Մի խնամին ի՞նչ էր՝ չունեցանք

Մի խնամին ի՞նչ էր՝ չունեցանք

Այսօր ընդդիմադիրներն ուղղակի քրքրեցին ԱԺ ամբիոնի մոտ հայտնված ԲԴԽ նախագահի ԺՊ Գագիկ Ջհանգիրյանին։ Նա եկել էր ԱԺ՝ ներկայացնելու Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուներին։

Ջհանգիրյանին ընդդիմադիրները հիշեցրին նրա անփառունակ անցյալը, երբ նա աշխատում էր Քոչարյանի շտաբում, հետո սիլի-բիլիների մեջ էր ՀՀԿ-ականների հետ, հիշեցրին՝ ինչպես էր անգրագետ հանում Նիկոլ Փաշինյանին ու քննադատում նրան, որովհետեւ Սերժ Սարգսյանին իմպիչմենտ հայտնելու նախագիծ էր նա ներկայացրել՝ դրա ֆոնին պաշտպանելով Սերժ Սարգսյանին, հիշեցրին, որ 5 տարվա ընթացքում չկարողացավ բացահայտել հոկտեմբերի 27-ը, որի քննությունն ինքն էր իրականացնում, հիմա իր թիմակիցները չհիմնավորված հայտարարություններ են անում` մեղադրելով Ռոբերտ Քոչարյանին և այսպես շարունակ։ Բոլոր իշխանությունների օրոք իր գործերը բարեհաջող դասավորած Ջհանգիրյանն էլ հարցերին պատասխանում էր իրեն հատուկ խորամանկ ու կեղծավոր ժպիտով՝ փորձելով կատակի տալ սուր հարցադրումները, իրավական տերմիններ օգտագործել եւ ճարպկություն։

Հիշեցրին նաև նրա ունեցվածքի՝ շքեղ առանձնատան, որն ինքը ժամանակին «գոմ» էր անվանել, Կասկադում որդու համար 600 հազար դոլարով ձեռք բերած բնակարանի, ապա այն Իրաքի դեսպանատանը վարձակալության տալու մասին։ Հիշեցնողը «Հայաստան» խմբակցության պատգամավոր, նախկին լրագրող Արեգնազ Մանուկյանն էր։ Նա Ջհանգիրյանին հարցրեց․ «Որտեղի՞ց Ձեզ այն գումարը, որով Դուք Երևանի հայտնի թաղամասում հսկայական առանձնատուն եք կառուցել, որի գինը նվազեցնելու համար այն «գոմ» անվանեցիք։ Ի դեպ, Ձեր նշած այդ «գոմում» հիմա Հայաստանում Իրաքի դեսպանատունն է տեղակայված։ Իրաքի դեսպանատանը տեղյա՞կ են, որ Ձեզանից «գոմ» են վարձակալել։

Ջհանգիրյանը նախ ասաց, թե այդ առանձնատունը Իրաքի դեսպանատունը վարձակալել է ոչ թե իրենից, այլ իր որդուց, ապա բացատրեց՝ ինչու է «գոմ» անվանել․ «Գիտե՞ք՝ ինչու «գոմ» անվանեցի։ Որովհետև հարևանությամբ ապարանքներ են, իմ տունը համեստ տուն է այդ ապարանքների համեմատ։ Թող ներեն ինձ Իրաքի դեսպանատան աշխատողները, որ իրենք այդպիսի վատ պայմաններում են բնակվում»,- հեգնեց Ջհանգիրյանը։

Մանուկյանը շարունակեց տան թեման՝ ցուցադրելով շքեղ «գոմի» լուսանկարը եւ խնդրելով հերքել կամ հաստատել այն լուրերը, որ բոլորովին վերջերս՝ այն ժամանակ, երբ Ջհանգիրյանն ընտրվել է ԲԴԽ նախագահ, իր որդու համար Կասկադում 600 հազար դոլարով բնակարան է ձեռք բերել, չնայած երբեք բիզնեսով չի զբաղվել։ «Եթե դա համապատասխանում է իրականությանը, խնդրում եմ ասեք, թե որտեղից այդ գումարը»,-հարցրեց ընդդիմադիր պատգամավորը։

«Ուրեմն այդ բնակարանը, շենքը կառուցել է իմ խնամի Խաչատուր Սուքիասյանի եղբայրը, և ուրեմն էդ փողերն էլ կա՛մ իրենք են տվել, կա՛մ չեն տվել ես տեղյակ չեմ»,-ասաց Ջհանգիրյանը։ Արեգնազը նկատեց, որ Խաչատուր Սուքիասյանը, այսինքն, իրեն կաշառք է տվել եւ կոռուպցիոն դեպքի հետ գործ ունենք, քանի որ Ջհանգիրյանը պաշտոնյա է։

«Ի՞նչ կապ ունի դա։ Ազիզ ջան, իմ տղան չափահաս է, արդեն երկու և ավելի տարի է՝ ապրում են առանձին, առանձին ընտանիք են, երկու երեխա ունեն, երրորդը ուզում ենք, որ ունենան, դեռ չեն ունեցել։ Հիմա, եթե իր կնոջ հայրը կամ հորեղբայրը բնակարան են․․․ հա, իմիջիայլոց, հիպոթեքով էլ ձևակերպել են էդ բնակարանը, ինչքան ես գիտեմ, էդպիսի գումար ոչ էլ Սուքիասյանն է վճարել։ Էդ բոլորը երևակայության արդյունք են»,-ասաց Ջհանգիրյանը՝ լղոզելով հարցը։

Գագիկ Ջհանգիրյանի որդին, հիշեցնենք, ամուսնացել է խոշոր գործարար, այժմ՝ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի դստեր հետ։ Այս հարցուպատասխանի ժամանակ Սուքիասյանը նստած էր դահլիճում և քթի տակ խնդմնդում էր, երբ խնամի Գագիկը որդու բնակարանի թեման իր «գրպանն» էր գցում։

Հարցուպատասանից հետո դահլիճից դուրս եկավ «Հայաստան» խմբակցության մեկ այլ լրագրող պատգամավոր, դաշնակցական Գեղամ Մանուկյանը՝ քթի տակ ջղայնացած նետելով․ «Մի խնամին ի՞նչ էր՝ չունեցանք, մեզ էլ տուն նվիրեր»։