Յուրաքանչյուր նորաստեղծ ընտանիք սկսած 2025թ.-ից կապահովվի առանձին բնակարանով

Յուրաքանչյուր նորաստեղծ ընտանիք սկսած 2025թ.-ից կապահովվի առանձին բնակարանով

Բնակարանաշինության ներկա տեմպերը հնարավորություն են տալու  2025 թվականի հունվարի 1-ից  Արցախում առանձին բնակարաններով ապահովել բոլոր նորաստեղծ ընտանիքներին, Ազգային ժողովի նիստում հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։

Միջնաժամկետ ծախսային ծրագրով, որի հիմքը դրվել է 2022 թվականի պետբյուջեով, 2025 թվականի հունվարից  Արցախում նոր ամուսնացող զույգերն ապահովվելու են առանձին բնակարաններով։ Առաջին  փուլում նորաստեղծ ընտանիքներին կտրամադրվեն՝ մեկ ու կես կամ երկու սենյականոց, այնուհետև 3 երեխա ունենալու դեպքում՝ 3 սենյականոց բնակարաններ։

Կարևորելով ժողովրդագրության բարելավումը, նախագահ Արայիկ Հարությունյանը հավելել է, որ բացի բնական աճի ապահովմանը միտված ծրագրերից, բնակչության թվի ավելացումը նախատեսվում է նաև  վերաբնակեցման, հայրենադարձության միջոցով։ Այդ նպատակով ներկայիս պետական բյուջեի միջոցները թույլ են տալիս կառուցել լրացուցիչ առնվազն  500 բնակարան։

Երկրի ղեկավարն այդ առումով թիրախային ցուցանիշ է համարել տարեկան 1000 բնակարանի կառուցումը։

Արցախում արդեն իսկ սկսված են մոտ 3000 բնակարանների կառուցման աշխատանքները։ Առաջիկայում կմեկնարկի ևս 1500-2000 բնակարանների կառուցումը, ինչը, երկրի ղեկավարի գնահատմամբ,  թույլ է տալու լուծել բնակապահովման խնդիրը։

Այս փուլում բնակարանները  տրամադրում են առաջին հերթին զոհվածների ընտանիքներին ու տեղահանվածներին։ Առավելագույնը մեկ ու կես տարում ավարտին կհասցվի զինվորականների,  սպայական անձնակազմի բնակարանային ապահովումը:

Նախագահը շեշտել է, որ  Արցախում  ձևավորվող յուրաքանչյուր ընտանիք պիտի ունենա առանձին բնակարան, իսկ ծնվող ամեն մի երեխայի համար պիտի լինի պետական աջակցություն։

- Սա մեր սոցիալական քաղաքականության հիմքն է, որն ապահովելու է ժողովրդագրական աճ,-ընդգծել է Արայիկ Հարությունյանը։

Ինչ վերաբերում է վիճակագրությանը,  Արցախը  2022 թվականի նախաշեմին արդեն  19 հազար 500 աշակերտ  ունի, ինչը  վկայում է ավելի քան 115 հազար բնակչության և ընդամենը մոտ 33 հազարի բացակայության մասին, այն պարագայում, երբ տեղահանվածների թիվը    հասնում էր 40 հազարի։

Հանրապետության նախագահը նշել է, որ պետբյուջեով,   Հայաստանի Հանրապետության իշխանությունների  աջակցությամբ , ինչպես նաև  բարեգործական ներդրումներով  իրականացվող   և  նախատեսվող սոցիալ-տնտեսական ծրագրերը միտված են Արցախում բնակվելու համար գրավիչ պայմանների  ստեղծմանը։