Բացեք սահմանը․«խոպանչիները» էլ չեն դիմանում

Բացեք սահմանը․«խոպանչիները» էլ չեն դիմանում

Տնտեսության ամբողջական, ապա՝ մասնակի «լոքդաունը» կաթվածահար է արել տնտեսության ամբողջ ճյուղեր՝ զբոսաշրջություն, հյուրանոցային, ռեստորանային բիզնեսներ, սրճարաններն էլ, թեև աշխատում են, բայց մի լավ օրի չեն։ Վերջին շրջանում «Հրապարակը» ամենատարբեր օգտատերից միևնույն բովանդակությամբ նամակներ է ստանում՝ ե՞րբ է բացվելու Ռուսաստանի հետ Հայաստանի սահմանը։ Վերջին նամակը՝ լատինատառ ստացել ենք այսօր․«Barev dez shatenq xndrum Rusastani sahmani bacelu hamar barcradayneq uxaki el dimanal chi linum mez sovacen toxnum partqeren havaqvum estex ashxatanq chunenq»․«Բարև ձեզ շատ ենք խնդրում՝ Ռուսաստանի սահմանի բացելու համար բարձրաձայնեք, ուղղակի էլ դիմանալ չի լինում, մեզ սոված են թողնում, պարտքեր ենք հավաքում, էստեղ աշխատանք չունենք»։ Երբ մեր թղթակիցը դեռ մեկ ամիս առաջ մեկնել էր Մարտունի, մոտակա բոլոր գյուղերի բնակիչները նույն բանն էին ասում՝ մի բան արեք։ Հայաստանի բոլոր գյուղերում արդեն 2000-ականներից հաստատվեց արտագնա աշխատանքի ավանդույթը, ինչը հնարավորություն էր տալիս երկիրը չլքել ու սոված չմնալ։ Հիմա կորանովիրուսը տասնյակ հազարավոր մարդկանց զրկել է այդ հնարավորությունից։ «Հրապարակը» խոսել է Հայաստանի ամենաշատն արտագնա աշխատանքի գնացող գյուղերից Գեղարքունիքի Մադինայի գյուղապետ Վրեժ Սարգսյանի հետ։ Վերջինս ասում է, որ ամեն տարի գյուղից մոտ 200 տղամարդ գնում է Ռուսաստան։ Գյուղում տնտեսությունները 170 են, այսինքն՝ ամեն տնից առնվազն մեկ մարդ, տուն էլ կա՝ 2-3 և հիմա բոլորը կանգնած են նույն խնդրի առաջ։ Բայց գյուղապետը չգիտես ինչու, լավատես էր և մեզ հետ զրույցում իրավիճակը նկարագրեց․․« էս պահին մն հողամասերը ցանել են, ոչինչ, յոլա են գնում, ուղղակի սպասողական վիճակ է՝ ուզում են դուրս գալ, Բայց դե ինչ անե՞ս, աշխարհով մեկ է եղել։ Բայց պրոբլեմը բնական է, որ կա»։ Խոպան չգնացածները, գյուղապետի տեղեկացմամբ՝ « կարտոշկա են ցանել, անասուն են պահում։ Շիրակի մարզի Մեծ Մանթաշը ևս հայտնի է իր արտագնա աշխատանքի գնացող տղամարդկանցով։ Համայնքի ղեկավար Արկադի Գրիգորյանն ասոմ է, որ տարի է եղել՝ գյուղի 2490 հոգուց մինճև 500-ը մեկնել են։ Հիմա նրանք Մանթաշում են, և ինչպես նախորդ գյուղում զբաղված են հողագործությամբ և անասնապահույամբ։ Սա հիմա, իսկ ձմռա՞նը։ «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանի խոսքերից դատելով՝ ստիպված գյուղացի դարձած արտագնա աշխատողներին լավ օրեր չեն սպասում նաև ձմռանը։ «Քաղաքում ապրողները, լավ , թե վատ, թեկուզ չնչին ինչ-որ օգնություններ են ստացել։ Գյուղացիները հաշվառված աշխատողներ չեն և ոչինչ չեն ստանում։ Հիմա արտագնա աշխատողները մնացել են սեփական հողի հույսին և Ռուսաստանում շինարարություն անելու տարիներին՝ մոռանալով հողի մշակությունը,  ձախողել են՝ լավ բերք չեն ստանալու»,-ասաց Բերբերյանը։ Մանավանդ, որ, ըստ Բերբերյանի, Շիրակի մարզում հիմնականում կարտոֆիլ են ցանել, իսկ երեկ չէ առաջին օրվա կարկուտը կարտոֆիլի բերքի մոտ տասը տոկոսը վնասել է։