Մեկ ամսում արդեն երկրորդ դեպքն է, որ առողջապահության նախարարությունից տվյալներ են գողանում ադրբեջանցիները

Մեկ ամսում արդեն երկրորդ դեպքն է, որ առողջապահության նախարարությունից տվյալներ են գողանում ադրբեջանցիները

Մի քանի օր է՝ համացանցում քննարկվում է այն, որ ադրբեջանցի հաքերները Հայաստանի կառավարությունից ինչ-որ տվյալներ, փաստաթղթեր են կարողացել գողանալ ու դրանք հրապարակել։ Օրինակ՝ ֆեյսբուքում հրապարակվեց Հայաստանի առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի կողմից ստորագրված մի փաստաթուղթ , որը գողացել են ադրբեջանցիներն ու տարածում են ադրբեջանական տիրույթում։

Ադրբեջանական հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան Hraparak.am-ի հետ զրույցում ասաց, որ նախկինում էլ են եղել նման փորձեր, որ ադրբեջանցիները փորձել են մեզանից փաստաթղթեր գողանալ, բայց այստեղ շատ կարոևր է դրանց հակազդման հարցը։

«Եթե վերջին մի ամսվա ընթացքում արդեն երկրորդ դեպքն է, որ առողջապահության նախարարությունից տվյալներ են գողանում ադրբեջանցիները, որոնք կոնկրետ Covid-ով հիվանդների անձնական տվյալներ են ու փակ փաստաթղթեր, դա նշանակում է, որ առաջին անգամից հետո խնդիրը չի լուծվել, աչքաթող են արել, անվտանգության  նորմերի պահպանման վերաբերյալ խստացում չի եղել։ Իսկ երկրորդ անգամից հետո, հուսով եմ, վերջապես կգիտակցեն խնդրի կարևորությունը, որովհետև այդ ամբողջ դատա-բազան, որ ադրբեջանցիները հավաքում են, իրենք դա վերլուծում են և օգտագործում են»,-ասաց Անժելա Էլիբեգովան։

Հարցին՝ բովանդակային առումով այն, ինչ իրենք տարել են, վտանգավո՞ր է, փորձագետն ասաց՝ խնդիրն այն է, որ մենք չգիտենք՝ իրենք ինչ են տարել։ «Մենք ունենք իրենց կողմից հրապարակած ինչ-որ կցկտուր ինֆորմացիա, բայց դա կարող է լինել 0.001 տոկոսը նրա, ինչն իրենք իրականում տարել են, և դրա մասին մենք չգիտենք։ Այսինքն՝ դա կարող է լինել բազմաթիվ ՀՀ քաղաքացիների անձնագրեր, ինչն արդեն վտանգավոր է, դրանցով կարող են հայերի անուններով կեղծ օգտահաշիվներ ստեղծել և դրանք օգտագործել Հայաստանում ապատեղեկատվություն և խուճապ տարածելու համար։ Նման դեպք, օրինակ, եղել է 2016-ի ապրիլյան պատերազմի օրերին»։

Ըստ Էլիբեգովայի՝ Հայաստանի իշխանությունները պետք է նախևառաջ հասկանան բացերը առողջապահության նախարարության համակարգում, պետք է բոլոր աշխատակիցներն անցնեն ինստրուկտաժ՝ ինչպես անվտանգ օգտվել համացանցից։ «Ու տարօրինակ է, որ մեկ անգամ դա տեղի է ունեցել մի քանի շաբաթ առաջ, և նորից կրկնվում է, ինչը նշանակում է, որ այդ աշխատանքը չի կատարվել։ Մեծ հույս ունեմ, որ այս անգամ գոնե անվտանգությունը կապահովվի»,-ասաց տիկին Էլիբեգովան։