Պատերազմից խուսափելու միակ տարբերակը Նիկոլի հրաժարականն է
Ադրբեջանի նախագահ Ալիեւը հերթական սպառնալիքն է ուղղել Հայաստանին՝ պահանջելով նշանակել «Զանգեզուրի միջանցքը» բացելու ժամկետը: Դա անելու դեպքում մեզ համար «ոչ մի խնդիր չի լինի», իսկ չանելու դեպքում «ոչ ոք չի կարող կանգնեցնել իրենց»: Մեր ԱԳՆ-ն էլ հերթական խիստ երկարաշունչ պատասխանն է տվել՝ բացատրելով, որ միջանցքի խնդիր չի եղել 2020 թ. նոյեմբերի 9-ի եւ հաջորդ տարվա հունվարի 11-ի հայտարարություններում:
Միաժամանակ, նույն իմաստով հղում է արվել ՌԴ փոխվարչապետ, եռակողմ աշխատանքային խմբի համանախագահող Ալեքսեյ Օվերչուկին: Ի դեպ, ԱԳՆ փաստաթուղթն իրականության հայելային արտացոլանքն է՝ որքան թույլ է պետությունը, այնքան երկար է նման փաստաթուղթը: Մեր դեպքում դրան ավելանում է նաեւ պետության ղեկավարի թույլ լինելը: Վերջինս, ենթադրաբար, Իլհամի հետ բանավոր պայմանավորվածությունների շրջանակում խոստացել է տրամադրել միջանցք: Եթե այդպես չլիներ, ապա վաղուց կհերքեր միջանցքի տրամադրման ալիեւյան պահանջը: Այնինչ ամիսներ շարունակ ձայն ու ծպտուն չէր հանում՝ հույսը դնելով երբեմնի «կիրթ ու կառուցողական» գործընկերոջ համբերատարության վրա: Բայց վերջինիս համբերությունը հատեց, եւ այս տարվա մայիսի 12-ին նա նախազգուշական քայլ կատարեց՝ գրավելով Սեւ լճի շրջակայքը: Դրան եւս Փաշինյան Նիկոլը պատասխան չտվեց՝ բանակին հրաման տալով լքել դիրքերը, ինչի իրավունքն ինքը, ի դեպ, չուներ:
Ենթադրում եմ, որ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունից հետո տվյալ հարցում ինքը ռուսական կողմի հետ ինչ-որ պայմանավորվածություն է ձեռք բերել ու այդ պատճառով էլ սկսեց հայտարարել, որ «Զանգեզուրի միջանցքի» տրամադրման հարց վերոնշյալ փաստաթղթերում առկա չէ: Ու նույնն ասվեց ռուսական կողմից. կամ էլ սկզբում ռուսական կողմն էր նման բան ասել՝ արդեն չեմ հիշում: Ինչեւէ, նման հիմնավորումը, բնականաբար, չի նշանակում, թե նման հարց ընդհանրապես չի քննարկվել, ու ինքը բանավոր խոստումներ չի տվել: Ես, համենայնդեպս, չեմ լսել, որ ինքը կանգներ ու ասեր, որ միջանցքի տրամադրման բանավոր պայմանավորվածություն չի եղել: Որպես պատասխան՝ ադրբեջանական ջոկատները կրկին մի քանի անգամ ներխուժեցին ՀՀ սուվերեն տարածք: Վերջինն էլ տեղի ունեցավ նոյեմբերի 16-ին՝ մեկօրյա պատերազմի տեսքով: Այն կանգնեցվեց ռուսական միջամտության շնորհիվ, ու ենթադրում եմ, որ դեկտեմբերի 7-ի հերթական սպառնալիքն այս անգամ ուղղված էր ոչ միայն մեզ: Այն ուղղված էր նաեւ Ռուսաստանին, եւ կարծում եմ, որ ավելի շատ՝ հենց Ռուսաստանին:
Փաշինյան Նիկոլը, ենթադրաբար, դաս չի առնի հերթական սպառնալիքից ու կշարունակի տուրք տալ նման իրավիճակում խաղաղ դարաշրջանի մեկնարկի ցնդաբանությանը: Ինչը նշանակում է, որ ադրբեջանական պատասխանը ռազմական ներխուժման տեսքով չի ուշանա: Փաստորեն, խաղաղության հայաստանյան «մունետիկը», դրժելով տված խոսքը, Իլհամին դրդում է նոր պատերազմի, եւ Իլհամը դա բացեիբաց հայտարարում է: Տվյալ պայմաններում պատերազմից խուսափելու ընդամենը մեկ միջոց գոյություն ունի՝ Փաշինյանի հրաժարականը: Դրան պետք է հետեւի հենց խորհրդարանի միջոցով (առանց նոր ընտրությունների) նոր վարչապետի ընտրությունն ընդդիմության միջից: Ինչո՞ւ ընդդիմության: Որովհետեւ ով էլ լինի «ուսապարկերից»՝ դա Իլհամի վրա ազդեցություն չի թողնի: Թուրքն այնքան միամիտ չէ, որ կուլ գնա Նիկոլի հերթական «տրյուկին»: Իսկ ընդդիմության շրջանակից որեւէ մեկը դառնալով վարչապետ՝ կարող է հանգիստ չեղյալ հայտարարել Նիկոլի բանավոր պայմանավորվածությունը: Ու այդ դեպքում Իլհամը երկար պետք է մտածի՝ նախքան հերթական ագրեսիա իրականացնելն ընդդեմ Հայաստանի Հանրապետության:
Կարծիքներ