ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների քանակը սկսել է կտրուկ նվազել

ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների քանակը սկսել է կտրուկ նվազել

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը սկսել է էապես նվազել։ Եթե մեկ-երկու շաբաթ առաջ և դրանից էլ ավելի վաղ ամեն օր գրանցվում էր միջինը 500-600 դեպք, ապա այսօր դրանց թիվը կրկնակի կրճատվել է։ Երեկ, օրինակ, հաստատվել էր 291 նոր դեպք, իսկ ապաքինվել էր 560 քաղաքացի։ Դրա նախորդ օրը՝ հուլիսի 31-ին, հաստատվել էր 354 դեպք, ապաքինվել 364 քաղաքացի։ Սրա նշանակում է, որ ապաքինվածների քանակը սկսել է արդեն ստաբիլ գերազանցել վարակվածների թվին։ Իսկ այսօր, կարելի է ասել, վերջին ամիսներին լավ ռեկորդային ցածր թիվ է գրանցվել՝ 52 վարակված և 111 ապաքինված։

Եթե նվազման այս տեմպը պահպանվի, ապա շուտով Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության դեպքեր այլևս չեն գրանցվի։ Թեպետ նկատենք, որ թվերի հարցում ամեն ինչ այդքան էլ միանշանակ չէ։ Ասում են՝ հաճախ լիարժեք չապաքինվածներին, որոնց մոտ թեստերը դեռ դրական պատասխան են ցույց տալիս, դուրս են գրում հիվանդանոցից, որպեսզի ապաքինվածների թիվ ապահովեն։ Հետո այդ մարդիկ մտնում են մարդամեջ և իրենք էլ իրենց հերթին արդեն վարակվածների թիվ ապահովում։ Քաղաքացիները ահազանգում են նաև թեստերի սխալ պատասխանների մասին ևս, երբ նույն քաղաքացին մեկ օրվա տարբերությամբ երկու անգամ թեստ է հանձնում, մեկը դրական է ցույց տալիս, մյուսը՝ բացասական։ Այնպես որ, նվազման այս տեմպը դեռ լիարժեք իրական պատկերը չի կարող ապահովել, թեպետ հուսադրող է։