Հայաքվե vs Եվրաքվե

Հայաքվե vs Եվրաքվե

Երկու տարի առաջ «ՀայաՔվեն» մեկնարկեց որպես քաղաքացիական նախաձեռնություն՝ նպատակ ունենալով ամրապնդելու ՀՀ Սահմանադրությունը եւ հատկապես Անկախության հռչակագրի սկզբունքներից բխող դրույթները։ 
Առաջարկվում էր քրեականացնել Հայաստանի Հանրապետության անունից Արցախն այլ պետության կազմում ճանաչելու գործընթացը, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության նշանակության նսեմացման փորձերը։
Սա Հայաստանում քաղաքացիական նախաձեռնությամբ օրենսդրական փոփոխություններ առաջարկելու եւ ստորագրահավաք կազմակերպելու առաջին փորձն էր, երբ ՀՀ ժողովուրդը ոչ թե միջնորդավորված, այլ ուղղակիորեն իր կամքն էր թելադրում իշխանություններին` ստորագրահավաքի իրականացման միջոցով։

Իշխող քաղաքական ռեժիմը «ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնության հենց սկզբից փաստացի պատերազմ հայտարարեց նրան՝ անօրինական մեթոդներով, իշխանական ռեսուրսների չարաշահմամբ խոչընդոտելով նրա իրականացումը։ 

Փորձ էր արվում խանգարել բնակչությանը` իրացնելու իր սահմանադրական իրավունքը, այն է` իր իսկ նախաձեռնած ստորագրահավաքով իր կարծիքը հասցնելու իշխանական աթոռներին նստած անձանց։

Չնայած բոլոր դժվարություններին` «ՀայաՔվեին» հաջողվեց ընդամենը 4 շաբաթվա ընթացքում հավաքել ավելի քան 50 հազար ստորագրություն, հաջորդ շաբաթվա ընթացքում ստորագրությունների թիվը հասավ 58 հազարի։
Իշխանություններն իրենց գործողություններով «ՀայաՔվեի» ստորագրահավաքի ընթացքում հաստատեցին, որ դեմ են Հայաստանի բնակչության շահերից բխող օրենսդրական նախաձեռնությանը, որի նպատակն Արցախի պաշտպանությունը եւ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հարգումն էր։ Նախաձեռնությունն իր գործունեության ամբողջ ընթացքում ենթարկվեց իշխանությունների կատաղի եւ թունավոր հարձակումներին։ Իսկ երբ հարցը հասավ խորհրդարանական քննարկումների փուլին, ՔՊ-ական պատգամավորների արցախատյաց էությունն ամբողջությամբ բացահայտվեց, երբ նրանք հրաժարվեցին թույլ տալ, որ «ՀայաՔվեի» ներկայացուցիչները մասնակցեն գլխադասային հանձնաժողովում օրինագծի քննարկմանը, բացառությամբ ԿԸՀ-ում «ՀայաՔվեի» ներկայացուցիչ Արամ Պետրոսյանի:

«ՀայաՔվեի» օրենսդրական նախաձեռնությունը, որը հաստատված էր ՀՀ 58 հազար քաղաքացիների ստորագրությամբ, նույնիսկ չընդգրկվեց խորհրդարանի լիագումար նիստերի օրակարգում` ՔՊ-ական մեծամասնության մերժման պատճառով։ Սա մեկ անգամ եւս հաստատեց այդ խմբավորման հակահայ էությունը՝ ազգային նախաձեռնության դեմ հարձակումներ, վարկաբեկելու փորձեր եւ, վերջապես, օրինագծի տապալում։ Ի հակադրություն «ՀայաՔվեի»՝ իշխանությունների հովանավորությամբ սկսված, այսպես կոչված, «Եվրաքվեն» վարչախմբի կողմից վայելում էր լիակատար աջակցություն եւ գրկաբաց էր ընդունվում նրանց կողմից։

Մինչ «ՀայաՔվեի» ներկայացուցիչները բախվում էին համայնքապետարաններ եւ այլ վարչական շենքեր մուտք գործելու անհիմն խոչընդոտներին, «Եվրաքվեի» ստորագրահավաքի համար տրամադրվում էին լավագույն վայրերը։ 
«ՀայաՔվեի» ստորագրահավաքի կետերը, ընդհակառակը, տեղակայվում էին այդ նույն համայնքապետարանների հեռավոր, անհարմար հատվածներում, բարձր հարկերում։ Շատ համայնքապետարաններում «ՀայաՔվեի» անդամներին արգելվում էր նույնիսկ գովազդային վահանակներ տեղադրել, իսկ նրանց օրինական գործունեությունն ամեն կերպ խոչընդոտվում էր։ Արձանագրվեցին նաեւ «ՀայաՔվեի» ստորագրահավաքի կետերի վրա հարձակումներ, մասնակիցների նկատմամբ` ֆիզիկական բռնության դեպքեր։

Իշխանահաճո «Եվրաքվեի» ներկայացուցիչներն անարգել ստորագրահավաք էին իրականացնում, երբեմն՝ համայնքապետարանների եւ վարչական շրջանների աշխատակազմերի աշխատակիցների աջակցությամբ։ Նրանց թույլատրվում էր աշխատել անգամ շաբաթ եւ կիրակի օրերին, մինչդեռ «ՀայաՔվեին» դա արգելվում էր՝ հակառակ «Հանրաքվեների մասին» օրենքի դրույթներին: Այսպիսի արհեստական արգելքները եւ խոչընդոտները բազմաթիվ էին։ Բացի այդ, «Եվրաքվե» կոչվող նախաձեռնությունը հակասում էր ինչպես ՀՀ Սահմանադրությանը, այնպես էլ «Հանրաքվեների մասին» օրենքին, քանի որ պարունակում էր իրավասխալներ, իսկ առաջարկված նախագիծն օրենսդրական ակտ չէր։ Իշխանահաճո «Եվրաքվեն» իրավաբանորեն չէր կարող հաստատվել ԿԸՀ-ի կողմից եւ դրվել ստորագրահավաքի։ 

Սակայն իշխանությունների բացահայտ աջակցությամբ այն ընդունվեց եւ խորհրդարանում անցավ առաջին ընթերցմամբ։

Իրականում այս նախաձեռնությունը մոլորեցնում է հայ ժողովրդին` ներկայացնելով կեղծ պատրանք, թե իբր Հայաստանը ստորագրահավաքի միջոցով կարող է միանալ Եվրամիությանը, երբ անգամ հրավեր չունի այդ կազմակերպությունից։ Հասկանալի է, որ այս կեղծիքն արվում է իշխող վարչախմբի հավանությամբ, ինչը հստակորեն ցույց է տալիս նրանց ընտրովի եւ կողմնակալ վերաբերմունքը հանրային նախաձեռնությունների նկատմամբ։ Երբ խոսքը վերաբերում է Հայաստանի ու նրա ժողովրդի շահերին, գործող ռեժիմը թշնամաբար է վերաբերվում դրանց եւ անում է ամեն ինչ` խոչընդոտելու ազգային շահերից բխող նախաձեռնությունը, իսկ կեղծ ու մոլորեցնող «Եվրաքվե» ստորագրահավաքը, որի հիմնական նպատակը բնակչությանը շեղելն է երկրում ստեղծված անվտանգային եւ սոցիալական աղետալի խնդիրներից, անցկացվել է իշխանությունների հավանությամբ։

Հենց նմանատիպ քաղաքականության հետեւանքով է Հայաստանը կորցրել Արցախը, թշնամուն են հանձնվել մեր ռազմավարական եւ կենսական նշանակության տարածքները։

Իշխող քաղաքական ռեժիմը փորձում է մաս կազմել Հայոց ցեղասպանության պատմական հիշողության նսեմացմանը եւ բոյկոտել դրա միջազգային ճանաչման գործընթացը: Սա թրքահաճո քաղաքականություն վարելու հերթական փորձն է։ Մենք ապրում ենք մեր պատմության այն ժամանակաշրջանում, երբ իշխանության եկած քաղաքական ռեժիմը պետության ամրապնդման, նրա քաղաքական ու ազգային շահերի առաջմղման փոխարեն զբաղված է միայն սեփական իշխանության պահպանմամբ՝ օգտագործելով մանիպուլյացիաներ, խաբեություն եւ ստախոսություն։ Ազգային ինքնությունը, արժեքները, շահերը եւ պատմությունը հայտարարվում են երկրորդական եւ անիմաստ։ Այս աղետաբեր ընթացքը հնարավոր է կանխել միայն գործող վարչախմբի հեռացման ճանապարհով։ 

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը, առաջնորդվելով բացառապես պետական շահով, փորձում է միավորել ազգային մտածելակերպի տեր բոլոր ուժերին` համախմբվելու, հզորանալու եւ հաղթելու ապազգային, թրքահաճո այս ռեժիմին, կառուցելու ազգային պետություն։ Սա է պատճառը, որ «ՀայաՔվեն» առանձին նախաձեռնությունից վերածվել է ազգային քաղաքացիական միավորման, քանի որ այդ պահանջարկը՝ ազգային մտածելակերպի տեր միավորման ստեղծման, այսօրվա ՀՀ քաղաքական դաշտի թիվ մեկ առաջնահերթությունն է։ Ժամանակն է՝ վեր կանգնելու նեղ կուսակցական շահերից եւ առաջ շարժվելու բացառապես ազգային մտածելակերպով՝ միավորվելու եւ համատեղ ուժերով հզորացնելու մեր պետությունը, կանխելու հերթական կապիտուլյացիան, հեռացնելու ապազգային իշխանությունը եւ կառուցելով ազգային պետություն։

Արմեն Մանվելյան
Միջազգայնագետ, պ․ գ․ թ․, «ՀայաՔվեի» վարչության անդամ