Ինքն ուզում է նոր ընտրություններ, որ իր դավաճանությունը լեգիտիմացնի

Ինքն ուզում է նոր ընտրություններ, որ իր դավաճանությունը լեգիտիմացնի

Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը, որը մասնակցում էր ընդդիմադիր կուսակցությունների հանրահավաքներին, նաեւ ելույթներ էր ունենում, հիասթափվել է վերջիններից, սակայն այսօր մասնակցելու է Արշակ Զաքարյանի հրավիրած հանրահավաքին։

- Դուք մասնակցելո՞ւ եք հայահավաքին, տեղյա՞կ եք, թե ինչ կոնկրետ գործողություններ են լինելու։

- Իհարկե, մասնակցելու եմ։ Ասացին, որ տեղում կտեղեկացնենք, համենայնդեպս, գործողությունները լինելու են օրենքի սահմաններում։

- Տպավորություն կա, որ նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունից հետո 2-3 շաբաթ տեւեց ընդդիմադիր շարժումը, հետո մարեց, ընդդիմությունը նահանջում է, Դուք ունե՞ք նման տպավորություն։

- Ճիշտն  ասած՝ դեկտեմբերի 26-ից հետո էլ չեմ հետաքրքրվել։ Եթե ընդդիմություն ասելով քաղաքական կուսակցություններին նկատի ունեք, ես 26-ից հետո չեմ հետաքրքրվում, իրենց մոնիթորինգ չեմ անում։

- Ինչո՞վ է պայմանավորված, որ չեք հետեւում։

- Հիասթափությունով։

- Ընդդիմության գործողությունների՞ց եք հիասթափվել։

- Այո, որովհետեւ ես, եթե հիշում եք, նոյեմբերի 10-ից շատ ակտիվ մասնակցում էի միտինգներին, բայց իրենց անորոշ լինելը, ոչ խիզախ լինելը բերեց նրան, որ Նիկոլ Փաշինյանն ու իր դավաճան իշխանությունը մինչեւ հիմա իշխանություն են, այսօր եկել, հասել ենք հունվարի 27-ին։ Դրանից էլ իմ հիասթափությունն է, իրավունք ունեմ։

- Պարոն Գրիգորյան, իսկ ի՞նչ գործողություններ էիք ակնկալում ընդդիմությունից, որ չեն արել։

- Տեսեք՝ ես քաղաքական գործիչ չեմ, ես կազմակերպիչ չեմ։ Իրենք ինձ ասացին՝ արի իբրեւ Հայաստանի քաղաքացի, ես գալիս էի, պե՞տք էր քայլել՝ քայլում էի, միտինգին ելույթ էի ունենում, ես մտածում էի, որ իրենք արդեն մշակել են, կոպիտ ասած՝ ինձ թվում էր, թե իրենք գիտեին ինչ էին անում, պարզվեց՝ չգիտեն։ Քնելուց առաջ մի 2 ժամ ման էինք գալիս, որ լավ քնենք, ու գնում էինք տուն։

- Այսօրվա հանրահավաքին գնալո՞ւ եք, այն ինչո՞վ է տարբերվելու նախորդներից։

- Հուսով եմ՝ այո։ Այնպես չէ, որ ես հազար տարի ճանաչում եմ Արշակ Զաքարյանին, իր հետ ծանոթացել ենք մի քանի օր առաջ, երբ ամսի 28-ի հանրահավաքի վերաբերյալ որոշեցինք հանդիպել, զրուցել, հասկանալ։ Այնպես չէ, որ մոտիկ ընկերներս են, բայց իրենց գաղափարներն իմինի հետ համընկնում են, իսկ գաղափարը մեկն է՝ «մենք պիտի գանք, Փաշինյանը պիտի գնա»։ Վերջացավ։

- Փաշինյանը հայտարարել է արտահերթ ընտրությունների մասին, լավ տարբերակ չէ՞։

- Սա իմ կարծիքն է, որում ես համոզված եմ․ յուրաքանչյուր ընտրություն, որի ընթացքում՝ նախապատրաստական եւ հենց այդ պահին, իշխանության եթե կլինի Նիկոլը՝ իր ոհմակի հետ, դա խայտառակություն է եւ կապիտուլյացիայից բեթար բան։ Դա այն է, ինչ ինքն է ուզում, ինքն ուզում է նոր ընտրություններ, որ իր դավաճանությունը լեգիտիմացնի։ Ես՝ իբրեւէ քաղաքացի, կատեգորիկ դեմ եմ, բայց, ինչքան ես հասկանում եմ, կուսակցություններից որոշների դուրը եկել է այդ գաղափարը, կարող է համաձայնեն։