Ամբոխն ու իմաստունը

Ամբոխն ու իմաստունը

Այն օրերին, երբ էյֆորիան մեզ բոլորիս «տարել» էր, եւ մենք կանխավ ըմբոշխնում էինք լավ երկրում, դեմոկրատական ու առաջադեմ երկրում ապրելու վաղահաս հաճույքը, դասախոս ընկերս, որ երբեք քաղաքականությամբ չի զբաղվել, մեղմ ժպիտով եւ իմաստուն հոգոցով ասում էր․ «Շատ մի ոգեւորվեք, ճտերն աշնանն են հաշվում»։ Հաջորդ դիտարկումը նա արեց արդեն վարչապետի ընտրության օրերին, երբ բոլորս կուրացած ու խլացած մի բան էինք փափագում, որ Հանրապետականը նահանջի եւ ընտրի մեր «ընտրյալին»։ Նա տխուր հոգոցով ասում էր․ «Ինչպե՞ս կարելի է ընտրել մի մարդու, որն ասում է՝ կա՛մ ես կլինեմ վարչապետ, կա՛մ այս երկիրը վարչապետ չի ունենա»։ Ու դրանից հետո պարբերաբար նա փորձում էր մեզ՝ սիրուց ու հիացմունքից մթագնած գիտակցությամբ ամբոխիս, խելքի բերել, ինչ-որ բաներ հասկացնել։

Երբ Փաշինյանը վարչապետի պաշտոնում առաջին հանրահավաքն արեց՝ օգոստոսի 17-ին, իր պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ, նա «դատավճիռը» կայացրեց․ «Այս մարդն ամբոխավար է, նա երբեք վարչապետ չի դառնա»։ Երբ հոկտեմբերի 2-ին ԱԺ-ն իր համար անցանկալի որոշում կայացրեց, եւ նա իր կողմնակիցներին՝ մթնշաղին հավաքեց ԱԺ բակում ու հենց տեղում նախարարներ ազատելու որոշումներ ստորագրեց, ընկերոջս հայացքն ավելի մռայլվեց․ «Սա մեզ շատ վատ տեղ է տանելու՝ ինչպե՞ս չեք հասկանում»։

Մեզնից ոմանք, իհարկե, սկսել էին հասկանալ, թե ինչ պատմության մեջ ենք ներքաշվել ազգովի, բայց դեռ դիմադրում էինք, փորձում արդարացնել, բացատրություններ էինք գտնում բոլոր ոչ ադեկվատ եւ վտանգավոր քայլերին։ Իսկ դասախոս ընկերս հոգնած նայում էր մեզ ու գլուխը տմբտմբացնում․ «Ձեր անմտությամբ եւ լուռ համաձայնությամբ երկիր ենք կորցնելու՝ ուշ է լինելու»։ Պատերազմից հետո ես ամաչում եմ նայել նրա աչքերին։