«Մարալ»՝ եղջերվի պահածո… Էդ լո՞ւրջ եք ասում

«Մարալ»՝ եղջերվի պահածո… Էդ լո՞ւրջ եք ասում

Ասենք՝ Նիկոլն ու Մելիքբեկյանը չեն հեռանում… Բա հա՞ցն ինչու է այսպես թանկացել: Ո՞ւր է մեր էն կառույցը, որ հետեւում էր ապրանքների չարդարացված թանկացումներին, զեկույցներ էր հրապարակում, ժողովրդի արյունը ծծող, անբարո վարքագիծ դրսեւորող գործարարների էր պատժում, այնպիսի աղմուկ էր բարձրացնում չհիմնավորված թանկացումների դեմ, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանն անձամբ էր այցելում սուպերմարկետներ՝ սեփական աչքով տեսնելու այդ ամենը:

Այս հոդվածն էլ աղմուկ բարձրացնելու պես մի բան է: Իմ ձեռից էլ սա է գալիս… Ի՞նչ իմանաս, գուցե ֆուտբոլասեր վարչապետը պատահաբար կարդա ու հիշի իր «ժողջանին», որն այսօր հայտնվել է ծայրահեղ աղքատության եւ սանձարձակ տնտեսվարողների ճիրաններում: Բիզնեսի օրենքը մենք լավ գիտենք՝ ապահովել հնարավորինս մեծ շահույթ: Եղանակներն էլ գիտենք՝ կրճատել եւ օպտիմալացնել ծախսերը, էժան հումքի (մեր կարգի երկրներում որակն էական չէ) աղբյուրներ գտնել, եթե սննդամթերք է՝ քաշի մեջ խաբել, անիշխանությունից օգտվելով՝ գին թռցնել եւ այլն, եւ այլն:

Փորձի համար 3 օր շարունակ նույն տիպի 3 հաց եմ գնել նույն խանութից: Եվ պատկերացրեք՝ 3 հացն էլ տարբեր քաշերի են եղել, թեեւ երեքի գինն էլ նույնն էր: 270 դրամանոց հացերի մեջ մինչեւ 100 գրամի տատանում կար: Ո՞վ պետք է հետեւի հացի փռերի աշխատանքին, ո՞վ պետք է մտածի խեղճուկրակ քաղաքացու մասին, որ անբարեխիղճ հացարտադրողները չլափեն նրա առանց այն էլ օգնություն աղերսող կենսաթոշակն ու նպաստը:

Մի այլ տեսակի խայտառակություն է տիրում կաթնամթերքի, ձվի ու մսամթերքի բաժիններում: Երշիկեղենի մասին կլռեմ. խոտ՝ տարբեր ֆիրմաների ամենատարբեր փաթեթավորումներով ու անվանումներով: Գները՝ 1900-5000 դրամ միջակայքում: «Չայնայա», «Բժշկական», «Սիրողական», «Տալինյան», «Կոնյաչնի», «Տրադիցիոննի», «Սերվելատ», «Պապրիկա», «Նրբերշիկ կանադական», «Նրբերշիկ գերմանական»… Թվարկելով չի վերջանա, բայց էդ արտադրողին երբեւէ մեկը հարցրե՞լ է՝ տղա ջան, դու գերմանական նրբերշիկ գոնե տեսած կա՞ս: Բոլոր տեսակի ապուխտները պատրաստված են ներմուծված էժանագին մսից, որ դրսերում, ով գիտի, միայն գազանանոցների համար է: Անցյալ օրն ի՞նչ տեսա, տեր Աստված… Տուշոնկա: Եղջերուի տուշոնկա՝ վրան գրված «Մարալ»: Քրքրեք ինձ ասեղներով, բայց ես չեմ հավատա, որ «բարեխիղճ» հայ ներկրողները Չուկոտկայից եւ Կանադայից եղջերվի պահածո կներկրեն ու «Մարալ» անվանումով կհրամցնեն մեզ նման նախրին:

Ձու են ծախում համարներով․ խոշորը՝ 65 դրամ, մանրը՝ 55, ավելի մանրը՝ 45: Ամեն ինչ կախված է, սակայն, վաճառողի աչքաչափից: Վաճառողի աչքաչափն էլ, բնականաբար, ձեւավորվում է թռչնաֆաբրիկայի աչքաչափով: Ստանդարտ գոյություն չունի այս ոլորտում, եթե չհաշվենք ստվարաթղթե «յաչեյկաները», որոնց մեջ 30 ձու է տեղավորվում: 10 խոշոր ձվի մեջ երկուսը, երբեմն էլ 3-ը կարող են մանր լինել: Թվում է՝ մանրուք է, բայց սա արդեն կրթության հարց է: Ինչո՞ւ են խաբում: Խաբում են, որովհետեւ անտերություն է երկրում:

Թե բա՝ կարագն ու «սփրեյը» տարբերակել ենք իրարից, պանիրն ու «պանրային արտադրանքն» էլ ենք տարբերակել… Սուտ: Ցուցափեղկում, այո, կա ե՛ւ այն, ե՛ւ այն, բայց դու փորձիր տարբերակել աչքով նույն գույնի եւ նույնանման կտորներով կարագը՝ «սփրեյից», պանիրը՝ պանրային արտադրանքից: Դա հնարավոր է անել միայն տանը, երբ կհամտեսես ու կհասկանաս, որ քեզ էշի տեղ են դրել: Կուզե՞ս հետ տար խանութ, աղմուկ բարձրացրու, սպառնա, որ դատի կտաս: Իսկույն կգտնվեն «մարդիկ», որ «կճանաչեն» ձեզ, կհայտարարեն, որ դուք միշտ այդպես եք անում, ապրանքը տանում, հետո շառ եք անում… Եթե մի փոքր ավելի անկառավարելի դառնաք, ձեզ համար իսկույն բժշկական հատուկ ծառայություններ կկանչեն, եւ դուք, կարագը թողած, կսկսեք ապացուցել, որ ուղտ չեք:

Նույն ցուցափեղկի վրա դրված, նույն արտադրողի, նույն օրվա, նույն չափի 2 թթվասեր բացեք: Չեմ ասում՝ կշռեք, որովհետեւ քանակների տարբերությունն այնքան ակնհայտ է, որ էդ խանութի տիրոջ կատուն էլ երեւի կվիրավորվի, եթե թերլցված թթվասերի տարան դնես իր առջեւ: Ո՞վ է մեղավոր՝ «Աշտարակ կաթի», «Մարիաննայի» կամ «Չանախի» տերե՞րը: Իհարկե՝ ոչ: Դե հիմա հոսքագիծ է, այդքան է լցրել: Եթե կուզեք իմանալ՝ սաղ հոսքագիծն սպասարկող բանվորներն են մեղավոր: Կներեք, իսկ սա կա՞թ է, թե՞ կաթնային արտադրանք… Արա, հո դու շառ չես, առնում ես՝ առ, չես առնում՝ էլ ինչ ես ավելորդ հարցեր տալիս՝ կաթ ա, կաթ չի…

Ո՞վ է այս անտերության պատասխանատուն, ո՞վ պետք է Հովիկ Աբրահամյանի նման խանութներն ընկնի, որ սանձարձակ գնաճի ու խաբեության դեմն առնի: Միայն թե չասեք՝ Նիկոլը: Նա այնքան զբաղված է վերջին շրջանում: