Ջհանգիրյանը Վերաքննիչում է եղել, երբ ընթացել է Չարչյանի գործով նիստը․ Ալեքսանյան

Ջհանգիրյանը Վերաքննիչում է եղել, երբ  ընթացել է Չարչյանի գործով նիստը․ Ալեքսանյան

Չեմ ուզում վերացական դատողություններ անել, թե կոնկրետ այդ գործով էր պայմանավորված այցելությունը, թե՝ ոչ։ Բայց օբյեկտիվ դիտողի կողմից արդյոք չի՞ կարող լինել կասկած, որ դա պայմանավորված էր հենց Արմեն Չարչյանի գործով։ Նման մի փոքր կասկածի դեպքում մենք օրինական դատարանի մասին խոսք չենք կարող ունենալ։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը՝ պնդելով, որ Արմեն Չարչյանի դատական նիստի ընթացքում Գագիկ Ջհանգիրյանը մտել է Վերաքննիչ դատարան։ Ալեքսանյանը, հիշեցնենք,  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի հետ քիչ առաջ տեսակցել է Չարչյանին։

«Հետևյալ իրավիճակն է եղել։ Պատկերացրեք , որ  ունենք Արմեն Չարչյանի վերաբերյալ նշանակված դատական նիստ և այդ ընթացքում Գագիկ Ջհանգիրյանը մտնում է Վերաքննիչ դատարանի շենք»,- հավելեց Ալեքսանյանը։

Խոսելով դատական պրոցեսի մասին, պաշտպանն ասաց․ «Դատարանից լուր չունենք այն պարզ պատճառով, որովհետև դատավորը, որի վարույթում գտնվում է Արմեն Չարչյանի գործը, արձակուրդում է և վերադառնալու է ամսի 22-ին։ Մենք երեկ ենք տեղեկացել այդ մասին։ Դատական նիստ նշանակված է հոկտեմբերի 1-ին, բայց հույս ունենք, որ դատավոր Միսակյանը արձակուրդից հետո մեր պահանջը ընդունելի կհամարի, հրատապ դատական նիստ կհրավիրի, և կքննարկվի խափանման միջոցի փոփոխության հարցը»։