկանալու, որ օգնելու ցանկության դեպքում ոչինչ նրանց չէր կարող խանգարել: Բայց դա ընկալելու համար առնվազն պետք է ազատվել ռուսատյացության մտածողությունից ու իրականությունն ընկալել այնպես, ինչպես այն գոյություն ունի: Ինչը, դժբախտաբար, իրենք իրենց խելացի համարող բազմաթիվ մարդկանց հասու չէ: