Սոցապնախարարության հողաթափիկ-ինֆուզորիայի վիճակը
Ինչպես ամենքը գիտեն, Հայաստանում գոյություն ունի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն։ Գոյություն ունի երեւի թե միշտ, բոլոր կառավարությունների օրոք, նույնիսկ՝ 2018-ի օխլոկրատիկ իշխանազավթման արդյունքում վարչապետի աթոռին հայտնված Նիկոլ Փաշինյանի։ Իսկ Փաշինյանի պարագան առանձնահատուկ է, որովհետեւ ինչ-ինչ խնդիրների արդյունքում իրեն Հիսուսի տեղ դրած Փաշինյանը ոչ միայն հայ ժողովրդին էր մի պահի կոչ արել գրեթե ալիքների վրայով քայլել, այլեւ ՀՀ սահմանադրությամբ նախատեսված՝ մինչեւ 18 նախարարությունների թիվն է 2018-ից ի վեր հաստատուն 12 պահում, որ Հիսուսի աշակերտների թվից շեղում չլինի։ 12 նախարարի հետ նիստերի դահլիճի սեղանի շուրջ բազմելու մտագարությունից՝ Փաշինյանն ինչ նախարարություն ասես չկրճատեց, չմիացրեց, չլուծարեց, չվերակազմավորեց՝ սփյուռքից ու մշակույթից մինչեւ գյուղատնտեսություն ու ԱԻՆ, սակայն «սոցապնախարարությունը», ինչպես խոսակցական լեզվում է ընդունված աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը կոչել, մնաց իր տեղում։
Թե ինչ է անում այդ նախարարությունը՝ այնքան էլ հասկանալի չէ։ Աշխատատեղերի կամ աշխատանքի հարց սոցապնախարարությունը ո՛չ ի զորու է որեւէ մեկի համար լուծել, ո՛չ էլ լուծում է։ Սոցիալական խնդիրներ լուծելու համար ՀՀ բյուջեն շոշափելի միջոցներ չունի։ Մնում են հիմնականում կենսաթոշակային հարցերը, դրա հետ էլ, պարզվում է՝ խնդիրներ ունեն։
«Սոցապում» չգիտեն՝ որն է կենսաթոշակային տարիքը
Անցյալ ամիս, ավելի ճիշտ՝ սեպտեմբերին, մի լրագրողական հարցում էի ուղարկել սոցապնախարարություն՝ խնդրելով տրամադրել պաշտոնական պատասխան հետեւյալ երկու հարցին։
«1. Ի տես իրողության, որ, համաձայն «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի, «1. Պետական կազմակերպությունը կարող է վերակազմակերպվել հիմնադրի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով: Պետական կազմակերպությունը կարող է վերակազմակերպվել հարյուր տոկոս պետական մասնակցությամբ ընկերության կամ հիմնադրամի, ինչպես նաեւ՝ համայնքային ոչ առեւտրային կազմակերպության», իսկ համաձայն նույն օրենքի 16-րդ հոդվածի՝ «3. Գործադիր մարմնի պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքում գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձի լիազորությունները դադարեցվում են իրավասու մարմնի որոշմամբ, եթե` ա) նա դիմում է այդ մասին, բ) լրացել է նրա 65 տարին», կա՞ արդյոք տարբերություն պետական ոչ առեւտրային կազմակերպության եւ 100 տոկոս պետական բաժնեմասով ընկերության գործադիր մարմինների պաշտոններում նշանակված անձանց՝ 65 տարին լրանալու հիմքով լիազորությունների դադարման կարգավորումների միջեւ։ Եթե այո՝ ո՞րն է տարբերությունը եւ ի՞նչ իրավական ակտով է ամրագրված։
2. 100 տոկոս՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող ՓԲԸ-ի գործադիր մարմնի (տնօրենի) պաշտոնում նշանակված (ընտրված եւ նշանակված) անձը մինչեւ ո՞ր տարիքը կարող է պաշտոնավարել, արդյո՞ք օրենքը թույլ տալիս է լիազորությունների երկարաձգում եւ ի՞նչ ժամկետով»։
Ընդունված հնգօրյա ժամկետում նախարարությունից պատասխան էին ուղարկել՝ մամուլի քարտուղարի (Զ․ Մանուչարյան) ստորագրությամբ, գրել էին հետեւյալը․ «Ի պատասխան Ձեր 10․09․2024թ․ Մ/44009-2024 գրության՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության 2020 թվականի հուլիսի 9-ի N 1159-Ն որոշման հավելվածով սահմանված «Օրենսդրական ակտի եւ ՀՀ կառավարության որոշման վերաբերյալ պաշտոնական պարզաբանում տվող պետական կառավարման համակարգի մարմինների եւ համապատասխան բնագավառների» ցանկի 6-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը տալիս է պարզաբանում ՀՀ աշխատանքային օրենսգրքով եւ դրանից բխող ՀՀ կառավարության նորմատիվ որոշումներով կարգավորվող հարաբերությունների վերաբերյալ։
Մյուս կողմից, ՀՀ աշխատանքային օրենսգրքի (այսուհետեւ՝ Օրենսգիրք) 1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանված է, որ աշխատանքային հարաբերությունների առանձին բնագավառների կարգավորման առանձնահատկությունները կարող են սահմանվել օրենքով: Այս կապակցությամբ տեղեկացնում ենք, որ Ձեր կողմից բարձրացված հարցերի շրջանակում այլ օրենքներով սահմանված կարգավորումների առանձնահատկությունների վերաբերյալ պարզաբանում տրամադրելը դուրս է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության իրավասությունների շրջանակից»։
Դրանից հետո եւս մեկ էջ անիմաստ շարադրանք էր ՀՀ աշխատանքային օրենսգրքի այսուայն հոդվածներում այսուայն ժամանակ կատարված փոփոխությունների մասին, որ տրված հարցի՝ ՊՈԱԿ-ների եւ 100% պետական բաժնեմասով ընկերությունների տնօրենների՝ տարիքային հիմքով լիազորությունների դադարման հետ որեւէ առնչություն չունի։ Այդքանով էլ ուշադրության կամ մեջբերման ենթակա չէ։
Բնականաբար, ոչինչ չասող նման պատասխանի արդյունքում նախարարություն ուղարկեցի նոր գրություն՝ հետեւյալ բովանդակությամբ․
«Հարգելի տիկ․ Մանուչարյան,
Ես այսօր ստացել եմ Ձեր կողմից ուղարկված պատասխանն իմ 10․09․2024 թ․ Մ/44009-2024 գրությանը, որը որեւէ կերպ չէր պատասխանում իմ երկու հարցադրումներից ոչ մեկին։
Վերստին կրկնում եմ հարցերը եւ խնդրում եմ հայտնել՝ ով է իրավասու դրանց պատասխանել, եթե իրավասու չէ Ձեր նախարարությունը»։
Այնուհետ նույնությամբ մեջբերել էի առաջին հարցը եւ հավելել․
«Խնդրում եմ պատասխանել կոնկրետ հարցադրմանը, ինչպես այն ձեւակերպված է, այն օրենքի շրջանակում, որից մեջբերմամբ տրված է հարցը, կամ հայտնել, թե ՀՀ պետական որ մարմինն է իրավասու նշյալ օրենքի շրջանակում տալ աշխատանքային հարաբերություններին վերաբերող պարզաբանումը, որն ինձ հետաքրքրում է»։
Նույնկերպ կրկնված էին նաեւ երկրորդ հարցը եւ խնդրանքը։ Ի պատասխան այս երկրորդ գրության, սոցապնախարարությունից, բնականաբար, ոչ մի այլ պետական մարմնի անուն էլ չէին նշել, որն իրավասու է պարզաբանում տալ ՀՀ պետական ոչ առեւտրային կազմակերպություններում եւ 100% պետական բաժնեմասով բաժնետիրական ընկերություններում ծառայողական կամ աշխատանքային հարաբերությունների մասին։ Փոխարենը տառացի արտագրել էին առաջին անգամ ուղարկված պատասխանը:
Մենք աջ չենք, մենք ձախ չենք… մենք հողաթափ ենք
Ո՞րն է սոցապնախարարության պատասխանների զավեշտը։ Նույնիսկ տեսականորեն դժվար է պատկերացնել մի իրադրություն, երբ, ասենք, մասնավոր մի ԱՁ, ՍՊԸ, ՓԲԸ հանկարծ դիմի սոցապնախարարություն՝ աշխատանքային հարաբերություններ պարզաբանելու խնդրով։ Պարզ է, որ այդ նախարարությանը նման խնդրով դիմում են պետական հաստատությունները՝ նախարարություններ, գերատեսչություններ, ՊՈԱԿ-ներ եւ այլն, որտեղ աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են ոչ թե ՀՀ աշխատանքային օրենսգրքով, այլ առանձին օրենքներով՝ Քաղաքացիական ծառայության մասին, Հանրային ծառայության մասին, Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին, Համայնքային ծառայության մասին եւ այլն, որոնք էլ, պարզվում է՝ սոցապնախարարությունն «իրավասու չէ» մեկնաբանել։ Հետաքրքիր է՝ այդ երբվանի՞ց․․․
Սոցապնախարարությունը միշտ էլ եղել է ոչ միայն Աշխատանքային օրենսգրքի, այլեւ աշխատանքային իրավահարաբերությունների վերաբերյալ պարզաբանումներ տալուն լիազորված մարմինը երկրում։ Ե՛վ նախարարություններն են աշխատանքային հարցերի պարզաբանումների համար դիմել սոցապնախարարությանը, ե՛ւ Ազգային ժողովից են քաղաքացիական, հանրային եւ այլ ծառայողների աշխատանքային վեճերի, բողոքների մասին գրությունները վերահասցեագրել այդ նախարարությանը։ Որպես ասվածի հաստատում՝ օրինակ բերեմ․ 2017-ին սոցապնախարարությունից ինձ ուղարկվել է իմ հարցի պատասխանը (գրագրությունը վերաբերել է քաղծառայողի աշխատավարձի շուրջ վեճին․ վեճն ի վերջո լուծվել է դատարանում՝ հօգուտ քաղծառայողի եւ հակառակ նախարարությունների դիրքորոշմանը)։
Հետեւաբար, սոցապնախարարությունում պարզապես ստում են, թե իրենք Աշխատանքային օրենսգրքից դուրս աշխատանքային հարաբերությունների վերաբերյալ պարզաբանումներ չեն տալիս: Իսկ ո՞վ է պարզաբանում տալիս, կարո՞ղ է արտաքին գործերի նախարարությունը կամ պաշտպանության, կամ ներքին գործերի...
Բայց ավելի զավեշտալին այն է, որ իմ երկու հարցն էլ էության մեջ չէին վերաբերում աշխատանքային հարաբերությունների։ Դրանք վերաբերում էին կենսաթոշակային հարաբերություններին, քանի որ հարցը ՊՈԱԿ-ներում եւ 100% պետական բաժնեմասով ընկերություններում տնօրենների լիազորությունների դադարման մասին էր՝ կենսաթոշակային տարիքի հասնելու՝ 65 տարին լրանալու հիմքով։ Իսկ համաձայն սոցապնախարարության պատասխաններում վկայակոչված ՀՀ կառավարության 09.07.2020թ․ N 1159-Ն որոշման ու դրանով հաստատված ցանկի, այդ ցանկի 6-րդ կետի 4-րդ ենթակետի «կենսաթոշակային ապահովությունն» այն բնագավառն է, որի վերաբերյալ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը տալիս է պարզաբանում։
Այդ դեպքում ինչո՞ւ են սոցապնախարարությունում բացահայտ ու բութ հրաժարվել իրենց պարտականությունը կատարելուց՝ պարզաբանելուց, թե արդյոք ՊՈԱԿ-ի եւ 100 տոկոս պետական բաժնեմասով ընկերության գործադիր մարմինների պաշտոնները զբաղեցնող անձանց կենսաթոշակային տարիքի հասնելու՝ 65 տարին լրանալու հիմքով լիազորությունների դադարման ընթացակարգերում կա՞ տարբերություն, թե՞ ոչ։ Հրաժարվել են պարզաբանել, որովհետեւ այն բանից, թե ով էր հարցը տվել, պարզ էր, որ հարցի առիթը 65 տարին լրացած կոնկրետ անձի՝ 100% պետական բաժնեմասով կոնկրետ ընկերության տնօրենի պաշտոնում գտնվելու ապօրինությունն է։
Միայն պարզ չէ, թե ինչից են սոցապնախարարությունում ենթադրել, որ եթե իրենք ոչինչ չպարզաբանեն, դրանից հետեւության չի բխի։ Այդպես մտածելը, ախր, նույնիսկ «մենք աջ չենք, մենք ձախ չենք, մենք հողաթափ ենք» կեցվածք չէ, այլ միաբջիջ հողաթափիկ ինֆուզորիայի պրիմիտիվություն։ Ո՞վ չի գիտակցում, որ եթե ՊՈԱԿ-ի եւ 100% պետական բաժնեմասով ընկերության տնօրենների՝ կենսաթոշակային տարիքի լրանալու հիմքով լիազորությունների դադարման ընթացակարգերում տարբերություն լիներ, ապա սոցապնախարարության պատասխանում այդ մասին կաղաղակեին։
Լռությունը միայն տարբերության բացակայությունն է հաստատել, ինչում եւ հարկավոր էր վստահանալ։ Այժմ մնում է դատարանի առջեւ փաստարկել, որ 65 տարին լրացած Արմեն Քոլոյանի գտնվելը 100% պետական բաժնեմասով ՓԲԸ հանդիսացող Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնում, թեկուզ ԺՊ-ի կարգավիճակով, կատարյալ օրինախախտում է (ընտրության եւ նշանակման ապօրինություններից զատ) եւ պետք է դադարեցվի։ Իսկ հընթացս ի հայտ եկած սոցապնախարարության ողորմելի, նույնիսկ օրենք պարզաբանել չհամարձակվող հողաթափիկ ինֆուզորային վիճակը մտահոգիչ է, բայց դա կառավարության շենքում գտնվողների պրոբլեմն է։
Կարծիքներ