Մերձավոր Արեւելքում մեծ պայթյուն է սպասվում

Մերձավոր Արեւելքում մեծ պայթյուն է սպասվում

Մեծ մերձավորարեւելյան տարածաշրջանը եռում է, ընթացիկ իրադարձությունները փաստում են՝  տարածաշրջանը ամեն վայրկյան կարող է պայթել։

Թեհրանում  ՀԱՄԱՍ խմբավորման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությունը հետեւանքներ է ունենալու: ՀԱՄԱՍ-ն արդեն  հայտարարել է, որ Հանիեն սպանվել է Թեհրանում գտնվող իր նստավայրում՝  իսրայելական հարձակման հետևանքով։ Իրանի Ջամկարան մզկիթի վրա վրեժի կարմիր դրոշ է բարձրացվել։ Իրանի առաջնորդ Ալի Խամենեին Իսրայելին խիստ պատիժ է խոստացել, իսկ երկրի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Իրանն իրավունք ունի պատասխան միջոցներ ձեռնարկել։ Թել Ավիվն, իհարկե, հերքում է իր մասնակցությունը այս սպանությանը, իսկ Վաշինգտոնը հայտարարել է, որ  Միացյալ Նահանգները տեղյակ չի եղել սպանության նախապատրաստման մասին և կապ չունի դրա հետ:

«ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի սպանությունը ուղղակիորեն կապված է տարածաշրջանը պայթեցնելու նպատակի հետ, որի թիվ մեկ շահառուն ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի կառավարությունների միացյալ  թիմն է, որը քաղաքագիտության մեջ հայտնի է որպես խորքային պետություն։ Այդ խորքային պետությունը հանդիսանում է գլոբալիստների իշխանություն եւ որպեսզի իրենք աշնանը՝ նոյեմբերին, ԱՄՆ-ում  պարտույթուն չկրեն, մասնավորապես, Մերձավոր Արեւելքում ստեղծում են իրավիճակ, որը կարող է ոչ միայն շեղող լինել, այլեւ ստեղծել իրավիճակ, որ ընտրությունների նախաշեմին ԱՄՆ-ի օրվա իշխանությունը որոշակի հաջողություն գրանցի եւ կարողանա հաղթանակ տոնել»,- կարծում է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։

Հենց այս շահերով է նա բացատրում հատկապես հիմա ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի սպանությունը։ «Հրապարակ»-ի հետ զրույցում Նահապետյանն ասում է՝ Իսրայելն ԱՄՆ-ի կողմից որպես գործիք է օգտագործվում։ Նրա խոսքով, սպանված ղեկավարը 2023թ-ի հոկտեմբերի 7-ից գտնվում էր Քաթարում, որը այս կամ այն չափով կառավարելի է ԱՄՆ-ի եւ Բրիտանիայի կողմից եւ եթե Իսրայելի հատուկ ծառայություններին պետք լիներ ՀԱՄԱՍ-ի  ղեկավարին ֆիզիկապես ոչնչացնելը, ապա նրանք դա շատ ավելի վաղ կանեին, երբ դիմադրությունը Գազայի հատվածում շատ ավելի լուրջ բնույթ էր կրում։

«Այդ սպանությունը հիմա կատարվեց, որովհետեւ հիմա պետք է  փորձ արվի Իրանին Իսրայելի դեմ ուղղակի ռազմական գործողություններում ներքաշել, այսինքն՝ պայթեցնել  այս տարածաշրջանը, որն իր մեջ կներառի ոչ միայն Իրանը եւ Իսրայելը, այլեւ Թուրքիան, Ռուսաստանը եւ տարածաշրջանային այլ պետություններ»,-ասում է Նահապետյանը։

Ռազմական փորձագետը Վենեսուելայում ներքաղաքական խմորումները Մերձավոր Արեւելքում սպասվող ցնցումների լույսի ներքո է դիտարկում։ Այնտեղ ընդդիմությունը չի ճանաչում նախագահական ընտրությունների արդյունքները, զանգվածային բողոքի ալիք է բարձրացել։ Իսկ Վենեսուելան նավթով հարուստ երկիր է։

«Աշխարհում ԱՄՆ-ը այն պետություններից մեկն է, որն ունի նավթի սպառման  ամենամեծ շուկաներից մեկը, եթե ոչ ամենամեծը՝ Չինաստանից հետո, իսկ այդ  շուկայի պահանջմունքները բավարարվում են արաբան աշխարհից գնվող նավթով։ Եթե մերձավորարեւելյան տարածաշրջանը պայթի, ապա  նավթի գները շատ արագ եւ կտրուկ կբարձրանան  միջազգային շուկայում եւ  հնարավորությունները կնվազեն այն ԱՄՆ հասցնելու համար։ Եթե ուշադրություն դարձնել նրան, ինչ կատարվում է հիմա Վենեսուելայում, ուղղակիորեն պետական հեղաշրջման փորձ է՝ նախագահական ընտրություններից հետո, որին առեւերույթ չի մասնակցում ԱՄՆ-ը, բայց նա մասնակցում է Լատինական  Ամերիկայի զարգացումներին իր պրոքսի պետություններով։  Վենեսուլայում հեղաշրջման նպատակն այն է, որ  աշխարհի ամենանավթառատ երկրներից մեկը ԱՄՆ-ի կողմից ուղղակիորեն վերահսկողության վերցվի, ինչը հնարավորություն  կտա մոտ ժամանակներում Մերձավոր Արեւելքում սպասվող մեծ պայթյունի հետեւանքով ԱՄՆ-ի  նավթի խնդիրները լուծել»,-բացատրում է ռազմական փորձագետը։