Ելք

Ելք

Ի՞նչ լեզվով խոսենք Փաշինյան Նիկոլի հետ, որ նա վերջապես հասկանա՝ ինքն ավելորդ է ու քանի դեռ ՀՀ վարչապետի աթոռին է, ավելորդ է նաեւ Հայաստանի Հանրապետությունը՝ որպես տարածաշրջանային ֆակտոր: Եթե Նիկոլն է ՀՀ վարչապետը, Հայաստան չկա, Արցախ չկա, խաղաղություն չկա, քաղաքականություն չկա, տնտեսություն չկա, ներդրումային դաշտ չկա, ճանապարհ չկա, միջանցք չկա… ոչինչ չկա: Հայաստանն այսօր ոչ թե պետություն է, այլ ոչ մեկին չպատկանող անկլավ՝ Վրաստանի, Թուրքիայի, Իրանի եւ Ադրբեջանի միջեւ: Տպավորություն է, որ բանակ ու ժողովուրդ էլ չկան։ Այլապես Հայաստանի Հանրապետությունը մի բան կձեռնարկեր՝ այս վիճակից դուրս գալու համար: Ես չեմ հասկանում, դժվա՞ր է խառնել բոլորի խաղաքարերը՝ հարվածելով եւ դուրս վռնդելով Հայաստանի տարածք ներխուժած թշնամուն:

Ախր սա մեր կառավարության սահմանադրական իրավունքն ու պարտականությունն է՝ պահպանել երկրի տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը: Նստել են թախտին՝ սպասում են բախտին՝ կա՛մ ամեն ինչ կգնա գրողի ծոցը, կա՛մ մի հրաշքով կփրկվեն: Սրանց խելքին․ մտածում են՝ Արցախն ու 120 հազար հայի տան՝ Հայաստանը փրկեն: Գուցե Արսենյան Գուգոյի լեզվով հասկանան․ Դուք ո՞վ եք, արա, սա ի՞նչ ապուշ մտածելակերպ է, որ դուրս չի գալիս ձեր միջից՝ տանք, որ փրկվենք: Թշնամին էլ լսում՝ ուրախանում է՝ էս ո՞վ են սրանք, արա, էս «ցռանները», որ 30 տարի տիրել են մեր երկրի 20 տոկոսը… Սրանցից պետք է անընդհատ ուզել, քանի տալիս են: Նիկոլ Փաշինյանի, Գուրգեն Արսենյանի, Գագիկ Մելքոնյանի, Արարատ Միրզոյանի, Սուրեն Պապիկյանի ու մնացածների հետ թշնամին այլ լեզվով չի էլ կարող խոսել:

Թշնամին՝ դեռ ոչինչ, բարեկամն ու դաշնակիցն են արդեն երես թեքել: Ո՞վ կհարգի մի երկիր, որի կառավարությունը խայտառակ կապիտուլյացիայից հետո հայտարարեց, որ հաղթել է, ո՞վ կհարգի մի ղեկավարի, որ պայմանավորված պատերազմի կասկածներն իրենից վանելու համար չի համաձայնում օր առաջ դադարեցնել կրակը եւ խուսափել անիմաստ զոհերից, ո՞վ հաշվի կնստի մի պետության հետ, որի իշխանությունը, փոխանակ գլխիկոր հեռանալու, ամեն գնով վերարտադրվում է, իսկ դրանից հետո էլ՝ փոխանակ զինի ու վերականգնի հետպատերազմական բանակը, շարունակում է բարեփոխումների անվան տակ քանդել ու թուլացնել այն, լափել ձեռքն ընկած փողը: Հավատացեք՝ ոչ ոք չի հարգում այդպիսի իշխանություններին՝ ո՛չ ժողովրդավարական Արեւմուտքը, ո՛չ Վրաստանը, ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Իրանն ու Չինաստանը, ո՛չ էլ, բնականաբար, Թուրքիան ու Ադրբեջանը: Ինչի՞ վրա եք դրել հույսներդ, արա (Գուրգեն Արսենյան): 

Թե բա՝ կա՞ մեկը, որ այսքան բանից հետո կհամաձայնի փոխարինել Փաշինյանին: Պատկերացրեք, որ բոլորը, Թուրքիայից ու Ադրբեջանից բացի, այդ փոփոխությանն են սպասում, այդ մարդուն, որի հետ կարող են հարց քննարկել, հասկանալ, վերջապես, Հայաստանն ուզո՞ւմ է պահպանել իր գոյությունը, թե՞ բռնել է մեռնելու ճանապարհը: Իսկ որ Նիկոլի հետ Հայաստանն այդ ճանապարհին է, այլեւս կասկած չկա: Ազգակործան պատուհասն ամեն ինչ անում է, որ կործանի երկիրն ու խուսափի պատասխանատվությունից: Թողնելո՞ւ ենք, ձեռքներս թափ տանք՝ որտեղ կտրի կա՞պը…
Արցախի չափ էլ չկանք, այ մարդ: Կանգնել՝ նվնվում ենք, թե բա՝ Լավրովը մեզ ասաց՝ ձեր տիրու մերը… Փոխարենը մտածելու, թե ինչու ենք էն օրն ընկել, որ դաշնակիցն է արդեն մեզ «քրֆում»,, հասկանանք նրա ասածները, վերլուծենք, շուռ ենք եկել՝ մենք էլ իրեն ենք «քրֆում»: Սա է Նիկոլի վարչակազմի մակարդակը: Լավրովը, ի դեպ, խոսելով ԽՍՀՄ հանրապետությունների սահմանների մասին, ասաց, որ դրանք պետք է մնան այնպես, ինչպես եղել են ԽՍՀՄ տարիներին:

Նաեւ նշեց, որ Լեռնային Ղարաբաղը ԽՍՀՄ տարիներին եղել է Ադրբեջանի կազմում, բայց այդ խնդիրը խիստ բազմաշերտ է: Ի՞նչ է նշանակում սա: Այն, որ Արցախն ունի փրկության ճանապարհ՝ բանակցություններով լինի, փրկության համար որեւէ կարգավիճակ շնորհելով, Ադրբեջանին իրավիճակը բացատրելով կամ պարտադրելով: Մեծարգո վարչապետ պարոն Փաշինյան Նիկոլ, դու քեզ հարց չե՞ս տալիս, թե ինչու, հանկարծ, Լավրովը մեզ (քեզ) քրֆեց, բայց Արցախի հարցն այդպես առանձնացրեց: Դու քեզ վատ չե՞ս զգում, որ Արցախի հարցն ուրիշի հարց դարձավ…
Չգիտեմ, եղբայր… Ընկել, վաչապետի ու արտգործնախարարի մակարդակով սրան-նրան խնդրում ենք, որ դատապարտեն Լաչինի միջանցքի շրջափակումը: Կներեք, էլի, մտածում են օտարները, Եթե Լեռնային Ղարաբաղը ՀՀ վարչապետի ու նրա թայֆի տանձին չի, ապա մենք ինչո՞ւ պետք է գործնական քայլեր անենք այն բացելու համար: Խնդրեմ, հայերը պարզ ասում են՝ Արցախը տանք, որ Հայաստանը փրկենք, 120 հազար արցախցիներին տանք, որ 3 միլիոն հայաստանցիներին փրկենք: Բա մեզ պե՞տք ա՝ խառնվենք հայաստանցիների ու արցախցիների գործերին ու մի բան էլ վատամարդ դառնանք Ադրբեջանի առաջ: Այսպես են մտածում օտարները, որոնց «հակաադրբեջանական» հայտարարությունները մնում են զուտ հայտարարություն ու դրանից այնկողմ չեն անցնում: Սա քաղաքականություն է, մի բան, որ Նիկոլն ու իր թայֆան երբեք չեն հասկանա:

Գամ Նիկոլի վերջին դարակազմիկ արարքին՝ նա ցավակցություն է հայտնել Թուրքիային (վախենում են ասել՝ Էրդողանին) ավերիչ երկրաշարժի կապակցությամբ եւ առաջարկել Հայաստանի օգնությունը: Զուգահեռաբար՝ Իրանին էլ օգնություն էր առաջարկել Ադրբեջանը եւ մերժում ստացել: Կարելի է ասել՝ սպասում ենք Էրդողանի պատասխանին: Չի բացառվում, որ նա քաղաքական նկատառումներով ընդունի Հայաստանի օգնությունը՝ նոր առիթ տալով հայ-թուրքական երկխոսության՝ «Զանգեզուրի միջանցքի», Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման եւ սահմանի բացման հարցերի շուրջ: Բայց մյուս կողմից էլ շատ զավեշտալի կլինի, որ հայերին թուրքական թրի վրայի մսի մնացորդ համարող Էրդողանը նույնիսկ չնկատի գիգանտոմանիայով տառապող Փաշինյանի ցավակցական ուղերձ-հեռագիրը: Իմ կարծիքով՝ Նիկոլը դրանից չի վիրավորվի, կվիրավորվենք մենք, իսկ Նիկոլը կշարունակի մտածել՝ լավ, ի՞նչ անեմ, որ արժանանամ որեւէ մեկի ուշադրությանը: Նիկոլ Փաշինյան, արի, ես մի լավ բան առաջարկեմ՝ հրաժարական տուր, իսկույն կհայտնվես բոլորի ուշադրության կենտրոնում՝ ինչպես Պուտինի, Բայդենի, Էրդողանի, Ալիեւի, այնպես էլ մեր ժողովրդի: Քո հրաժարականը ելք է: