Փրկարար տաբու

Փրկարար տաբու

Ունիվերսիալիաների շուրջ միջնադարյան փիլիսոփայական բանավեճի (առաջնայինը իրերը՝ երեւույթնե՞րն են, թե՞ նրանց ընդհանուր հասկացությունները՝ անվանումները) ակունքները հասնում են մինչեւ հին հունական փիլիսոփայություն՝ մինչեւ Պլատոն, որը կարծում էր, թե առաջնայինը գաղափարներն են՝ իդեաները․ նրանք են ծնունդ տալիս իրերին։ Բայց մինչ փիլիսոփաները կբանավիճեին, հասարակ մարդիկ իրենց պարզ ընկալումներում հազարավոր տարիներ առաջ արդեն մեկընդմիշտ լուծել էին այդ խնդիրը եւ հասել այն բանին, որ տաբուներ սահմանվեն որոշակի անունների համար։ Եվ այսօր աշխարհի բոլոր ժողովուրդներն ունեն տաբուների իրենց «զինանոցը», որոնցով զինված՝ պայքարում են չարի, չարիքի, մահվան ու կործանումի դեմ։ 

Հայ ժողովուրդն էլ ունի այդօրինակ տաբուներ։ Ըստ մեր ժողովրդի հնագույն հավատալիքների՝ չարի, նեռի անունները չպետք է հնչեցնել, որովհետեւ դրանք դիվային զորություն ունեն կերպավորվելու եւ իրականություն դառնալու։ Հենց միայն սատանայի մասին հայ ժողովրդական ասացվածքները բազմաթիվ են․ «Սատան/այ/ի ականջը՝ խուլ», «Սատան/այ/ի (չարի) անունը տուր՝ կա՛մ դուռն է, կա՛մ երդիկը» եւ այլն։ Ահա թե ինչու անհիշելի ժամանակներից հայ օջախներում ընդունված չէ սատանայի անունը տալ․ մեկ էլ տեսար՝ կհայտնվի, որովհետեւ իր նկրտումներում նա միշտ է գործում անվրեպ։

Այսօր, ահա, եւս մի սատանա է հայտնվել մեր տանը՝ երկպառակության, ներքին տրոհման մահաշունչ չարիքը, նա ինքը՝ սատանան, որ անունը փոխած՝ հիմա «դավաճան» անունն է կրում, իսկ նրա փնտրտուքը մեր օջախի մեջ արդեն իր հետեւից երկպառակության որոմ է ցանում եւ տունը վերածում համընդհանուր կասկածամտության վայրի։

Շատ չտանք այդ չարիքի անունը, եղբայրնե՛ր ու քույրե՛ր, որովհետեւ նրա մասին նույնիսկ անտարակուսելի պնդելիս կամ հիմնավոր խոսելիս մենք բազմապատկում ենք նրան․ դե, իսկ անհիմն խոսելիս ուղղակի հրավիրում ենք նրան մեր տուն եւ իր չար տնօրինությանը հանձնում մեր օջախը։