Այսօր հասարակության և քաղաքականության մեջ «Սարոյան եղբայրներ» կարգավիճակն է

Այսօր հասարակության և քաղաքականության մեջ «Սարոյան եղբայրներ» կարգավիճակն է

«Հրապարակի» զրուցակիցն է ամերիկաբնակ, ազգությամբ հայ իրավաբան Արման Խաչիկյանը։

- Այս պահին հայ-ադրբեջանական սահմանին հրադադար է հայտարարված։ Ի՞նչ եք կարծում, որքան է հավանականությունը, որ այն կվերսկսվի։

- Կարծում եմ, որ այս զինադադարը բավականին  փխրուն է։ Ցավոք սրտի դեռ ունենք բավականին շատ անվտանգության հետ կապված խնդիրներ։ Կուզենայի տեսնել, որ իմ հասարակությունը դարձել է ապաքաղաքականացված։ Բայց, հաշվի առնելով  անվտանգության հետ կապված լուրջ խնդիրները, այս պահին այդքան էլ իրատեսական դա չեմ համարում։ Այսօր հիմնական խնդիրը՝ թե մեր հասարակության, թե քաղաքական համակարգի՝ ընդդիմության, իշխանության, նաև այն է, որ «Սարոյան եղբայրներ» կարգավիճակում են։ Տեսնում ես հարազատ մարդիկ են, բայց քաղաքական հայացքների պատճառով՝ պառակտված են ու բոլորը կարծես զբաղված են մանիպուլյացիաներով։ Ինձ համար միանշանակ ճիշտ և սխալ որոշումներ չկան։ Բայց  միևնույն ժամանակ ասեմ ձեզ․ ինձ համար խոր ցավ է, որ վաղը  որևէ միջոցառում չի արվելու Հայաստանի Հանրապետության անկախության օրվա կապակցությամբ։ Անկախությունը բարձրագույն արժեք է։ Բնականաբար հրավառություն և այլն կարող էր սխալ լիներ, բայց չէի ուզենա նաև, որ մեր հասարակությունը այդքան կոտրված լիներ։ Կուզեի տեսնել հայկական բանակը, ինչպես Վազգեն Սարգսյանի ժամանակ էր քայլում, այդպես էլ այս Անկախության տոնին քայլեր, այսպես ժողովրդի ոգին կբարձրացվեր։
Ի վերջո, թե պրոռուսական և թե պրոեվրոպական այդ օրակարգերը կարող են լինել կեղծ օրակարգեր։ Այսօր մեր  հասարակությանը պետք  է համալրի այն, մենք պետք է փորձենք բոլոր հնարավոր ռեսուրսներն օգտագործելով՝ հասնել ցանկալի արդյունքների։ Հիմա այդ արդյունքների մի մասը կստացվի ԱՄՆ-ի օգնությամբ, Ռուսաստանի, թե՝ Իրանի, դա չպետք է միանշանակ լինի։ Այն, որ ԱՄՆ-ից որևէ մեկը այցելում է, դա չի նշանակում, որ մենք Ռուսաստանի հետ մեր բոլոր կապերն ու հարաբերությունները պետք է խզենք։ Պետք է կարողանալ շախմատային դիվանագիտության միջոցով գործընկերների հետ հստակ ձևաչափերով խոսելով հասկացնել, որ, եթե այսօր ՀԱՊԿ-ը կարողանում է, կամ չի կարողանում իր գործն անել․ դուք պետք է մեզ ճիշտ հասկանաք, որ որոշակի պարամետրերով պետք է շփում լինի նաև Արևմուտքի հետ։ Շատ կուզենայի տեսնել այն քաղաքական ուժին, որը հասարակական համերաշխություն կբերեր Հայաստանում։

- Ի՞նչ եք կարծում, պատերազմից խուսափելու համար, հայաստանյան իշխանությունները կգնա՞ն տարածքային զիջումների։

- Հույս ունեմ, որ ոչ։ Ես ինքս համարել եմ, որ այս «խաղաղության դարաշրջան» ասվածը կեղծ օրակարգ է, որովհետև պետք է լինի փոխադարձ ցանկություն։ Այս պահին մեր թշնամին՝ Ադրբեջանը, երբ  խոսում է, որ Երևանն էլ է իրենը, չեմ համարում, որ օրակարգը երկկողմ է ընդունված։ Ես չեմ հավատում այն օրակարգին, որ որոշակի տարածքային զիջումներով մենք կարող ենք  երկարատև խաղաղության գնալ։ Առաջնային խնդիրը պետք է լինի համախմբումը։ Վախենալը և կոնկրետ քայլեր չձեռնարկելը՝ չի բերելու որևէ հաջողություն։ Ու առավել քան վստահ եմ, որ կան շահերի համընկնում։ Գտնում եմ, որ Իրանը Արևմուտքի և ԱՄՆ-ի համար,  կարևոր պետություն է համարվում՝ հաշվի առնելով, որ Ռուսաստանը իր գազի, նավթի ռեսուրսներով Եվրոպային թուլացրել է։
Ի վերջո, արտաքին քաղաքականության մեջ՝ տեսնում ենք, որ նույն Թուրքիան և Ադրբեջանը կարող են հակառուսական քայլեր անել, մյուս կողմից էլ՝ որոշ պարամետրերով բանակցել։

Արտաքին քաղաքականության մեջ գործընկերներիդ հետ պետք է խոսես և լինես շիտակ, ինքնախաբեությամբ չզբաղվես, այդ թվում նաև հասարակության հետ։ Օրինակ, ենթադրենք նույն ԱՄՆ-ն, որ հայտնում է, որ Ադրբեջանը պետք է զորքերը հետ քաշի հայկական սահմաններից, քանի որ միջազգայնորեն ճանաչված են այդ տարածքները, պետք է հստակ քայլերով հասնել այդ նպաատկին, որ այդ ամենը չմնան օդում զուտ խոսքեր։