Կորոնավիրուսի հետ կապված կասկածների դեպքում արցախցիներն ուղարկվում են Հայաստան

Կորոնավիրուսի հետ կապված կասկածների դեպքում արցախցիներն ուղարկվում են Հայաստան

Արցախում ևս ձևավորվել է կորոնավիրուսի դեմ պայքարի շտաբ։ ԱՀ և ՀՀ առողջապահության նախարարությունների միջև ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ Արցախից ուղարկված փորձանմուշների պատասխանները ստանում են օպերատիվ: Ըստ առողջապահության նախարարության տրամադրած տվյալների՝ առայսօր բոլոր պատասխանները բացասական են: Կորոնավիրուսով վարակվածության դեպք այսօրվա դրությամբ  չի հայտնաբերվել: Երեկվա դրությամբ ուղարկվել է 24 փորձանմուշ, որևէ դեպք չի հաստատվել։ 

Նաև ամենօրյա մշտադիտարկում է իրականացվում հանրակրթական և նախադպրոցական հիմնարկներում: Գործող չափորոշիչների համաձայն, 25 տոկոսից ավելի բացակայության դեպքում անհրաժեշտություն է առաջանում ժամանակավորապես դադարեցնել գործունեությունը:Այս մասին «Հրապարակին» հայտնեց Արցախի ԱՆ խոսնակ Մայա Ազատյանը՝ պատասխանելով հարցին, թե Արցախում կա՞ն կորոնավիրուսի ախտորոշման տեստեր։

Այսօրվա դրությամբ 232 դպրոցից 93-ի դասապրոցեսն ու բոլոր նախակրթարանների գործունեությունը դադարեցված է՝ վերին շնչուղիների սուր վարակի հետագա տարածումը կանխարգելելու նպատակով: Նաև՝  Արցախի Արտաքին գործերի և մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունների հետ մշակվել է հուշաթերթ, որտեղ բնակչությանն առաջարկվում է զերծ մնալ գործարար և զբոսաշրջային այցերից դեպի Չինաստան և կորոնավիրուսով հիվանդացության դեպքեր արձանագրած երկրներ, ինչպես նաև այդ երկրներից դեպի Արցախ զբոսաշրջային այցեր կազմակերպելուց: Ինչպես նաև՝  քաղաքացիների շրջանում շարունակվում են բացատրական աշխատանքները՝ կորոնավիրուսից, սուր շնչառական վարակներից խուսափելու վերաբերյալ։

Փետրվարի 26-ին ԱՀ առողջապահության նախարարությունն ու Ստեփանակերտի «Մետաքս կոմբինատ»-ը պայմանագիր են կնքել՝ օրական 1000-3000 դիմակ ապահովելու պայմանով: Աննհրաժեշտության դեպքում դիմակները անվճար կտրամադրվեն Արցախի քաղաքացիներին:
«Ինչպես նշել է նախարարը՝ դիմակները կկարվեն 8 շերտով՝ 3-ի փոխարեն՝ ավելի ապահով ու երկարաժամկետ օգտագործման համար, »,-փոխանցեց Մայա Ազատյանը։