Ալիևը խեղդեց Ռուսաստանին, նրա ծանր վիճակից օգտվելով, հիմա Մոսկվան պետք է հաշիվ պահանջի
Նոյեմբերի 8-ին, 44-օրյա պատերազմում հաղթանակի օրվա կապակցությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ուղերձով է հանդես եկել, որում կրկին Հայաստանի վրա մատ է թափ տվել և սպառնալից հայտարարություններ է արել։ «Հայաստանը պետք է հրաժարվի զինվելու քաղաքականությունից, սրան պետք է վերջ տալ», «նրանք պետք է հրաժարվեն դրանից, քանի դեռ ուշ չէ», «Ադրբեջանի զինված ուժերը գտնվում են լիարժեք մարտական պատրաստության վիճակում»։ «Նրանք երբեք չեն կարողանա մրցել մեզ հետ», «Մենք պատերազմ չենք ուզում: Մենք հասանք մեր ուզածին, ապահովեցինք մեր տարածքային ամբողջականությունն ու պետական ինքնիշխանությունը», - ասել է Ադրբեջանի նախագահը, շեշտելով, որ արևմտյան որոշ պետություններ Հայաստանին դրդում են նոր պատերազմի։
44-օրյա պատերազմը Ալիևը «հակաահաբեկչական» գործողություն է անվանել, իսկ Հայաստանի պարտությունը՝ «դառը», «նվաստացուցիչ»։ Ալիևի պնդմամբ որոշակի արևմտյան հովանավորներ փորձում են Հայաստանից Խաղաղության աղավնի կերտել, կարծես չի եղել 30-ամյա օկուպացումը, «Ղարաբաղի եւ Արևելյան Զանգեզուրի ամայացումը», նաև կոչ է արել հետագա սերունդներին չմոռանալ այդ պատմությունը։
Ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանի կարծիքով, Ալիևն իր ուղերձով ոչ թե ամփոփում է Ադրբեջանի հաղթանակն ու 4 տարվա հաջողությունները, այլ ընդգծում իր իշխանությունը։ «Որդու հետ նկար է գցում, եթե տեսել եք, ինքն իր որդուն արդեն դնում է իր հետնորդի դերում։ Այս ողջ տարվա ընթացքում շատ օֆիցիալ հանդիպումների իր որդին մասնակցել է։ Ես կողմ եմ` թող գա իր որդին, որովհետև դա նորմալ չի։ Թող լինի։ Ես չեմ ցանականա, որ Ադրբեջանը ժողովրդավարական լավ երկիր լինի։ Շահարկելով Արցախի հարցը, մեր թուլությունից օգտվելով` հասավ հաջողության, ու 4 տարի է, կերցնում է դա իր ժողովրդին, բայց մենք Ադրբեջանում տեսնում ենք կոռուպցիա, եկամուտների անկում, մարդու իրավունքների հետ կապված խնդիրներ։ Աշխարհն առաջ է գնում, նոր ինֆորմացիոն տեխնոլոգիաներ են մտնում, իսկ Ալիևը Ալիևների կլանի երրորդ սերունդն է բերում արդեն։ Թող բերեն, թող այդ գոլորշին կուտակվի», ասում է փորձագետը։
-Ընդհանուր առմամբ ինչպե՞ս եք բնորոշում Ալիևի ելույթը՝ հերթական սպառնալի՞ք, ճնշո՞ւմ բանակցային գործընթացի վրա ազդելու համար։
-Ալիևն անում է այն, ինչ որ մենք չէինք անում այս 25 տարում։ Ամեն տարի, սկսած սեպտեմբերի 27-ից, նոյեմբերի 8-ը` ներառյալ, ամեն օր նրանք ասում են, թե այդ օրը նրանք մեզանից ինչ են գրավել ու ինչ հաջողության են հասել։ Բայց այս պահին, երբ մենք խոսում ենք, աշխարհում գնում են տեկտոնական փոփոխություններ։ Պուտինը «Վալդայ» ակումբում ասում է՝ ես կզանգահարեմ Թրամփին, իսկ Թրամփը մի ժամ հետո ասաց՝ կարծում եմ, մենք կխոսենք։ Երկրորդ էշելոնի չինովնիկները, որոնք մոտ են Պուտին-Թրամփ զույգին ասում են, որ ռուս-ուկրաինական պատերազմն ավարտվում է, արդեն խելոք խաղացողները դիրքավորվում են հունվարի 20-ից հետո գալիք իրականության մեջ, որում մենք չգիտենք` Ալիևն ինչ տեղ կունենա, մենք` ինչ տեղ կունենանք։
- Ալիևը Թրամփին պաշտպանում էր, շատ վերլուծաբաններ համարում են, որ Թրամփի գալը բարենպաստ է լինելու Ադրբեջանի համար։
- Բայց Թրամփի վերջին հայտարարությունը` 3 օր առաջ, որ նա խոսել էր Արամ Կաթողիկոսի հետ ու ասել էր, որ եթե ինքը դառնա նախագահ, կվերականգնի խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև, շատ էր խոցել Ալիևին։ Իրենք այն ջղաձիգ ժպիտով ներկայացրեցին` որպես նախընտրական քայլ, բայց նրանք ոչ մի երաշխիք չունեն։ Այստեղ այլ խնդիր էլ կա՝ արդեն պարզ է, որ ուկրաինական պատերազմում ռուսները լիարժեք չեն հաղթի, Արևմուտքն էլ լիարժեք չի հաղթի, մեծ հաշվով արդեն պարզ է, որ լինելու է ՄԻՆՍԿ-3 համաձայնագիր, այսինքն՝ զորքերը կանգնելու են իրենց կետերում, ով` որտեղ կա, ինչի մասին արդեն հայտարարել են ամերիկացիները։ Ռուսներն արդեն այդ համաձայնությունն ունենալով գրպանում, առևտրի մեջ են մտնում՝ ասում են, որ առնվազն 5 շրջանները պետք է վերցնեն, ու Ուկրաինան պետք ընդունի, որ այդ տարածքներն իրենն են, Ղրիմը` ներառյալ, դրանից հետո արդեն ով որտեղ կանգնած է, կմնա այնտեղ։ Հիմա ռուսները կուզեն նաև Խերսոնը գրավել, որը գետի մյուս ափին է, իսկ Թրամփը կասի՝ տղա ջան, արդեն շատ ես ուզում։ Սրանք բանակցության հարցեր են, բայց գլխավորն այն է, որ Ուկրաինական պատերազմն ավարտվելու է, իսկ դրանից հետո պաշտոնական Մոսկվան, որին Թրամփը հանձնելու է հետխորհրդային տարածքը, գալու է մեր երկիր ու նախևառաջ այս չորս տարվա հակառուսական քաղաքականության համար, որն ինքը ատամները սեղմած կուլ էր տալիս, պատասխան է պահանջելու։
-Ալիևի հետ ինչպե՞ս կդասավորվեն ՌԴ հարաբերությունները։
-Օգտվելով Մոսկվայի վատ վիճակից, պաշտոնական Բաքուն թալանեց Մոսկվային Արցախում։ Մոսկվան 2020 թվի պատերազմում մեզ բերեց, հասցրեց այն դուռը, որ ինքը պետք է բազա ունենար ու իրեն լավ զգար, մեզ ու Ղարաբաղը հսկողության տակ պահելով, իսկ Ալիևը խեղդեց Ռուսաստանին, նրա ծանր վիճակից օգտվելով, ու ռուսական բազան հանել տվեց այս տարի։ Հիմա կարող է Մոսկվան հետ գա, ու հաշիվ պահանջի։ Ոնց որ երկու հոգի գնան` բանկ թալանեն, կողմերից մեկը թալանածը վերցնի ու փախչի։
-Բայց Ալիևը ինչո՞ւ ձեր ասածի պես չի դիրքավորվում այս նոր իրողություններում, ինչո՞ւ է շարունակում հոխորտալ, ինչո՞ւ նրա տոնայնության մեջ չկա փոփոխություն։
-Սպասեք, երկու օր է դեռ անցել։ Իներցիայի խնդիր կա, մարդիկ դեռ իրենց շուրջն են նայում։ Եւ հետո Թրամփը չի հայտարարել, որ Հայաստանի թիկունքին կկանգնեն, ինչպես, ասենք, Քուվեյթի թիկունքին կանգնեցին։ Ադրբեջանը դեռ շարունակում է առաջնորդվել երկաթյա բռունցքի սկզբունքով։ Կարող է մի երկու ամսից դադարի այդպես խոսել, իսկ առայժմ շարունակում է շահագործել հաղթանակի գաղափարը, վերջին օգուտներն է քաշում դրանից։ Իսկ մենք անգամ Մայիսի 9-ը կարգին չենք նշում։ Առաջ էլ էր այդպես, հիշո՞ւմ եք, ինչպես էինք նշում մեր հաղթանակները։ Սուտի ուռճացված կեղծ հերոսներով, մեդալներ տալով, պաթետիկ դատարկ տեքստեր գրելով, պաթետիկ հաղորդումներ էինք անում՝ «Հայ զինվոր», «Զինուժ», եսիմ ինչ։
- Հիմա էլ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանն ասում է՝ Հայաստանը հնարավորություն չունի կռվելու ադրբեջանցիների դեմ։ Սա ի՞նչ է։
- Էլ ի՞նչ «Երկրապահ» է, ավելի լավ է, գնան տներով։ «Երկրապահը» էն կառույցն է, որ եթե անգամ ամբողջ աշխարհը ասի, որ Հայաստանը չի կարող պաշտպանվել, նա բազեի նման պետք է պատրաստ լինի պաշտպանության, անգամ տրամաբանությունից դուրս լինելով, պետք է կանգուն լինի։ Դու Մայր Թերեզայի միավորումը չես, բարեկիրթ օրիորդների դպրոցը չես, դու պետք է կռվարար լիենես, դու կաս դրա համար։ Եթե դու այլ բան ես ասում, դու էլ ի՞նչ «Երկրապահ»։ Նայեք՝ Ալիևը ինչ ինֆորմացիոն արշավ է տանում․ հոկտեմբերի 17-ին գրավեցինք Ջեբրայիլը, նոյեմբերի 6-ին՝ Շուշին, նշում են հերոսների անուններ։ Մենք ի՞նչ ենք անում։ Սեպտեմբերի 20-ը՝ Արցախի հայաթափման օրը, եկավ, անցավ, կես բերան մեր օֆիցիալ իշխանությունները չասեցին, որ հայաթափումից մի տարի անցել է։ Բա նախկիննե՞րը։ Ասում էին՝ ռուսը չի թողնի կռիվ լինի, տեսա՞ք ոնց թողեց։ Նրանք չեղած Խոջալուն դրոշ են սարքում, իսկ մենք Ցեղասպանության մասին ասում ենք՝ մեր առաջնահերթությունը չի։ Բա ի՞նչն է քո առաջնահերթությունը։
-Ալիևն ասում է՝ Հայաստանը զինվում է։ Նա իրո՞ք լուրջ է ընդունում մեր զինվելու մասին լուրերը։
-Թեեւ իշխանություններն ուռճացնում են այդ զինվելու չափերը, բայց որոշ չափով, այո՝ զինվում է։ Ես հաստատ չգիտեմ, իմանամ էլ, բացահայտ չեմ ասի, բայց ենթադրվում է, որ որոշ հրետանային, ՌԷՊ /ռադիոէլեկտրոնային պայքար - Ս․Ս․/ միջոցներ Ֆրանսիայից ու Հնդկաստանից գալիս են։ Բայց կարծում եմ, դրա չափերը գերագնահատում են։ Մեր իշխանությունը ռազմական գաղտնիքի տակ ամեն ինչ փակում է, նաև չեղած գործը։ Ոնց որ ես գնամ, իմ տան փողերը կազինոյում կրվեմ, կինս ասի՝ ինչքան փող ունենք, ասեմ՝ ռազմական գաղտնիք է։
Կարծիքներ