Դիվանագետները

Մարդկանց մի տեսակ կա` բոլորին պիտակներ է կպցնում, ծաղրում ու վատաբանում, բայց ամենից շատ պիտակների ու ծաղրի հենց ինքն է արժանի` իր վարքով ու կերպարով: Սրանց մասին տատս ասում էր` «մարդաչնման` մարդաչհավան»: Շատ ավելի վատ տեսակ էլ կա, որը ոչնչի ունակ չէ, երբեք ոչինչ չի անում, բայց բոլորին ու միշտ մեղադրում է անգործության, ծուլության, ոչինչ չանելու մեջ:
Բազմոցին նստած՝ պահանջներ է ներկայացնում, աշխարհացունց «վերլուծություններ» անում` ցանկացած քայլ, գործողություն, գործընթաց մի քանի րոպեում ջախջախում, սեւացնում, ցանկացած «ձվի մեջ մազ գտնում»: Այն դեպքում, որ ինքը երբեւէ որեւէ գործ ավարտին չի հասցրել եւ առհասարակ` իր կյանքում ոչնչի չի հասել: Պատերազմ է` նա բոլորին խորհուրդ է տալիս` «զենքը ձեռքդ վերցրու, գնա ռազմաճակատ», հանրահավաք են անում, գրում է` «դուրս արի փողոց, պայքարի», որեւէ մեկը հարցազրույց է տալիս, ելույթ է ունենում` «հերիք է խոսես, գործ արա», ընդդիմությունը չի կարողանում իշխանափոխություն անել` վերջին հայհոյանքներն է գրում ընդդիմադիրների հասցեին եւ տրտնջում` «էս ազգի մեջ բա մի հատ դուխով տղա չկա՞...»:
Հանրահավաք չեն անում, գրում է` «տանը նստած եք, դրա համար ոչ մի բան չի ստացվում»: Ընտրության են մասնակցում, ասում է` «ընտրությունը հարցի լուծում չի, փողոց դուրս եկեք»: Նմաններն իրենք, որպես կանոն, ոչնչի չեն մասնակցում, ոչինչ չեն ձեռնարկում` համակարգիչների հետեւում թաքնված` հետեւում են պրոցեսներին. խորհուրդներ տալիս, քննադատում, վարկաբեկում, սեւացնում գործ անողներին, քայլ ձեռնարկողներին: Երբեմն, իհարկե, նաեւ արդարացի ու ճշմարիտ, բայց քննադատել ով ասես կարող է` ճառ ասողների պակաս երբեք չի լինում, իսկ, այ, զանգ կախողները միշտ քիչ են` մատների վրա հաշված:
Կարծիքներ