ՄԻՊ Անահիտ Մանասյանին «հասնելու համար» էլեկտրոնային ստորագրություն է պետք

ՄԻՊ Անահիտ Մանասյանին «հասնելու համար» էլեկտրոնային ստորագրություն է պետք

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «հպարտ եմ»՝ կիսվելով այն տեղեկությամբ, որ Միավորված Ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի (GANHRI) հավատարմագրման հարցերով ենթահանձնաժողովը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատությանը շնորհել է վստահելիության և անկախության A դասի բարձրագույն կարգավիճակ: A դասի կարգավիճակի բացատրությունն այս է․ «Նման կարգավիճակ շնորհվում է այն օմբուդսմաններին և ազգային հաստատություններին, որոնք համապատասխանում են ՄԻՊ գործունեության համար սահմանված սկզբունքներին, անկախ են, վստահելի և դրսևորում են մարդու իրավունքներին առնչվող խնդիրներն արդյունավետորեն ուսումնասիրելու և լուծելու կարողություն»։

Իսկ մինչ Մանասյանը հպարտանում է ՄԱԿ-ից ստացած բարձր կարգավիճակով, ՀՀ քաղաքացիները նրան երկուս են նշանակում, հայտարարում, որ երկրում ՄԻՊ չկա, որ գործող օմբուդսմենը չի զբաղվում իրենց իրավունքների պաշտպանության, ավելի շուտ` իշխանությունների շահերն է պաշտպանում: Եւ նման դժգոոհություններ միայն ընդդիմությունն ու հանրային գործիչները չունեն, այլ նաեւ շարքային քաղաքացիները։

Քաղաքացիներից մեկը մեզ պատմեց, թե ինչպես են 2 օր չարչարվել, որ հասնեն այն բանին, որ Անահիտ Մանասյանը իրենց խնդիրը դիտարկի։

Մեր զրուցակիցն ինչ-որ հարցով փորձել է դիմել ՄԻՊ գրասենյակին, նրան լսել են, ապա ասել են՝ էլեկտրոնային հասցեին նամակ ուղարկեք: Քաղաքացին, որ բավականին տարիքն առած է, այլ անձանց օգնությամբ, ուղարկել է էլեկտրոնային նամակը ՄԻՊ գրասենյակի էլեկտրոնային հասցեին: Այս անգամ էլ գրասենյակից զանգել եւ պահանջել՝ էլեկտրոնային ստորագրություն կամ տպել նամակը, ստորագրել, սքան անել եւ այդսպես ուղարկել, որովհետեւ այլ ձեւով տիկին Մանասյանը նամակները չի կարդում։

Քաղաքացին ստիպված է եղել հաջորդ օրը գտնել պրինտեր, խնդրել է բարի մարդկանց` օգնեն տպելու իր նամակը, թղթային տարբերակի վրա ստորագրել է, մեկ ուրիշին էլ խնդրել է, որ սկանավորեն եւ ուղարկեն ՄԻՊ-ի էլեկտրոնայի հասցեին։ Որպեսզի խնդիրը հասնի Անահիտ Մանասյանին կինը մի քանի օր է ծախսել դրա վրա, չնայած իր բարձրացրած խնդիրը եղել է հրատապ։

Ի՞նչ է ստացվում, որ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող գրասենյակը, եւ հենց ինքը` պաշտպանը լիովին վերացրել են դիմումները քննելու բանավոր ընթացակարգը, մարդկանց չեն ընդունում, չեմ հրավիրում գրասենյակ, չեն զրուցում նրանց հետ, այլ միայն բյուրոկրատական կարծրացած համակարգի նման քաղաքացիներից էլեկտրոնային նամակներ են պահանջում` սքանավորված ստորագրությամբ։

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանի կարծիքով՝ առերես հանդիպումը, այդ ձեւով խնդիրը ներկայացնելը շատ ավելի նախընտրելի է․ «Մենք` որպես ՄԻՊ, ժամանակին ընդունել ենք, անգամ հեռախոսով, ինչպես ասում են՝ անանուն, բայց ուղղակի վիճակն էր այդպիսի: Սակայն, երբ հանդիպում են, խոսում են, հարցեր են տալիս, ապա ինչ-որ բաներ են պարզում, որովհետեւ մանրուքները ավելի շատ բան են ասում, քան առաջնային հայտարարության ձեւով տեքստը»։ Ալավերդյանն անդրարարձավ նաեւ ՄԻՊ-ին A դասի կարգավիճակ տալուն, նա նշեց․ «Ես նոր կարդացի, որ հենց այս ՄԻՊ-ը կարգավիճակ է ստացել, ես պետք է ասեմ, որ դա վերահաստատվել է, որովհետեւ Արման Թաթոյանի ժամանակ արդեն մեր ՄԻՊ աշխատակազմը «ատլասյա» դասին էր դասվում, նույնը գրել են Անահիտ Մանասյանի մասին։ Ես կարծում եմ, որ պետք է քաղաքացիներն օգտվեն պահից եւ գնան իր մոտ կամ այնտեղ որեւէ մեկի մոտ։ Ինքը ունի աշխատակազմ, չի բացառվում, որ այնտեղ լինեն հմուտ մասնագետներ»։