Նախկիններն են մեղավոր

Նախկիններն են մեղավոր

Արդեն 2-րդ թե 3-րդ հոդվածն եմ գրում ինստիտուցիոնալ հարցերում նախկինների մեղավորության վերաբերյալ:

Փաշինյան Նիկոլի եռամյա կառավարման ընթացքում բացահայտվեցին կենսագործունեության բազմաթիվ ոլորտներ, երբ վերջինս ընդամենը օգտվում էր նախկինների կողմից իրեն ընձեռված հնարավորություններից: Եվ դրանում՝ եթե բացառենք նախկինների առանձին ներկայացուցիչների դեմ զուտ անձնական վրեժխնդրության բավարարման երևույթները, մնացած համարյա ամեն ինչ փոխառնված է նախկիններից: Փոխառնված են նաև մարդիկ՝ ովքեր գրավել և շարունակում են գրավել այնպիսի պաշտոններ, որոնք այս կամ այն պահին անհրաժեշտ են դառնում օգտագործման տեսակետից:  Այդ երևույթի լավագույն վկայությունը տարիներ առաջ տվել էր բարձրաստիճան նախկին ոստիկաններից մեկը՝ ժամանակի ընդդիմադիրներին ասելով, որ ինքը ծառայում է իշխանությանը (այս դեպքում, բնականաբար, ոչ պետությանը), և եթե վերջիններս դառնան իշխանություն՝ ինքը կծառայի իրենց: 

Եվ եթե նախկինների մեղավորության այս կամ այն երևույթն արձանագրվում էր իրականության որևէ առանձին դրսևորմամբ, ապա այս օրերին Սահմանադրական դատարանում բացահայտվում է համարյա թե ողջ ներկապնակը: Պատճառն այն է, որ ընտրություն կոչված երևույթն իր մեջ պարունակում է բազմաթիվ տարրեր, որոնք առնչվում են իշխանության պահպանմանը կամ փոփոխությանը, և բնականաբար, Հայաստանի նման երկրներում արտահայտվում են ամբողջությամբ ու ողջ սրությամբ: Եվ այդ ամենը ջրի երես է ելնում ՍԴ-ում ընտրության արդյունքների բողոքարկման դիմումները քննության առնող նիստերի ընթացքում: Հատկապես, երբ տեղի է ունենում նախկինների  վերին աստիճանի գրագետ ներկայացուցիչների՝ գործող իշխանության կամ ընդդիմության կողմից, կարծիքների բախումը: Ու դիտարկելով այն՝ մտածում ես, իսկ եթե նախկինում այս կամ այն հարցի լուծումը տրված լիներ հստակ և միանշանակ, ապա այսօր ՍԴ-ն կարող էր դառնալ այն հարթակը, որում կարելի կլիներ արձանագրել նիկոլիզմի վախճանը:  

Նիկոլիզմի վախճանը կարող էր կյանքի կոչվել նաև, եթե նախկինների ժամանակ գիտակցվեր անկախ դատական համակարգի կայացման անհրաժեշտությունը: Եվ այն իսկապես լիներ այդպիսին, և ոչ թե փոխարինվեր իմիտացիայով: Իմիտացիան այն է՝ երբ հայտարարվում է մի բան, ու կարծես թե այդ ուղղությամբ էլ աշխատանք է տարվում, սակայն որոշ ժամանակ անց՝ եթե ոչ անմիջապես, պարզվում է, որ դա այն չէ, ինչ ենթադրվում էր հայտարարված երևույթի բովանդակությամբ և կամ առողջ դատողությամբ: Եվ կամ պարզվում է, որ արվածը կամ այն, ինչ արվում է, կիսատ-պռատ է: Այդ առումով կարող ենք ասել, որ անկախ դատական համակարգի կայացվածության դեպքում կարող էին չլինել 2018 թվականի ապրիլյան իրադարձությունները: Իսկ եթե նույնիսկ լինեին, ապա դրանք հաստատ կընդունեին այլ բնույթ՝ տեղավորվելով իսկապես քաղաքակիրթ ընդվզման շրջանակներում: Իսկ հետագայում էլ գործող իշխանությունը չէր կարող «վնգստացող» կամ այլ նմանատիպ բառերով բնութագրել համակարգը կամ փորձել վերաձևել այն սեփական պատկերացումների հիման վրա: Իսկ արևմուտքն էլ ուղղակի չէր կարող աչք փակել իրապես անկախ դատական համակարգի նկատմամբ գործող իշխանության վերաբերմունքի վրա, որքան էլ վերջինս լիներ իր զավակը: Հատկապես որ տարիներ շարունակ ֆինանսական ներդրումներով նպաստել էր համակարգի կայացմանը:

Հ.Գ. Ավելացնեմ, որ Արամ Վարդևանյանի ելույթից ու, այսպես կոչված, երրորդ կողմի (մեծ հաշվով, գործող իշխանության) ներկայացուցչի հետ նրա հարց ու պատասխանից հետո ասվածի իմաստով ուսանելի և զուտ մարզական առումով հետաքրքիր էր «Պատիվ ունեմ» դաշինքը և երրորդ կողմը ներկայացնողների բանավեճը հուլիսի 11-ին: Առաջինն, ի դեպ, ներկայացված էր արդարադատության նախկին, իսկ երկրորդը՝ գործող նախարարով՝ փոխնախարարն էլ վերադիր: