Դու մոռացել ես, մենք` չէ

Որպեսզի ճիշտ գնահատենք քաղաքական գործիչներին, պետք է պարզենք` նրանց խոսքն ու գործը համընկնո՞ւմ են, թե՞ ոչ: Մարդն իշխանության գալով ի՞նչ է խոստացել, դրանցից ո՞րն է կատարել, հրաժարվե՞լ է արդյոք խոսքից, սկզբունքներից, գաղափարներից: Իհարկե, անշնորհակալ գործ է Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմի խոսքն ու գործը համեմատելը: Ոմանք կարող են համաձայնել այն փարիսեցիությանը, թե «աշխարհը փոփոխական է, իրենք մեղավոր չեն»: Բայց մենք չենք գնա «անհիշելի» ժամանակներ, թե ընդդիմադիր կամ խմբագիր Փաշինյանն ինչ էր ասում, կանդրադառնանք 2020-ին` պատերազմից հետո առաջարկված «Ճանապարհային քարտեզին», որը նա հրապարակեց 20 թվի նոյեմբերի 18-ին` 6 ամիս ժամանակ խնդրելով ժողովրդից եւ խոստանալով 15 կետ իրականացնել, հունիսին հանդես գալ հաշվետվությամբ եւ «հանրային կարծիքն ու արձագանքը հաշվի առնելով` որոշում կայացնել հետագա անելիքների վերաբերյալ», ինչն այդ պահին հասկացվեց` եթե չիրականացնեմ խոստումներս, կհեռանամ: Այդ 15 կետից 2-ը վերաբերում էին Ղարաբաղի հարցին` «բանակցային գործընթացի վերականգնում ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձեւաչափով՝ Արցախի կարգավիճակի եւ իրենց բնակության վայրեր արցախցիների վերադարձի հարցի առաջնահերթության ընդգծմամբ», «ամբողջությամբ վերականգնել Արցախի բնականոն կյանքը»:
Մի կետով ՀՀ վարչապետը խոստանում էր «գերեվարված զինվորականների եւ քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձ» եւ «անհետ կորածների ճակատագրերի շուտափույթ պարզաբանում»: Զինված ուժերի բարեփոխում, ժողովրդագրական խնդիրների լուծում, «հայաստանյան քաղաքական եւ քաղաքացիական համայնքի ներկայացուցիչների հետ մշտական թեմատիկ կոնսուլտացիաների անցկացում», սփյուռքի հետ մշտական կոնսուլտացիաներ: Հիմա ինքներդ դատեք, թե սրանցից որն է իրականացվել:
Կարծիքներ