Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները 7 անգամ դիմել են ՄԻԵԴ՝ արդարադատություն իրականացնելուց հրաժարվելու գանգատով

 Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները 7 անգամ դիմել են ՄԻԵԴ՝ արդարադատություն իրականացնելուց հրաժարվելու գանգատով
Հայկ Ալումյան, Ռոբերտ Քոչարյան

 

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը իր ասուլիսը սկսեց նրանից, որ այսօր օգոստոսի 14 է, և Առաջին ատյանի դատարանը խախտելով ներպետական օրենքի հստակ պահանջը՝ դեռ չի քննել ՀՀ երկորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի՝ հունիսի 27-ին ներկայացված միջնորդությունը՝ կապված Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ գրավ կիրառելու և նրան կալանքով ազատելու հետ։

Ավելին՝ դեռևս վարույթ չի ընդունել։ «Մենք արդեն դիմել ենք Եվրոպական դատարան, արդեն թվով 7-րդ գանգատն է արդարադատություն իրականացնելուց հրաժարվելու մասին, որ մեր միջնորդությունը չի քննվում»,-ասաց Հայկ Ալումյանը։

Առաջին ատյանի դատարանը, չքննելով միջնորդությունը, պատճառաբանում է, որ դատավոր Դավիթ Գրիգորյանն այլևս չի կարող քննել այդ միջնորդությունը, որովհետև գործունեությունը կասեցված է, իսկ ուրիշ դատավորի գործը դեռևս չի մակագրվել։ Պատճառաբանություն, որը, ըստ Ալումյանի, դուրս է օրենքից և Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետից։ Ալումյանը հույս ունի շատ շուտով լսել ՄԻԵԴ տեսակետը այս իրավիճակի վերաբերյալ։ Հայկ Ալումյանը այս համատեքստում անդրադարձավ նաև Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված զարգացումներին։

Ըստ այդմ՝ եթե մինչ այս Սահմանադրական դատարանի նկատմամբ բիրտ ուժ էին կիրառում, հիմա փորձում են ընդունել կոմպրոմիսային տարբերակ։ Խոսքը վերջերս շրջանառվող նախագծի մասին է, որով, ըստ մեկնաբանությունների հիմնական մասին, ՍԴ դատավոր-անդամներին փորձում են շահագրգռել ժամկետից շուտ հրաժարականներ տալ։

Նշել էինք, որ նման բան նախկինում ևս կիրառվում էր, բայց բանավոր, համոզելով կամ պարտադրվելով, բայց ոչ օրենքով։ «Եթե սա արվեր պարոն Քոչարյանի գործի հետ չկապված, ընդհանուր ինչ-որ նպատակների համար դեռ կարելի էր քննարկել՝ սա լա՞վ, թե վատ մոտեցում է։ Հնարավոր է, որ քննարկելուց հետո գայինք էն եզրակցության, որ սա լավագույն տարբերակը չէ, բայց այս պարագայում ամեն ինչ ակնհայտ երևում է, որ այդ օրենսդրական նախագիծը ուղղակիորեն նպատակ է հետապնդում պարոն Քոչարյանի գործի հետ կապված ՍԴ-ում ստեղծել այնպիսի իրավիճակ, որ պարոն Քոչարյանի գործով Սահմանադրական դատարանը չիրականացնի արդարադատություն։ Սա ակնհայտ է»,-ամփոփեց Հայկ Ալումյանը։

Ալումյանը հիշեցրեց նաև  նախկին Գլխավոր դատախազ Գագիկ Ջհանգիրյանի  մի հարցազրույցի մասին (ինչի վերաբերյալ նրանք հանցագործության մասին հաղորդում են տվել), որում նա հայտարարում է, որ Ռոբերտ Քոչարյանի գործը չի քննվի, կամ եթե քննվի էլ ,ոչ այդ կազմով։