Իրականում ի՞նչ է կատարվում Հայաստանում

Իրականում ի՞նչ է կատարվում Հայաստանում

Ներկա Հայաստանում շատերն են խոսում, քչերը՝ բան ասում: Իսկ գործ անողներն ավելի քիչ են: 2018-ին ժողովո՛ւրդը , այո, հեղափոխություն արեց, բայց հեղափոխական փոփոխություններ այդպես էլ չստացավ: Նիկոլ Փաշինյանը լավ հռետոր է, բայց «սոսնձել» չկարողացավ (կամ պարզապես չցանկացավ): Նա մարդկանց վախը կոտրեց. բայց  հեղափոխական մահակ ձեռքն այդպես էլ չառավ: «Թավիշ» չկար (թավիշը սոսկ շղարշ է), պարզապես իշխանության անցնցում փոխանցում տեղի ունեցավ (սա արդեն պարզ է): Վա՞տ է սա: Չգիտեմ: Քանզի սա չէ ամենակարեւորը, այլ այն, թե ինչ է գալիս  հետո:

Հեղափոխությունները հեքիաթի պես են. վերջում կա՛մ բարին է հաղթում, կա՛մ՝ չարը (կամ էլ՝ հեքիաթ պատմողը): Ներկա Հայաստանում «հեքիաթ պատմողը» նայում է «բարուն», հետո՝  «չարին» ու որոշում հաղթանակը տալ… իրեն: Հետո երկրորդ «հեքիաթ պատմող» է հայտնվում՝ նստած ամուր մի սարի ստորոտին,  ու որոշում  իր սեփական «հեքիաթը» պատմել:  Կրքերը թեժանում են, եւ սեւ-սպիտակ «հեքիաթի» կողքին կանաչ «հեքիաթն» է հայտնվում:

Հայաստանի պատմությունն էլ հեքիաթի է նմանվել. «բարի հայը»  միշտ «հաղթել»  է, բայց «չար թշնամին» այդպես էլ չի  պարտվել: Շախմատի լեզվով ասած՝ պատ: 

Պատային վիճակ է նաեւ այսօր. Արցախի հարցում, Ամուլսարի ու այլ հանքերի հարցում, հեղափոխական բարեփոխումների ու լյուստրացիայի հարցում, դատարանների ու սահմանադրական բարեփոխումների հարցում, արտաքին քաղաքականության ու համարյա բոլոր այլ հարցերում: 
Ներկա Հայաստանում «բարի սպիտակը» կրկին «հաղթում» է, բայց «չար սեւն» այդպես էլ չի պարտվում: 

Ի՞նչ անել: Կամ, թերեւս, ի՛նչ չանել: 

Բանը հեքիաթի չվերածել, դուրս գալ «բարու ու չարի» հեքիաթային շրջանակից ու պարզապես «տունը» սկսել հիմքից վերանորոգել: 

Հայը վաղուց տուն չունի. Այլ… շարժական մի վրան (որի վրա «տուն» է գրված): «Տուն» ասելով, այո, պետությունը նկատի ունեմ:

Վրանում նստած՝ հեքիաթներ պատմելը գրավիչ է ու դյութող: Վրանի առաջ խարույկ վառելով դա անելն առավել գրավիչ է: Բայց մի օր փոթորիկ է անում, ու վրանը (հեքիաթների հետ) քշում-տանում:
Հայի պատմության մեծ մասը վրանում պատմած հեքիաթի է նմանվել: Ամուր տուն կառուցելու ժամանակն է. սկզբում՝ հիմքը, հետո՝ պատերը, իսկ հետո՝ կտուրը:

Վարազ ՍՅՈՒՆԻ 
Նիդերլանդներ