Աշխարհաքաղաքական գործոնը մի մոռացեք

Աշխարհաքաղաքական գործոնը մի մոռացեք

Հայաստանում ներքաղաքական թիվ 1 պահանջը գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռացումն է, թիվ 1 հարցն էլ՝ թե երբ դա կլինի։ Այն, որ բանակն է արդեն պահանջում գործող վարչապետի հրաժարականը, շատ բան է ասում։ Սակայն փորձենք հասկանալ, թե ինչպես է հնարավոր Նիկոլ Փաշինյանի հեռացումը եւ երբ։ Հայաստանում քաղաքական պրոցեսները դիտարկվում են միայն լոկալ ներքին կյանքի համատեքստում, մինչդեռ կարեւոր է նաեւ արտաքին աշխարհի վերաբերմունքը։ Նիկոլ Փաշինյանը, օրինակ, 18-ին չէր կարող գալ իշխանության, անկախ նրանից, թե փողոցում ինչքան մարդ կա, եթե մեծ քաղաքականության հիմնական դերակատարները եւ տարածաշրջանային խաղացողները կոնսենսուսային համաձայնության եկած չլինեին։

Եթե նման համաձայնություն չլիներ, Փաշինյանը, անկախ նրանից՝ ընտրվել է, թե ոչ, կհայտարարվեր ուզուրպատոր եւ կմեկուսացվեր, ու կսկսվեին սանկցիոն ճնշումներ երկրի վրա, մինչեւ որ նա հեռացվեր։ Կոնսենսուսային համաձայնության կայացման համար անհրաժեշտ է, որ Հայաստանը չշեղվի այն ուղուց, որով ընթանում է արտաքին քաղաքականության ոլորտում։ 2018 թվականին, երբ Փաշինյանը եկավ իշխանության, կոնսենսուսային համաձայնությունը կայացավ ղարաբաղյան կարգավորման գործընթացի թեմայով, եւ Փաշինյանն աշխարհի «մեծերին» ձեռնտու էր, քանի որ նա այդ խնդրի կարգավորման երաշխավորն էր դառնում, մանավանդ՝ որպես Լեւոն Տեր-Պետրոսյանի «հոգեզավակ»։

Չենք վերլուծի ղարաբաղյան խնդրի հետ կապված փաշինյանական մետամորֆոզները, որոնք ի վերջո հանգեցրին նրան, որ նույնիսկ աշխարհի մեծերը զզվեցին Փաշինյանից եւ թույլ տվեցին, որ լինի այն, ինչ ունենք այսօր, սակայն այսօր, երբ կրկին Հայաստանում իշխանության փոփոխության խնդիրն է դրված, իշխանության գալու հայտ ներկայացրած ուժերը պետք է ոչ միայն փողոցային պայքարի վրա հույս դնեն, այլեւ զուգահեռաբար աշխատեն նաեւ այն ուղղությամբ, որ աշխարհն ընկալի իրենց եւ հասկանա, որ իրենց հետ աշխատել հնարավոր է, եւ եթե իրենք գան իշխանության, ավելի հեշտ կլինի համագործակցությունը, քան Նիկոլ Փաշինյանի հետ։

Այսպես թե այնպես, ով էլ գա իշխանության, ունի մեկ առավելություն՝ այնքան վարկաբեկված, բարոյալքված, ոչնչացած չէ, որքան Փաշինյանի իշխանությունը, որովհետեւ պատերազմում պարտություն չի կրել։ Սակայն կարեւոր է, որ իշխանության գալու հայտ ներկայացրածները հավաստիացնեն, որ եթե գան իշխանության, ֆորսմաժորային իրավիճակներ չեն լինելու միջազգային քաղաքական եւ տարածաշրջանային քաղաքական առումով, եւ հարգվելու է Հայաստան պետության՝ միջազգային փաստաթղթերի տակ դրված ստորագրությունը։ Արդեն իսկ ազդակներ գալիս են այս մասով, եւ այդ ազդակներին պետք է պատասխան տրվի։