Շատ նմանություն և 2 տարբերություն՝ Փաշինյանի ու Սահակաշվիլու կերպարներում

Շատ նմանություն և 2 տարբերություն՝ Փաշինյանի ու Սահակաշվիլու կերպարներում

Վրաստանի ուղղափառ եկեղեցում եպիսկոպոսներից մեկը, ում հեռացրել են Սինոդի կազմից, վրաց պատրիարքին մեղադրել է նույնասեռական լինելու մեջ: 2 օր է՝ վրացական մեդիան այս հարցը քննարկում է նույն ռեժիմով եւ նույն կրքով, ինչ ստամբուլյանը կամ «Մել» ֆիլմը՝ Հայաստանում։
Ինչպես հիշում ենք, Վրաստանում եւ Հայաստանում պրոցեսների նմանություններն ակնհայտ դարձան 2018-ի հեղափոխությունից։

Առաջին եւ ամենաակնհայտ նմանությունը՝  հեղափոխության ալիքի վրա անարյուն իշխանության եկած երկու առաջնորդներն էլ հախուռն եւ ոչ հավասարակշիռ պահվածք ունեն (բոլորը հիշում են Սահակաշվիլու՝ փողկապը ծամելու կադրերը), ոչ համակարգային ու անփորձ մարդկանց են բարձր պաշտոններում նշանակում, պայքարում են կոռուպցիայի ու քրեական աշխարհի դեմ, ճանապարհաշինարարություն եւ ներդրումներ բերելու մեծապետական հայտարարություններ են անում, դատական վիճելի ռեֆորմներ իրականացնում։
Ի դեպ, ինչպես իր ֆեյսբուքյան էջում գրել է Վրաստանում հրապարակվող հայալեզու «Ալիք մեդիա»-ի լրագրող Նորայր Գասպարյանը՝ հարեւան երկրի ազգայնական ուժերը Սահակաշվիլու իշխանությանը տարիներ շարունակ մեղադրում էին Սորոսի փողերով երկիրը քանդելու ու «ազգային» ամեն ինչը ոչնչացնելու մեջ:

Սկսենք քրեական ենթամշակույթի դեմ պայքարից․ ինչպես մեզ հետ զրույցում նշեց Սահակաշվիլու նախկին խորհրդական, հայազգի Վան Բայբուրդը, Վրաստանում դեռ շարունակում է գործել քրեական հեղինակություններին կամ «օրենքով գողերին» վրացական սահմանից հետ ուղարկելու կամ փակելու մասին օրենքը։

Կամ՝ անփորձ ու ոչ համակարգի մարդկանց ներքին գործերի ու հատուկ ծառայությունների ղեկավար նշանակելը։ 2004-2012թթ․ Վրաստանի ներքին գործերի նախարար, իսկ 2012-ի հունիսից վարչապետ նշանակվեց Վանո Մերաբիշվիլին, ով վարդերի հեղափոխության պաշտպաններից էր դեռ նախագահ Շեւարդնաձեի իշխանության օրոք։

Կոռուպցիայի դեմ պայքար։ Ինչպես վկայեց Բայբուրդը՝ Սահակաշվիլու օրոք եւս տարբեր նախկիններ, որոնք ճաղերի հետեւում էին հայտնվել օրենքները խախտելու համար, հայտարարում էին քաղաքական ռեպրեսիաների ու քաղբանտարկյալների առկայության մասին։ Վան Բայբուրդից հարցրինք՝ նմա՞ն չեն Սահակաշվիլին ու Փաշինյանն իրենց  պահվածքով։ Բայբուրդի կարծիքով՝ ոչ։ «Սահակաշվիլին շատ հախուռն էր, Նիկոլ Փաշինյանն այդպիսին չէ, Նիկոլի մոտ մի քիչ հանգիստ է, այդքան շատ ուժեղ ալակոծում չկա։ Իսկ Սահակաշվիլին մի քիչ ավելի ռադիկալ էր։ Նրա խոսքերում կա շատ ավելի ողջամտություն, եւ նրա խոսքերը հասկանալի են ժողովրդին»։ Իսկ «պատերին ծեփելը», «ասֆալտին փռելն» արդյոք ալեկոծված վիճակ չէ՞։ Վրաստանի նախագահի նախկին խորհրդականը մասամբ համաձայնեց․ «Մի բան պատմեմ․ մի անգամ ինձ ընդդիմադիր թերթի լրագրողները հարցրին՝ ունի՞ թերություններ Սահակաշվիլին, գոնե մեկը նշեք։ Ես ասացի՝ մեկը չէ, երեքը կասեմ։ Չի ծխում, որ ծխեր, երկու ղուլա տար, այն ծայրահեղությունները, որ չպետք է ասեր Միշան, չէր ասի։ Նիկոլն էլ ինչ-որ ասեց՝ պատին կտա, ասֆալտին կծեփի եւ այլն, եթե մի երկու նաֆար տար, իհարկե, չէր ասի»։

Նրան հարցրինք՝ իսկ Միշան ուտել սիրո՞ւմ էր։ Բայբուրդի վկայությամբ՝ շատ։
Նա նաեւ հիշեց, որ Սահակաշվիլին սիրում էր հրապարակավ անարգանքի սյունին գամել իր նշանակած նախարարներին։

Զրուցեցինք նաեւ Սահակաշվիլու «Ուժերի զարթոնք» ինքնակենսագրական գրքի հայերեն թարգմանիչ, փոխվարչապետի նախկին խորհրդական Միքայել Նահապետյանի հետ։ Վերջինիս խոսքով՝ Սահակաշվիլին իր ռեֆորմներից ամենակարեւորը համարում էր տարածքային զարգացումը։ «Այն, որ զրոյից՝ քանդված տարածքի վրա ենթակառուցվածքներ է սարքել։ Մասնավորապես, առաջ Բաթումին գյուղից մի քիչ էր տարբերվում։ Երկրորդը համարում էր դատական ռեֆորմը, որն ի վերջո ձախողվեց։ Կոռուպցիայի դեմ պայքար, ոստիկանություն․ այս ուղղություններն է, որ ինքը համարում է էական ու դրանց մասին խոսում է»։

Նշենք, որ Վրաստանում Սահակաշվիլու լավագույն ձեռքբերումներից է համարվում ոստիկանությունում կոռուպցիայի վերացումը։ Բայց դրան զուգահեռ, վրացական ընդդիմադիր մամուլը գրում էր Սահակաշվիլու ու նրա նոր քաղաքական թիմի էլիտար կոռուպցիայի առկայության մասին։ Ինչ վերաբերում է ոստիկանությունում ո՛չ զինվորական, ո՛չ ոստիկանական համակարգով անցած մարդկանց նշանակումներին, ապա Նահապետյանը նշում է, որ իրենց մոտ սկզբից էլ այդպես էր, քանի որ Վրաստանում միշտ եղել է ոչ թե ոստիկանություն, այլ ներքին գործերի նախարարություն, որտեղ առանց կառուցվածքային փոփոխությունների էլ հնարավոր էին քաղաքական նշանակումները։

Ինչ վերաբերում է ներգաղթին, ապա Վրաստանի նախկին նախագահի գրքի թարգմանիչն ասում է, որ գրքում այդ մասին եւս կա, բայց իրենք ավելի շատ առաջնորդվել են այն հիպոթեզով, որ ստեղծենք բիզնեսի համար լավ պայմաններ, եւ դրա արդյունքում առաջին հերթին հենց վրացիներն են գալու Վրաստան։ «Սա էր իրենց հայրենադարձության հիմնական կոնցեպտը, որքանով ես եմ տեղյակ»,- մեկնաբանեց նա։ Սահակաշվիլու եւ Փաշինյանի միջեւ ամենաակնհայտ տարբերությունը արտաքին քաղաքական կողմնորոշումն է։ Փաշինյանի մասին, օրինակ, գնահատական կա, որ նա ամենառուսամետներից է, իսկ Սահակաշվիլին հայտնի էր որպես քաղաքական գործիչ, որը Վրաստանի զարգացման տեսլականը պատկերացնում է միմիայն Արեւմուտքի հետ՝ ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի կազմում։

Ի տարբերություն Սահակաշվիլու, Նիկոլ Փաշինյանը հավատարիմ ամուսին է։