Բացառվում է, որ մի քանի ամսում լինի որակյալ վակցինա

Բացառվում է, որ մի քանի ամսում լինի որակյալ վակցինա

Հայաստանում անցկացվում է նոր հետազոտություն, որի նպատակն է կորոնավիրուսի տարածվածության աստիճանը պարզելը՝ հակամարմինների թեստերով, որոնք ցույց կտան, թե մարդը երբեւէ վարակվե՞լ է Covid-19-ով։ Ընտրված շճաբանական Էլայզա տեխնոլոգիայով թեստերի առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է։ Ինչպես հայտնել էր Հայաստանում ամերիկյան համալսարանի հանրային առողջապահության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Վարդուհի Պետրոսյանը՝ դրանց ճշգրտության աստիճանը հնարավոր ամենաբարձրն է՝ 100 տոկոս զգայունությամբ։ Նա զբաղվածության պատճառով մեզ հետ չկարողացավ զրուցել, սակայն խոստացավ մի քանի օր անց պատասխանել մեր հարցերին։ Բայց նաեւ հայտնել էր, թե քանի որ գիտականորեն ապացուցված չէ՝ հայտնի չէ, այսինքն՝ մարդը որքան ժամանակով է զերծ եւս մեկ անգամ վարակվելուց, քաղաքացիներին հորդորել էր հակամարմինների որոշման թեստ ինքնուրույն չհանձնել, քանի որ դրական պատասխանի դեպքում լինելու են ավելի անզգույշ եւ հնարավոր է նորից վարակվեն։ Հիշեցնենք, որ մայրաքաղաքի 3 լաբորատորիաներ՝  «Պրոմտեստ լաբորատորիաները», «Դիալաբն» ու  «Վարդանանց կենտրոնը» քաղաքացիներին նման հետազոտության ծառայություններ առաջարկում են՝ 10-30 հազար դրամի սահմաններում։ Միակ զգուշացումն այն է, որ հետազոտությունն իմաստ ունի անցկացնել ոչ շուտ, քան 21 օրից՝ հիվանդանալու (կասկածի) պահից, քանի որ միայն այդքան ժամանակ անց են արյան մեջ գոյանում հակամարմինները:

Հակամարմինների որոշման հետազոտությունն իրականացվում է ՁԻԱՀ կանխարգելման կենտրոնում՝ իմունաբանական լաբորատորիայի կողմից․ առաջին փուլում հետազոտելու են բուժաշխատողների՝ կորոնավիրուս բուժող բժիշկների, բուժքույրերի, մայրապետների մոտ նման հակամարմինների առկայությունը։ Լաբորատորիայի բժիշկ-լաբորանտ Թամարա Հովսեփյանը մեզ հայտնեց, որ մինչ այժմ իրականացրել են 667 հետազոտություն՝ հիվանդանոցներից մինչեւ պոլիկլինիկաներ, սակայն տվյալներ չեն հայտնում, դրանք պարզապես փոխանցում են Հայաստանում ամերիկյան համալսարանին։

Հիշեցնենք, որ առողջապահության պատասխանատուն արդեն իսկ հայտարարել է, որ Հայաստանը գնալու է վակցինացման ճանապարհով, ինչպես նաեւ այն մասին, թե չկա երաշխիք, որ որեւէ մեկը կրկին չի հիվանդանա։ Եվ սա այն դեպքում, երբ նախարար Արսեն Թորոսյանը բացասական պատասխանեց հարցին, թե Հայաստանում կա՞ անձ, ում մոտ թեստը կրկին դրական է ցույց տվել։ Ինչպես նաեւ հարցին, թե որքան ժամանակով է մարդը բուժվելուց հետո ապահովագրված կորոնավիրուսից։ Բայց այստեղ ծագում է մեկ այլ հարց՝ ինչի՞ համար է վակցինացիան, քանի դեռ Թորոսյանն ու, առհասարակ, բժշկական հանրությունը չունեն այդ հարցերի պատասխանը։ Չէ՞ որ, ի վերջո, պատվաստանյութի նպատակը հիվանդության նկատմամբ իմունիտետ զարգացնելն է։ Եվ հենց այդ հակամարմինների առկայությունն էլ արյան մեջ պատասխանում է հարցին՝ իմունիտետ կա՞, թե՞ ոչ։ Հետեւաբար, եթե մարդը վարակվելուց հետո, ինչպես Թորոսյանն է ասում, կարող է կրկին հիվանդանալ, ուրեմն ինչի՞ համար է վակցինացիան։ Սրանք իրար չե՞ն հակասում։
Հարցն ուղղեցինք համաճարակաբան, ՁԻԱՀ կենտրոնի նախկին աշխատակից Էդուարդ Հովհաննիսյանին, որն ասաց․ «Տեսեք՝ հակամարմիններն այս պահին առաջանում են։

Ինչ վերաբերում է կրկնավարակմանը, հաստատված դեպք չունենք։ Իսկ եթե հանկարծ հայտնաբերվեն մարդիկ, որոնք ունեցել են դրական ՊՇՌ ու հիմա էլ կորոնավիրուս են տանում, ապա շատ հավանական է, որ իրենց մոտ առաջին անգամ սխալ է եղել, կեղտոտված թեստ է եղել։ Նման բազմաթիվ մարդիկ կան Հայաստանում։ Իսկ ինչո՞ւ նախարարը դրա մասին չի խոսում․ որովհետեւ հաստատ գիտի, որ լաբորատորիաները սխալ թեստ են դրել։ Դրա համար մի կողմ դնենք էդ կրկնավարակումն ընդհանրապես։ Եվ այս պահին աշխարհում էլ չկա որեւէ վստահելի աղբյուր, որը կնկարագրի կրկնավարակման դեպք»։  Վակցինայի վերաբերյալ․ բժիշկ-համաճարակաբանը բացառում է, որ մի քանի ամսում լինի որակյալ վակցինա։ Պատասխանելով դիտարկմանը, թե, ըստ շատ բժիշկների, Հայաստանը վերջին 20 տարիներին անորակ պատվաստանյութերի համար փորձադաշտ է եղել, Հովհաննիսյանն ասաց․ «Չեմ կարող ասել, դրա ապացույցները չունեմ․․․ առանց վակցինացիայի առողջապահություն գոյություն չունի, բայց մենք վարկաբեկում ենք այդ գաղափարը։ Ասածս ի՞նչ է․ նախկինում երբ մեզ արվել են կարմրուկ, կարմրախտ, տուբերկուլյոզ եւ այլն, ապա դրանք տասնյակ տարիներով փորձարկված վակցինաներ են եղել, որոնք իրականում պաշտպանել են։ Իսկ վերջին տարիներին վակցինան դարձել է մի սպեկուլյատիվ բան․ առաջանում է մի ինչ-որ համաշխարհային հիստերիա,  մեկ տարվա մեջ առաջարկում են վակցինա, վաճառում են այն ողջ աշխարհով, եւ այդ համաճարակը կորում է։ Վերջին 15 տարվա մեջ բազմաթիվ նման օրինակներ կան»։

Ամփոփելով՝ բժիշկ-համաճարակաբանն ասում է․ «Հայաստանն այսօր այսպիսի սցենարով է գնում, եւ չեմ տեսնում որեւէ փորձ՝ համաճարակը դանդաղեցնելու»։ Իսկ սա նշանակում է, որ, ինչպես բացատրեց համաճարակաբանը, Հայաստանը գնալու է դեպի զանգվածային իմունիտետի ձեռքբերում։ «Այսինքն՝ կվարակվի այնքան մարդ, որքան պետք է որ վարակվի»։
Իսկ այս վիճակի պատճառներից մեկն էլ այն է, որ, ի հեճուկս միջազգային մասնագետների, որոնք ասում են, որ հիվանդության տարածման դեմ ամենաարդյունավետ միջոցը կոնտակտների վերահսկումն է, նախարար Թորոսյանն արդեն մայիսից դրանից ձեռք է քաշել՝ ասելով, որ անիմաստ է։