Մեղքի զրո գիտակցում

Մեղքի զրո գիտակցում

«Կապիտուլյանտը դու ես»․ Սյունիքում հնչած տղայական արձագանքը երեկ կրկին հնչեց՝ այս անգամ ԱԺ բարձր ամբիոնից՝ ուղղված Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին։ Հավանաբար, հոգեբանները կվերլուծեն, թե սա ինչ կախվածություն է, որը 3 տարվա ընթացքում չի կարողանում հաղթահարել Նիկոլ Փաշինյանը, եւ կհուշեն, թե ինչպես ազատվի կպչուն մտքերից ու հետապնդման վախերից։ Բայց մենք ստիպված ենք հերթական անգամ արձանագրել, որ մարդիկ չեն փոխվում, իսկ եթե անգամ փոխվում են, ապա դեպի վատը։

Մենք կարող էինք հույս փայփայել, որ վարչապետի պաշտոնը կհասունացնի այն զբաղեցնողին, ժամանակի ընթացքում նա կաճի ու գիտելիքներ ձեռք կբերի։ Կդառնա ավելի մեծահոգի ու լայնախոհ, ավելի առաջադեմ ու հայրենասեր։ Ամենակարեւորը՝ կզգա այն մեծ պատասխանատվությունը, որն ինքը ստանձնել է 2018 թվականի մայիսին՝ աննկարագրելի հաջողության եւ փողոցային պայքարի, օրենքներ ոտնահարելու եւ պայմանավորվածություններ խախտելու միջոցով՝ ստանալով վարչապետի պաշտոնը։ Եվ եթե մինչեւ 2020 թվականի սեպտեմբեր ամիսը կարող էր մոլորված լինել՝ մտածելով, որ վարչապետի պաշտոնը բացառապես վայելքներ, իշխանություն, փող, պատմության մեջ մնալու հնարավորություն է տալիս տվյալ անձին, ապա սեպտեմբեր-հոկտեմբերյան աղետից հետո պետք է գիտակցեր, որ դա ծանր պատասխանատվություն է, անպատմելի բեռ, եւ այն կրելու ընթացքում թույլ տված սխալներն անմեղ սխալներ չեն։ Դրանք կարող են անուղղելի, պատմական սխալներ լինել եւ մի ողջ ազգի ճակատագրի վրա բացասաբար անդրադառնալ։ Դրա հետեւանքով մարդիկ կարող են զրկվել տունուտեղից, ունեցվածքից, հայրենիքից, անգամ՝ կյանքից։ Եվ եթե դրա մեջ կա գեթ մի քանի տոկոս քո մեղքի բաժինը, դու այլեւս չես կարող խոսել այնպես, ինչպես խոսում էիր 2020-ի օգոստոս ամսին։