Ասել ճշմարտությունը

Ասել ճշմարտությունը

Պաշտպանության բանակն ամեն օր տեղեկություններ է հաղորդում զոհված զինծառայողների մասին՝ անուններով, ծննդյան թվականներով։ Մենք ազգովի դարձել ենք այդ սեւ ցուցակների ամենօրյա ընթերցողը՝ ցավը սրտներումս։ Ոչինչ, ոչ մի սփոփիչ խոսք ի զորու չէ ամոքելու ցավը, մեղմելու կորստյան կսկիծը՝ բացի այն գիտակցումից, որ մեր որդիներն ու եղբայրները զոհվել են հանուն հայրենիքի, հանուն մայր հողի։

Սեւ ցուցակները՝ ողբերգական ու մահաշունչ, մարդկանց հասցնում են դառնագին ճշմարտությունը, որը թաքցնելն անբարո եւ աններելի կլիներ։ Ինչ խոսք, անհնար է ապահովել այդ ցուցակների լիարժեք հավաստիությունը, քանի որ դրանք գալիս են մարտադաշտից, հետեւաբար՝ անխուսափելի են սխալմունքն ու անճշտությունները։ Այնուամենայնիվ, այդ ցուցակներում մեր որեւէ զավակի անվան բացակայությունը մեր սիրտը լցնում է հույսով, որ նա ողջ է, թեկուզ՝ վիրավոր։ Ուրեմն՝ այդ ցուցակները ոչ միայն մահվան գույժ են, այլեւ հույսի շող։ Հույս, որ ապրեցնում է։
Մեզ ապրեցնում է ճշմարտությունը։

Բայց այսչափ ճշտախոս լինելով զոհերի առումով՝ հանրությունն անիրազեկ է մնում մեր տարածքային կորուստներից, քանի որ պաշտոնական տեղեկատվությունը, որ սովորաբար ընդհանուր է, իր անորոշությամբ սքողում է դրության իրական պատկերը։ 
Բնական հարց է ծագում․ եթե մենք անուն առ անուն գիտենք մեր նահատակներին, ինչո՛ւ նույն ճշմարտախոսությունը չի գործում տարածքային կորուստների մասին։ 
Մանավանդ որ այսպիսի դեպքերում առաջ է մղվում հոգեբանական մի գործոն, ըստ որի՝ եթե դու ծածուկ ես պահում ինչ-որ բան, ուրեմն կարող են հավաստի չլինել նաեւ այն տեղեկությունները, որոնք ուղղակի առնչվում են այդ ծածուկին։ Այլ կերպ ասած՝ տարածքային կորուստների մասին անհրաժեշտ տեղեկատվության բացակայությունը կասկածի տակ կարող է դնել նաեւ մեր զոհերի մասին առկա տեղեկատվության հավաստիությունը։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մեր տարածքային կորուստների մասին վերջերս արած ընդհանրական ակնարկները ճշմարտությունը մատուցեցին ոչ լիարժեքությամբ, հետեւաբար՝ անմիջապես դարձան վտանգավոր ուռճացումների, ի վնաս մեզ՝ չափազանցությունների, դրանցով պայմանավորված՝ նաեւ խուճապային տրամադրությունների պատճառ։

Ասել ճշմարտությունը․ ահա այն ակնկալիքը, որ ունի մեր ժողովուրդը, հասարակությունը։ Իշխանությունները պարտավոր են մարդկանց մատուցել հնարավորինս լիակատար ճշմարտությունը ռազմաճակատում տիրող իրավիճակի մասին, որովհետեւ ճշմարտությունը կիսատ չի լինում։