Հայաստանը պետք է երկարաձգի ոչ թե կապիտալացվելու, այլ խաղաղության ժամանակը

Հայաստանը պետք է երկարաձգի ոչ թե կապիտալացվելու, այլ խաղաղության ժամանակը

Տարածաշրջանում ձեւավորված ռազմաքաղաքական իրողություններն այնպես են դասավորվել, որ Հայաստանը ստիպված է շատ բան անել «խաղաղության ժամանակը» երկարաձգելու համար: Սակայն երկրի ռազմաքաղաքական դասը պետք է չմոռանա նաեւ, որ հարցերն այս տարածաշրջանում ավելի շատ լուծվում են ոչ թե խաղաղության, այլ պատերազմի տրամաբանությամբ: Եվ, հետեւաբար, այնպես չպետք է լինի, որ Հայաստանն այնքան տարվի «խաղաղության ժամանակը» երկարաձգելու տեսլականով, որ արդյունքում երկարացվողը միայն նրա «կապիտալացվելու ժամանակը» լինի:

Անկախ նրանից, որ մենք հասկանում ենք, որ թուրքերն ու ադրբեջանցիները մեր հարեւաններն են դարձել երեկ եւ այստեղից չեն գնալու նաեւ վաղը, անկախ նրանից, որ ընդունում ենք, որ լավ հարեւանությունը խաղաղության տրամաբանությամբ արվող հարեւանությունն է, միեւնույն է, մենք չպետք է մոռանանք, որ աշխարհագրությունը շատ կոնկրետ եւ շատ համառ բան է: Այնքան կոնկրետ եւ այնքան համառ, որ կարող է ոչ միայն մոտեցնել, այլ նաեւ հակադրել հարեւանությամբ ապրող ժողովուրդներին: Իսկ մեր եւ նրանց միջեւ գոյություն ունեցող հարաբերությունները հենց այդ կարգին դասվող հարաբերություններ են: 

Այս առումով անչափ կարեւոր է, որ մենք մեկընդմիշտ հասկանանք այն պարզ ճշմարտությունը, որ թուրքերն ու ադրբեջանցիներն ինչպես երեկ չեն ուզել, այնպես էլ վաղը չեն ուզենալու, որ մենք ապրենք, լինենք այս տարածաշրջանում:

Բայց ավելի կարեւոր է, որ մենք, ժողովրդի լեզվով ասած, «ականջներիս օղ անենք» այն, որ նրանց այդ չուզելը ոչ թե «մեզ չսիրելու» նրանց կամակորությունների, այլ իրենց աշխարհաքաղաքական նկրտումների եւ ծրագրերի իրականացման հետ է կապված: Իսկ այդպիսի «չուզենալները» արագ փոփոխվող «չուզենալներ» չես համարի: Հետեւաբար, անկախ խաղաղության մասին ունեցած մեր պատկերացումներից, անկախ խաղաղ ապրելու մեր ցանկության մեծությունից, մեր եւ Ադրբեջանի, մեր եւ Թուրքիայի միջեւ երկարատեւ խաղաղությունը ոչ թե մեր կողմից արվող «անվերջանալի զիջումներով», այլ «համաձայն չենք» ասելու մեր կարողությամբ է իրականություն դառնալու:
Դրա լավագույն վկան մեր եւ նրանց պատմությունն է: Պատմություն, որն ապացուցում է, որ մեր եւ նրանց միջեւ հաստատված խաղաղությունները միշտ էլ ոչ թե պայմանավորվածությունների, այլ պատերազմների ճանապարհով են եկել:

Ահա, սա է ճշմարտությունը: Այն ճշմարտությունը, որը չսերտելու, որի հետ հաշվի չնստելու իրավունք ոչ ոք մեզ չի տվել: Ոչ ոք մեզ իրավունք չի տվել հավատալու, որ այսօրվա Ադրբեջանը, առավել եւս՝ Թուրքիան, կարող են իրենց հոժար կամքով, միայն խաղաղության հասնելու անկեղծ ցանկությունից դրդված, ընդունել Հայաստանի գոյությունը, հոժարակամ ճանաչել եւ հարգել նրա կարմիր գծերը: Նրանք դա կանեն, դրան կհարմարվեն միայն այն ժամանակ, երբ մենք նրանց կհակադրվենք կազմակերպված հայությամբ եւ արդյունավետ ու ուժեղ պետականությամբ:

Իսկ եթե մենք անցած 30 տարիների նման, երբ մեր հիմնական գործը թողած՝ գնում էինք ինչ-որ կասկածելի «ստատուս քվո» պահելու հետեւից, հիմա էլ կառչենք նույնքան անհասկանալի՝ «տարածաշրջանային խաղաղության» տեսլականից եւ մեր «խաղաղության ժամանակը» չօգտագործենք այնպես, որ հաջորդ անգամ պատերազմի դաշտ ավելի պատրաստված ներկայանանք, ապա պետք է վստահ լինենք, որ մենք այդպես կերկարացնենք ոչ թե «Հայաստանի խաղաղության», այլ «նրա կապիտուլացվելու» ժամանակը: Իսկ դա ոչ միայն անթույլատրելի, այլեւ այս երկրի թույլ տված ամենամեծ սխալը կլինի: 

Գալուստ Սարգսյան