Ռոբերտ Քոչարյանի եւ նրա որդիների ունեցվածքը դեռ կդառնա քննության առարկա․ Սեդա Սաֆարյան

Ռոբերտ Քոչարյանի եւ նրա որդիների ունեցվածքը դեռ կդառնա քննության առարկա․ Սեդա Սաֆարյան

Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստին պաշտպանական կողմի՝ դատախազ Պետրոս Պետրոսյանին բացարկ հայտնելու վերաբերյալ դիրքորոշում հայտնեցին տուժողների ներկայացուցիչներ Տիգրան Եգորյանն ու Սեդա Սաֆարյանը։

Տիգրան Եգորյանը միջնորդության վերաբերյալ ասաց, որ դատախազը վերահսկողություն է իրականացնում օրինականության վերաբերյալ․ «Ես կոնկրետ փաստագրում չլսեցի։ Բազմակողմանիություն, օբյեկտիվություն, լրիվություն․ էս շրջանակում դատախազը որքան պարտավոր է հսկողություն իրականացնել, ապա նա դատարանում հանդիսանում է կողմ, այն գործառույթները, որոնք կրում էր, դրանք դատարանում փոխակերպվում են։ Ներկայացված նյութերը բացարկի արժանի փաստարկ չեն համարվում»։

Սեդա Սաֆարյանն անդրադարձավ պաշտպան Հովհաննես Խուդոյանի բացարկի վերաբերյալ ներկայացրած հիմքերին։ Անդրադառնալով Խուդոյանի հայտարարությանը, թե քննիչն առանց փաստական հանգամանքների առկայության համարել է, որ Քոչարյանի որդիների գույքը պատկանում է Քոչարյանին, և նրա որդիների գույքը ևս դրվել է կալանքի տակ, Սեդա Սաֆարյանն ասաց․ «Ռոբերտ Քոչարյանի եւ նրա որդիների ունեցվածքը դեռ կդառնա քննության առարկա։ Դրանք ձեռքբերման աղբյուրների նկատմամբ դատախազությունն ու քննիչները կարող էին քննություն տանել։ Գույքի վրա արգելանք դնելու հանգամանքը չի կարող դրսեւորվել որպես կողմնակալություն եւ բացարկի հիմք հանդիսանալ։ Պաշտպանության թիմը չի կարող գետի հունը փոխել։ Այսօր խոսել այն մասին, որ դատախազ Պետրոսյանը վատ է հսկել, ապա դա չէր կարող ազդեցություն ունենալ մեղադրանքի որոշման վերաբերյալ։ Բարեխղճություն դրսեւորվել է, ինքը որոշում կայացնող անձ չի եղել, մեղադրողն իր գործն է արել եւ արել օրենսդրությամբ սահմանված կարգով։ Կարծում եմ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ դատախազի վերաբերմունքն ընդգծված չի եղել, ինչպես ներկայացնում է պաշտպանը»։

Անդրադառնալով նաեւ Հայկ Ալումյանի հայտարարությանը դատարանների շրջափակման մասին՝ Ս․Սաֆարյանն ասաց․ «Այն, ինչ ժողովուրդն արել է՝ դատարանները շրջափակելով, շատ ավելի լավ է, քան «չերյոմուխա» կրակելը։ Այն, ինչ ներկայացվել է պարոն Ալումյանի կողմից, չի խոսում դատախազի բացարկի հիմքերից»։