Վրեժ-խորտիկ,  որը ՀԱՊԿ-ում ուտում են սառը վիճակում

Վրեժ-խորտիկ,  որը ՀԱՊԿ-ում ուտում են սառը վիճակում

Հուլիսի 14-ի  ՀԱՊԿ Մշտական խորհրդի նիստին ելույթով հանդես եկած ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը մանրամասն անդրադարձել է հուլիսի 12-ին սկսած հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան ուղղությամբ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով իրադրության լարմանը, Ադրբեջանի կողմից քաղաքացիական ենթակառուցվածնքերի և բնակչության թիրախավորմանը: ՀՀ մշտական ներկայացուցիչը նշել է, որ Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծում են Չինարիի և Այգեպարի հայկական բնակավայրերի քաղաքացիական ենթակառուցվածքները, ինչի հետևանքով վնասվել են քաղաքացիական օբյեկտները։ «Տեղեկությունների համաձայն՝ վերջին ժամերի ընթացքում անօդաչու թռչող սարքերը հրետակոծել են Բերդ քաղաքի քաղաքացիական ենթակառուցվածքները»։ Վիկտոր Բիյագովը  նաև հայտարարել է, որ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրադրության էսկալացիայի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմա֊քաղաքական ղեկավարությունը և կոչ  արել «մեր դաշնակիցներին դրսևորել համերաշխություն և փոխաջակցություն` համահունչ ՀԱՊԿ կանոնադրության ոգուն և տառին»։ Այս աննախադեպ իրավիճակը կարևոր փորձություն է դառնում ինչպես մեզնից յուրաքանչյուրի, այնպես էլ Կազմակերպության համար»,-ասել է Վիկտոր Բիյագովը։

Իզուր։ ՀԱՊԿ-ը շարունակում է առաջնորդվել երեկվա հաղորդագրությունների ոգով/«լուրջ անհանգստություն» հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին առաջացած լարվածության կապակցությամբ», մի «թեթև ցավակցություն» հայտնել մահացածների հարազատներին ու մտերիմներին, ու կողմերին կոչ անել  «անհապաղ դադարեցնել կրակը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում»:Այսքանը։ Փաստորեն, պատկերացնենք մի իրավիճակ, երբ ենթադրենք՝ Հյուսիսատլանտյան դաշինքի վրա հարձակվում է Իրանը, ու ՆԱՏՕ-ն նման հաղորդագրություն է ներկայացնում։ Պատկերացնո՞ւմ եք։ Իհարկե՝ ոչ։ Ճիշտ այնպես, ինչպես երկու տարի առաջ այս օրերին, երբ երբ Նիկոլ Փաշինյանի գլխում հայտնվել էր առաջին իդեա-ֆիքսերից մեկը՝ առանց հետ կանչելու քրեական պատասխանատվություն կազմակերպության այն ժամանակվա գործող քարտուղար Յուրի Խաչատուրովին, ռուսաստանցի փորձագետները, վերլուծաբանները կոկորդները պատռելով բացականչում էին՝  պատկերացնո՞ւմ եք ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Ստոլտենբերգի նկատմամբ անդամ պետությունների կքղմից քրեական գործ է հարուցվում։ Դե, ինչ, հիմա  Ռուսաստանը մատուցում է  խորտիկ՝ վրեժ՝ սառը վիճակում։  Չնայած նրան, որ ՌԴ-ի հետ Նիկոլ Փաշինյանի այդ կպչուն մտքի պատճառով  հենց ամենասկզբից փչացրած հարաբերությունները պաշտոնական Երևանը փորձեց լավացնել Սիրիա, «հումանիտար» առաքելություն ուղարկելով։

Եվս մի անհասկանալի բան, երբ նախկինում  Տավուշի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ Ադրբեջանի կողմից կրկին սադրանքներ ու դիվերսիաներ են եղել, Հայաստանը, չի դիմել ՀԱՊԿ-ին, թեև, բնականաբար,  ակնկալել է դատապարտող հայտարարություններ։ Ու այսքանից հետո, մանավանդ Լավրովի «հեռախոսազրույցից» ՀԱՊԿ-ին դիմում եք, որ ինչ անեք։
Հ․Գ․ Հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը գրել է․«Սիրելի իմ հայեր: Լինի անկեղծ մղումներից, թե չգիտեմ էլ ինչից, հանգիստ թողեք խնդրում եմ էդ ՀԱՊԿ-ի թեման:
Մենք բոլորս հասկանում ենք, թե էդ կառույցն ինչ է ու ինչի համար է:

Ես ուզում եմ անկեղծ հասկանալ, դուք իրո՞ք ուզում եք ՀԱՊԿ-ի միջամտություն հայ-ադրբեջանական կոնֆլիկտին: Ինչպե՞ս եք դա պատկերացնում: Տեսականորեն միակ հնարավոր տարբերակն այն է, որ, ասենք, ռուսները ՀԱՊԿ-ի անվան տակ այստեղ խաղաղսիրական ինչ-որ միսիա ուղարկեն: Դուք լավ մտածե՞լ եք, դուք իրապե՞ս դա ուզո՞ւմ եք: Իրապես ուզո՞ւմ եք մեր անվտանգության այդ հատվածն էլ վստահել ռուսներին:

Լավ, հասկանում եմ, ուզում եք մի մասդ, ամոթանք տալ, թե բա այ տեսեք ինչ դաշնակիցներ են, բան: Թարգենք էդ մանկապարտեզը, որովհետև դրա հետևանքները կարող են մի օր ոչ մանկապարտեզային լինել: Արդեն նշված ձևով, օրինակ: ՀԱՊԿ-ը զարթնում է, ասում է, էս ի՞նչ կատարվում, շտապ ուղարկում եմ իմ խաղաղապահներին:

ՀԱՊԿ-ի թեման հայ ժողովորդին, հայ ժողովորդի քաղաքականությունը վարող որևէ ուժի կամ անհատի հետաքրքիր չի կարող լինել հայ-ադրբեջանական կռվի կոնտեքստում: Դա կարող է հետաքրքրիր լինել միայն երկու խումբ մարդկանց:
1. Ռուսական «ագենտներին», որ ՀԱՊԿ կոչելով, եթե պետք լինի ստեղ մի օր «խաղաղապահ» զորք բերեն
2. Արևմտյան «ագենտներին», որ ռուսների դեմ իրանց կռիվը հայերի թեմայով էլ առաջ տանեն:
Թողնենք սրանց իրանց դարդերին, մենք մեր գործով զբաղվենք: Ոչ մի ՀԱՊԿ:
Ու, Աստված չանի, որ մի «խաղաղապահ» զորք»։