Վաղուց չէի եղել Չարենցավանում
Օրերս Չարենցավան խոշորացված համայնքի գյուղերից մեկում էինք՝ արտասահմանից ժամանած ընկերոջս հետ: Գյուղի տեսարժան վայրերն այցելելուց հետո, առաջարկեցի գնալ Չարենցավան՝ փոքրիկ էքսկուսիայի: Երկու տեսարժան վայր էի պլանավորել՝ քաղաքի միակ, Սուրբ Փրկիչ եկեղեցին և «Վերածնունդ» հուշահամալիրը, որտեղ տեղադրված են Չարենցի «Գանգրահեր տղան» պոեմի մոտիվներով կառուցված արձանը և «Առատության կարասները»:
Նախքան այցելելը, ընկերոջս ասացի, որ այստեղ եղել է մեկ տեսարժան վայր ևս՝ արդյունաբերական գոտին: Դրանից էլ սկսեցինք: Ուրբաթ օր էր, ըստ էության, աշխատանքային: Քաղաքը և արդյունաբերական գոտին բաժանող ավտոճանապարհը նման էր գյուղամիջյան գրունտային ճանապարհի. երբեմնի ասֆալտից մնացել էին «կղզիներ»: Շարժ չկար, որովհետև արդյունաբերական գոտին էլ չկար:
Կային պարսպապատված տարածքներ և հատուկենտ, ենթադրաբար, հազիվ իրենց գոյությունը պահպանող որոշ արտադրություններ: Մինչդեռ, մինչև անկախանալը, մեկ տասնյակից ավելի միութենական ենթակայության գործարաններ են եղել, այդ թվում՝ ռազմական արդյունաբերության ոլորտի…
Այնուհետև այցելեցինք Սուրբ Փրկիչ եկեղեցի (2001 թ.), ուր հոգևոր դաս էին անցկացնում 6-րդ մանկապարտեզի սաները՝ իրենց դաստիարակների ուղեկցությամբ: Սաները արտասանեցին տողեր Սուրբ գրքից: Տպավորիչ էր: Չնայած նրանց տարիքին, նրանք բավական լուրջ դեմքերով ու իմաստալից էին արտասանում: Հոգևոր դասը հաջող անցավ: Երեխաները դուրս եկան եկեղեցուց, շարքով ճանապարհ ընկան դեպի իրենց մանկապարտեզ…
Այնուհետև այցելեցինք «Վերածնունդ» հուշահամալիր, որը չնայած տպավորիչ էր, այդուհանդերձ, անխնամ էր, հիմնանորոգման կարիք ուներ: Բացակայում էին առատության կարասները, բնականաբար, չէր կարող նախկինի նման ջուր հոսել բացակայող կարասներից:
Վերածնունդ և առատության կարասներ: Ընկերս թախծոտ աչքերով ուսումնասիրում էր շրջապատը, հետո դարձավ ինձ. «Ինչպե՞ս կարող է այս հուշահամալիրն անվանվել Վերածննդի, եթե այս վիճակում է, ինչպե՞ս կարող է այն խորհրդանշել մեր ազգի ու պետության վերածնունդը: Ինչպե՞ս կարող են մարդիկ բարեկեցիկ լինել, եթե առատության կարասները բացակայում են, իսկ այգու վիճակի մասին ավելորդ է խոսելը»: Թեպետ նախքան մեր այցելությունը ես գիտեի այդ վիճակի մասին, բայց նպատակահարմար համարեցի նրան ցույց տալ համալիրի երբեմնի «հմայքի» մնացորդները: Հետո ցույց տվեցի դիմացի սարի սոճու գեղեցիկ անտառը, որը հիմնվել էր դեռևս 1970-ականներին: Նրան «հուսադրելու» համար ասացի, թե սա դեռ լավ վիճակում է՝ արդյունաբերական գոտու համեմատությամբ:
Բայց, միևնույն է, նա տպավորվեց քաղաքից: Իրոք ապրելու համար հարմարավետ քաղաք է Չարենցավանը: Ուղղակի, լավ կլիներ ոչ միայն կենտրոնի, այլև ամբողջ քաղաքի բարեկարգման վրա ուշադրություն դարձնել: Ուրախալի է, որ հենց քաղաքապետարանի շենքի դիմաց կառուցվել է քաղաքի առաջին հյուրանոցը, որը գեղեցկացնում է կայարանամերձ հրապարակը: Ուրախալի է նաև, որ կառուցվել է երկրորդ սուպերմարկետը:
Թեև Չարենցավանում որոշ արտադրություններ կան, ցանկալի կլիներ տեխնոլոգիական նոր հենքով ստեղծել արդյունաբերական գոտի՝ նախկինի տեղում: Բայց դա հնարավոր կլինի, եթե նախ հոգևոր վերելք լինի և որպես դրա նախանշան՝ նոր շունչ ու բովանդակություն հաղորդվի «Վերածնունդ» հուշահամալիրին:
Գագիկ Վարդանյան
Կարծիքներ