Ես այդ հարցը պատրաստվում եմ հրապարակավ տալ Հովհաննիսյանին

Ես այդ հարցը պատրաստվում եմ հրապարակավ տալ Հովհաննիսյանին

Փետրվարի 5-ին տեղի է ունենալու ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի դոկտորական ատենախոսության պաշտպանությունը։ Օրերս մենք հոդված էինք հրապարակել, որտեղ ոլորտի մի խումբ մասնագետներ մատնանշել էին Հովհաննիսյանի ատենախոսության բացթողումները՝ սկսած ատենախոսության վերնագրից, ավարտած հոդվածներով ու այն պարբերականներով, որոնցում դրանք տպագրվել են։ Թեմայի շուրջ զրուցեցինք Աստվածաբանության ֆակուլտետի՝ Հայ եկեղեցու պատմության եւ եկեղեցաբանության ամբիոնի ասիստենտ, պատմական գիտությունների դոկտոր Արծրուն Սահակյանի հետ։

Նախ հետաքրքրվեցինք, թե ճի՞շտ է մասնագետների այն պնդումը, որ դոկտորականների պաշտպանության նոր կարգի համաձայն՝ Հովհաննիսյանը պետք է ունենա թեմայի շրջանակներում հրատարակված նվազագույնը 20 գիտական հոդված, որից, այդ թվում՝ հայագիտական բնույթի աշխատանքների դեպքում, առնվազն մեկը պետք է տպագրված լինի Web of Science կամ Scopus շտեմարաններում ընդգրկված գիտական հրատարակություններից որեւէ մեկում։ Հիշեցնենք, որ մասնագիտական խորհուրդն ընդունել է Հովհաննիսյանի աշխատանքը, եւ արդեն նշանակված է պաշտպանության օրը։ «Ընդհանրապես, խորհուրդն ընդունում է, երբ բավարարում է։ Եթե հարց կա, որ իր մոտ ինչ-որ բան պակաս է, ապա Դուք պետք է նայեք ԲՈԿ-ի կանոնադրության մեջ, այնտեղ արդեն կան հստակ պահանջները։ ԲՈԿ-ի կանոնադրությամբ կա, թե այդ 20-ից քանիսը Scopus-ով լինի, քանիսը՝ Web of Science-ով, կամ թե գրքից քանիսը պիտի համարվի հոդված, եթե գիրք է տպագրվում։ Այս բոլորը կանոնակարգված է»,- պատասխանեց Սահակյանը։

- Այդ հոդվածներն ինչպիսի՞ հանդեսներում պետք է տպագրվեն, Ձեր ֆակուլտետի «Տարեգիր» պարբերականը կամ Գավառի պետական համալսարանի գիտական հոդվածների ժողովածուն համապատասխանո՞ւմ են ԲՈԿ-ի պահանջներին։ 

- ԲՈԿ-ը պահանջում է, որ պետք է իր կողմից ընդունելի հանդեսներում տպագրվի, գրախոսվող հանդեսներում, այսինքն՝ այն հանդեսներում, որոնք բավարարում են ԲՈԿ-ի պահանջներին եւ բավարարելով՝ իր կողմից ճանաչվում են իբրեւ գիտական արժանահավատ պարբերական։ Ինչ վերաբերում է «Տարեգիրք» պարբերականին, ապա հարցը պետք է դնել հետեւյալ կերպ, թե «Տարեգրքի» որ տարին է համապատասխանում ԲՈԿ-ի պահանջներին, այսինքն՝ մի տարի եղել է ճանաչված, մի տարի չի եղել եւ այլն։ Դա եւս պետք է նայել ԲՈԿ-ի ցանկում, ապա պետք է նայել՝ այն համարվե՞լ է գիտական հոդվածների ժողովածու, թե՞ պարբերական՝ այն իմաստով, որը մենք հասկանում ենք։ Պետք է նայել, թե ինչ-որ ժամանակ գիտական հոդվածների ժողովածուն ընդունվե՞լ է այն ժամանակվա ԲՈՀ-ի կողմից, թե՞ չի ընդունվել ու թողնվել է հայեցողության տակ։

- Հովհաննիսյանն իր գրքի անոտացիայում նշել է. «Որպես դասագիրք կամ ուսումնամեթոդական ձեռնարկ՝ այն կարեւորվում է բուհական եւ գիտակրթական մասնագիտացված հաստատությունների համար»: Դասագիրքն ու ուսումնամեթոդական ձեռնարկը կարո՞ղ են հավասարազոր լինել մենագրությանը, ինչն իր հերթին հավասարազոր է 5 գիտական հոդվածի։ 

- Մենագրությունը համարվում է գիտական աշխատանք, հետեւաբար, ընդունվում է 5 հոդվածի փոխարեն, իսկ դասագիրքը, ձեռնարկը, մեթոդական օժանդակ ուղեցույցները գիտական աշխատանք չեն համարվում, սրանք համարվում են մանկավարժական աշխատանք։ Եթե ես դասագիրք եմ հրատարակում, դա չեմ կարող ներկայացնել որպես հետազոտական մենագրություն, դրանք տարբեր բաներ են, եւ դասագրքի հիման վրա հոդվածների թիվը չի ավելանում։

- Ինչպե՞ս հասկանալ Հովհաննիսյանի աշխատության վերնագիրը․ «Վաղ քրիստոնեական դավանաբանական վեճերի կրոնագիտական վերլուծություն (II դարի II կես-V դարի I քառորդ)»։ Գիտական հետազոտության խնդիր կամ նյութ կա՞ այս վերնագրի տակ։

 - Ես, անկեղծ ասած, չեմ հասցրել դեռ խորանալ բովանդակության մեջ, բայց վաղը չէ մյուս օրը պաշտպանությունն է լինելու, եւ այդ հարցը ես պատրաստվում էի պաշտպանության ժամանակ հրապարակավ իրեն տալ, որ ինքը մեկնաբանի այս վերնագրի տարողությունը, ծավալը, ինչո՞վ է հիմնավորված, ի՞նչ հետազոտական նպատակադրումներ է պարունակում։ 

- Աշխատությանը ծանոթ մասնագետները նշում են, որ Հովհաննիսյանի կողմից անլուրջ մոտեցում կա, որի դրսեւորումներից մեկն էլ այն է, որ նրա ատենախոսության ծավալը չափից դուրս մեծ է՝ մոտ 430 էջ, որը 180 էջով ավելին է ԲՈԿ-ի կողմից սահմանված առավելագույնից։ Սա նույնպե՞ս թերություն է։

-  Այն, որ պետք է ինչ-որ քանակից պակաս չլինի, դա հայտնի է եւ դա Հովհաննեսի աշխատանքում ակնհայտորեն պահված է․ պակաս չէ եւ ավել է, բայց ավելը հանցանք չէ, անձամբ ես ծավալի գերազանցումը կհամարեի դրական երեւույթ։ Ինչ վերաբերում է մեջբերումներին, ապա դա ոտքի վրա ասելու բան չէ, ես չեմ կարող ասել, թե ինչ են նկատի ունեցել նման բան գրելով, բայց կարող եմ ասել, որ ցանկացած հետազոտություն հենվում է նախորդների փորձի վրա, պետք է նախորդների փորձը հաշվի առնի, խորացնի, զարգացնի եւ այլն, հիմա էդպիսի խնդիր իրենք դնո՞ւմ են՝ ընդդիմախոսները, թե արդյոք նախորդի փորձը նույն կետո՞ւմ է մնացել, թե՞ խորացվել ու զարգացվել է։ Եթե դու ասում ես միայն նրանց ասածը, ապա դա նույն կետում մնալն է, եթե չես ավելացնում քո ասածը․․․ Խնդիրը հասկանալի է, ես բանաձեւված կասեմ․ եթե նախորդի փորձը վերաշարադրում ես, ապա դա դասագիրք է, եթե նախորդի փորձին ավելացնում ու զարգացնում ես, ապա դա գիտական հետազոտություն է։

- Մասնագետները նշում են նաեւ, որ ատենախոսության սեղմագիրն աչքի է ընկնում բազմաթիվ լեզվական անհարթություններով, մեծաքանակ տեխնիկական վրիպակներով, անստույգ հղումներով, որոնք կոչված են մեռած լեզուներով աղբյուրներ օգտագործելու տպավորություն թողնելուն։ Ձեզ հայտնի՞ է՝ Հովհաննիսյանը տիրապետո՞ւմ է որեւէ մեռած լեզվի՝ հին հունարենի կամ լատիներենի։

- Տիրապետելը մի քիչ հարաբերական է․ ի՞նչ չափով է տիրապետում՝ այն չափով, որ այդ մեռած լեզուներով ինքը աղբյուրներն օգտագործի, մեկնաբանի՝ այդ չափով։ Իհարկե, չի տիրապետում, բայց մեկնաբանելու համար պարտադիր էլ չէ, որ կարողանա այդ մեռած լեզվին տիրապետել։ Ինքը կարող է դրանից օգտվել, այսինքն՝ իմանալ ինչ-որ չափով, որ կարողանաս օգտվես՝ թարգմանություններն օգտագործելով, որովհետեւ այդ աղբյուրները թարգմանված են ժամանակակից լեզուների։ Դրա համար էլ կա  գիտական էթիկայի պահանջը, որ դու, եթե այդ աղբյուրը լիարժեք օգտագործում ես, բայց նշում ես այն գիտնականի, միջնորդի անունը, որն այդ աղբյուրը թարգմանել է ժամանակակից լեզվի՝ անգլերենի, ռուսերենի եւ այլն։ Եթե Դուք ուղիղ աղբյուրը հղում եք ուղիղ լեզվով, ապա պիտի հղեք միջնորդի անունով։ Տեղում պաշտպանության ժամանակ կարելի է նայել՝ հղումն ուղի՞ղ է, թե՞ միջնորդավորված, եւ այդ մասին հարց բարձրացնել։