Ոչ ՀՖՖ-ի ապագա նախագահը, և ոչ էլ նրա հարազատները չպետք է կապ ունենան հայկական ակումբների հետ

Ոչ ՀՖՖ-ի ապագա նախագահը, և ոչ էլ նրա հարազատները չպետք է կապ ունենան հայկական ակումբների հետ

«Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երեկ «Փյունիկը», «Շիրակը» և «Արարատը» համատեղ հայտարարություն էին կատարել: Իմ կողմից ցանկանում եմ դիմել բոլորին, ովքեր թեկնածություն են դնելու ՀՖՖ-ի նախագահական ընտրություններում և նրանց, ովքեր քվեարկելու են ու ամբողջ պատասխանատվությամբ են մոտենում դրան: Բացառիկ հնարավորություն ենք ստացել դեմոկրատական, օրինական ու թափանցիկ ընտրություններ անցկացնել: Իմ խորին համոզմամբ` ոչ ՀՖՖ-ի ապագա նախագահը և ոչ էլ նրա հարազատները չպետք է որևէ կապ ունենան հայկական ակումբների հետ:

Հարգելով ներդրողներին ու ակումբների սեփականտերերին` այդպիսի նախագահը չի կարող ապահովել իսկապես արդար ու անաչառ աշխատանք, վերադարձնել ակումբների վստահությունը Ֆեդերացիայի նկատմամբ և ապահովել հայկական ֆուտբոլի զարգացումը: Ցավոք, մեր պատմության մեջ արդեն եղել է այդպիսի կառավարման դառը փորձ, որը աղետային հետևանքներ ունեցավ: Բարձրագույն խմբում մնաց ընդամենը 6 ակումբ, որոնցից մի մասը ծրագրում էին դուրս գալ առաջնությունից:

Ժողովի անդամներին, ովքեր քվեարկելու են դեկտեմբերի 23-ին, խնդրում եմ կշռադատված որոշում կայացնել, որպեսզի մենք կարողանանք առաջ շարժվել, այլ ոչ թե հետ: Դեռ շատ բան է հարկավոր անել, որպեսզի հայկական ֆուտբոլը վերադառնա արժանի մակարդակի: Հուսով եմ` դեկտեմբերի 23-ին մեզ կհաջողվի ընտրել Գործկոմի հենց այն անդամներին և ՀՖՖ-ի նախագահին, ովքեր կկարողանան ապահովել օբյեկտիվ ու պրոֆեսիոնալ ապագա մեր հայկական ֆուտբոլի համար»։