Սա քստմնելիություն է, անպաշտպան մարդու նկատմամբ ո՞նց կարող ես այդպես վարվել

Սա քստմնելիություն է, անպաշտպան մարդու նկատմամբ ո՞նց կարող ես այդպես վարվել

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, «Հրապարակի» հետ զրույցում, անդրադառնալով Սամվել Վարդանյանի նկատմամբ կատարված խոշտանգման ահասարսուռ դեպքին, և պատասխանելով հարցին, թե ի՞նչ է կարծում՝ դա իշխանության կողմի՞ց է կազմակերպված, պատասխանեց․

«Իհարկե իշխանությունների կողմից պետք է եղած լինի, այդ նույն ձևի բան է, ինչը պատահել էր իմ ընտանիքի հետ։ Իմ եղբորորոդու հետ նույն ձևով, իբրև թյուրիմացաբար, ծեծել էին, խոշտանգել էին, ինչպես այս դեպքում է։ Իրենց ձեռագիրն է։ Ես զարմանում եմ, ոչ թե հրաման տվողի վրա, այլ հրաման կատարողի վրա։ Իրենք եթե դիմակավորված են, իրենց թվում է, որ չպիտի՞ բացահայտվեն։ Դա անմարդակային բան է, բայց իրենց հարիր է։ Այսինքն՝ ինչ քստմնելի բան կա, այս մարդիկ ընդունակ են, ցանկացած քստմնելի արարքի, այդ բառի ամբողջական իմաստով՝ հայրենադավությունից, դավաճանությունից, ազգադավությունից բռնած, ցանկացած քստմնելի արարքի իրենք ունակ են, ոչ մի բան չկա զարմանալու։ Ես իմ եղբորորդու պարագայում էլ եմ ասել․ ես կարող եմ ընդունել, որ ինքը գուցե ինչ-որ բան սխալ է արել,  գուցե հանցագործություն է արել, բայց հանցագործի նկատմամբ էլ իրավունք չունես այդպես վարվել իբրևէ պետական պաշտոնյա, իբրև ոստիկանություն այդ իրավունքը չունես։ Խուլիգանության մե՞ջ եք մեղադրում, մեղադրեք, բռնել-տարե՞լ եք, տարեք, բանտարկե՞լ եք, բանտարկեք, դատո՞ւմ եք՝ դատեք․․․ ես դրան դեմ չեմ, չեմ էլ կարող լինել։ Տեսանյութերը կան, եթե դա դատարանը կընդունի իբրև խուլիգանություն, պատժեք իբրև խուլիգանություն, բայց ոչ մեկը իրավունք չունի ինքնադատաստանով զբաղվելու, առավել ևս ոստիկանությունը, առավել ևս այդ ձևով։ Սա քստմնելիություն է, սա սրիկայություն է, անպաշտպան մարդու նկատմամբ ո՞նց կարող ես այդպես վարվել, այդ մարդն անպաշտպան է եղել։ Ես ինչ ասեմ, դա նկարագրելու բան չէ, դա ասելու բան չէ․․․, դա մարդկային տեսակ չէ, դա կենդանական տեսակ է, նույնիսկ կենդանիները ի վիճակի չեն նման բան անելու, չգիտեմ՝ ի՞նչ աստիճան կարելի է մարդկային կերպարանքը կորցրած լինել։ Բա երկիր եք ասում, բա դեմոկրատիա եք ասում, բա ոստիկանության բարեփոխումներ եք ասում, սա՞ է ձեր բարեփոխությունը»,- ասաց Միքայել սրբազանը։

Հիշեցնենք, որ Սամվել Վարդանյանին Քննչականից ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին ուղեկցող ոստիկանները իջել են մեքենայից՝ իբրև բնական կարիքները հոգալու համար, այդ ընթացքում 3 դիմակավորված անձինք Սամվելին քարշ են տվել, գլուխը սեղմել գետնին, թքել վրան, սեռական բնույթի հայհոյանքներ տվել՝ արժանապատվությունը նվաստացող, ստիպել են, որ դրանք կրկնի, սակայն նա չի կրկնել, որից հետո իջեցրել են տաբատը ու մահակը դեմոնստրատիվ դրել ոտքերի արանքում։ Սամվել Վարդանյանը խուլիգանության մեջ է մեղադրվում, քանի որ տրանսպորտում ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին անվանել էր «հակահայ վիժվածք»։ Այսօր նրա մեղադրանքը լրացվել է, նոր մեղադրանք է առաջադրվել՝ քաղաքական հայացքներով պայամանավորված թշնամանք հրահրելու վերաբերյալ, այդ նույն մեղադրանքով կալանավորվել էր պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը, ով մահացավ դատարանի դահլիճում։