Երեք տասնամյակ է՝ պրոֆեսիոնալ ժուռնալիստիկայում եմ

Երեք տասնամյակ է՝ պրոֆեսիոնալ ժուռնալիստիկայում եմ

30 տարի առաջ այս օրը մտա «Խորհրդային Ղարաբաղ» թերթի գլխավոր խմբագիր Մաքսիմ Հովհաննիսյանի մոտ եւ մի քանի րոպե տեւած խոսակցությունից հետո դուրս եկա որպես մարզային միակ տպագիր լրատվամիջոցի սեփական թղթակից Մարտակերտի շրջանում: Երեք տասնամյակ է՝ պրոֆեսիոնալ ժուռնալիստիկայում եմ: Երանությամբ եմ հիշում՝ ինչպես էի Երեւանից լուսաբանում Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանը: Կյանքիս լավագույն տարիներ եմ համարում «Ազատություն» ռադիոկայանի ղարաբաղյան թղթակցի գործունեությանս շրջանը, երբ ընտանիքով հավաքված՝ ամեն երեկո ժամը 19:00-ին սպասում էինք՝ կհեռարձակվի՞ այդ օրվա իմ հաղորդումը: Ստեղծագործական հաճույքից զատ դա նաեւ ֆինանսական ապահովության սպասում էր, ռադիոկայանը եթերային մեկ րոպեի դիմաց վճարում էր 8 դոլար: Այն տարիներին Ստեփանակերտում քչերն էին «կենդանի,»դոլար տեսնում: «Ազատությանն» ենք ընտանիքով պարտական մեր երեք սենյականոց բնակարանի համար... Ժուռնալիստիկան մեզ նաեւ տառապանքներ է բերել՝ 1996-97-ին, երբ ազատվելով «Մարտիկ» թերթի խմբագրի պաշտոնից՝ աքսորված էի «Եղնիկներ»:

Ամեն ինչ վերսկսել եմ՝ Մաքսիմ Հովհաննիսյանի խնամակալությամբ վերստին շարքային թղթակցի աշխատանքին վերադառնալով հանրապետական թերթում: Ոչ մի օր չեմ դադարել գրել Արցախի խորհրդարանի պատմագամավորությանս տասնհինգ տարիներին, իսկ 2015-ից առ այսօր ժուռնալիստիկան է իմ հացը՝ բառի ուղղակի իմաստով: Գոհ եմ եւ շնորհակալ: Երախտապարտ եմ ծնողներիս, որ ինձ կրթություն են տվել, Մաքսիմ Հովհաննիսյանին, ով իմ առջեւ բացել է ժուռնալիստի ճանապարհը, բայց եթե կյանքում ինչ-որ բանի հասել եմ՝ պարտական եմ կնոջս, ում նվիրումն անչափելի եւ անգնահատելի է: Խոնարհումս նրան, օրհնանքս՝ զավակներիս եւ թոռներիս: