Սերժ Սարգսյանը՝ դատարանում. բացարկ հայտնեցին դատախազին

Սերժ Սարգսյանը՝ դատարանում. բացարկ հայտնեցին դատախազին

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում մեկնարկեց Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով դատական նիստը։

Նիստին պաշտպանական կողմը բացարկ հայտնեց դատախազ Արսեն Մարտիրոսյանին։

Ըստ նրանց՝ բացառվում է Մարտիրոսյանի մասնակցությունը սույն վարույթին։ Նրանք նաեւ առաջարկեցին իքնաբացարկ հայտնել, եթե ոչ, ապա՝ հայտնում են բացարկ։

Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանն ասաց, որ ըստ մամուլի հրապարակումների՝ մասնավորապես՝ «Հրապարակ» թերթի՝ այս գործով պայմանավորված դատախազները իրար ետեւից հեռանում են, եւ նախկին դատախազն ինչո՞ւ է հրաժարվել սույն քրգործով հսկողություն իրականացնելուց։

Դատավորի հարցին ի պատասխան՝ Սերժ Սարգսյանը ասաց, որ միանում է միջնորդությանը։

Նշենք, որ նրանցից 4-ին՝ Սերժ Սարգսյանին, Բարսեղ Բեգլարյանին, Սամվել Գալստյանին եւ Գեւորգ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը կազմակերպել, դրդելը, օժանդակելը), իսկ Սերգո Կարապետյանին՝ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը):

Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ եւ Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գեւորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամը: