«Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի »․ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը քննում է գործը

«Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի »․ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը քննում է գործը

Հաագայի Խաղաղության պալատում՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում, քիչ առաջ մեկնարկել են Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումները՝ ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի կիրառման համար ժամանակավոր միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ։ 

Րոպեներ առաջ ելույթ ունեցավ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։ 

Նշենք, որ ՀՀ-ն դեռ սեպտեմբերի 16-ին  էր ՄԱԿ-ի Միջազգային դատարանում դատական գործընթացներ սկսել ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի համաձայն: Նիստը վարում է դատարանի նախագահ Դոնոհյու։

Հիշեցնենք՝ Հայաստանը պնդում է, որ տասնյակ տարիներ Ադրբեջանը հայերին ռասայական խտրականություն է ենթարկել և որպես պետության կողմից հովանավորվող հայատյացության քաղաքականության արդյունք՝ հայերը ենթարկվել են համակարգային խտրականության, զանգվածային սպանությունների, խոշտանգումների և այլ չարաշահումների։

Համաձայն Հայաստանի ներկայացրած դիմումի՝ այդ խախտումները ուղղված են հայ էթնիկ կամ ազգային ծագում ունեցող անձանց դեմ՝ անկախ նրանց փաստացի քաղաքացիությունից:
ՀՀ-ն պնդում է, որ այս պրակտիկան հերթական անգամ առաջին պլան եկավ 2020 թվականի սեպտեմբերին՝ Արցախի Հանրապետության և Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո և որ այդ զինված հակամարտության ընթացքում Ադրբեջանը թույլ է տվել CERD-ի կոպիտ խախտումներ:

Դիմումատուն պնդում է, որ անգամ ռազմական գործողությունների ավարտից հետո, երբ հաստատվեց հրադադար 2020 թվականի նոյեմբերի 10-ին, Ադրբեջանը շարունակել է հայ ռազմագերիների, պատանդների և կալանավորված այլ անձանց նկատմամբ սպանությունները, խոշտանգումները և բռնությունների գործադրումը։

Դիմումի մեջ Հայաստանը, ի թիվս այլոց, պնդում է, որ Ադրբեջանը պատասխանատվություն է կրում օրենքը խախտելու համար՝ ներառյալ 2, 3, 4, 5, 6 և 7 հոդվածներով։
Հայկական կողմը պնդում է, որ Հայաստանի կողմից գործադրված բարեխիղճ ջանքերը՝ վերջ դնելու Ադրբեջանի կողմից CERD-ի խախտումներին այլ միջոցներով, ձախողվել են, հետևաբար Հայաստանը դատարանից պահանջում է պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին CERD-ի խախտումների համար, կանխելու ապագա վնասը և փոխհատուցելու արդեն պատճառված վնասը։