Ինքնամեկուսացում․ Կարդացեք մաթեմատիկա

Ինքնամեկուսացում․ Կարդացեք մաթեմատիկա

Անանիա Շիրակացին համարողական արվեստը՝ մաթեմատիկան, համարում էր գիտությունների թագուհին։ Եվ պատահական չէ, որ նրա բազմաթիվ աշխատությունների շարքում կարևոր տեղ է զբաղեցնում հատկապես մաթեմատիկայի հայտնի դասագիրքը։ Պատկերացնո՞ւմ եք, 7-րդ դարում հայ երիտասարդները մաթեմատիկայի ձեռնարկ են ունեցել։ Վերադառնալով նախնական մտքին՝ նշեմ, որ իսկապես համաձայն եմ միջնադարյան գիտնականի հետ, մաթեմատիկան կարևորագույնն է բոլոր գիտություններից։

Վերոհիշյալ միտքը հաստատվում է, երբ ուշադրություն ես դարձնում մաթեմատիկայի պատմական ընթացքին։ Դա զուտ գիտակարգի զարգացման աստիճանական գործընթաց չէ, քանի որ մաթեմատիկական մտածողության կերպափոխումները մարդկության պատմության ընթացքի առաջնային շարժիչ ուժերից են։ Ավելին, այս կամ այն դարաշրջանում մաթեմատիկայի փոփոխությունը մշտապես հանգեցրել է մարդու և մարդկային կյանքի փոփոխությանը, Թալեսից մինչև արդի համակարգիչներ։ Սա շատ կարևոր հանգամանք է, որի վրա հատկապես պետք է ուշադրություն դարձնեն հասարակագետներն ու սոցիալական գիտությունների ներկայացուցիչները։

Մաթեմատիկոսի խնդիրը սահմանափակվում է հենց մաթեմատիկայի անսահմանության տիրույթում, իսկ հասարակագետի առաքելությունն է հասկանալ մաթեմատիկական մտածողության ազդեցությունը հասարակական, սոցիալական և քաղաքական գործընթացներում։ Հնարավոր չէ հետազոտել մարդկության պատմությունը առանց հաշվի չառնելու նրա մտածողության առանձնահատկությունները։

Մատերիան հասկանալու այլ տարբերակ չկա, քանի որ ֆրանսիացի փիլիսոփա Անրի Բերգսոնը գրում է, որ մեր տրամաբանությունը հատկապես պինդ մարմինների տրամաբանություն է և այդ իսկ պատճառով մեր ինտելեկտը իրեն փայլուն դրսևորում է երկրաչափության մեջ (Անրի Բերգսոն, Ստեղծարար Էվոլյուցիա, Սարգիս Խաչենց, Երևան, 2003, էջ 54): Կարդացեք մաթեմատիկա, մի վախեցեք մաթեմատիկայից, հատկապես ինքնամեկուսացման օրերին։