Հանկարծ կպարզվի, որ այն ճղված շալվարով Կորեյկոն միլիոնատեր է դարձել կորոնավիրուսի ժամանակ 

Հանկարծ կպարզվի, որ այն ճղված շալվարով Կորեյկոն միլիոնատեր է դարձել կորոնավիրուսի ժամանակ 

Հարցազրույց երաժշտագետ, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանի հետ 

- Պարոն Շահնազարյան, արդեն երկու ամիս է՝ երկիրը գտնվում է արտակարգ իրավիճակում, այս ընթացքում կորուստներ են արձանագրվել գրեթե բոլոր ոլորտներում, այդ թվում` մշակույթի: Ըստ Ձեզ, ինչպե՞ս եւ ի՞նչ քայլերով կարելի է վերականգնել բաց թողածը, հատկապես որ պետության առաջնահերթությունների մեջ նախեւառաջ քաղաքացիների սոցիալական կարիքներն են:

- Պետությունը զբաղվում է մշակույթով եւ այն էլ ոնց է զբաղվում... Պետական ալիքով ամեն երեկո ցույց են տալիս մարդասպանություններով լի ֆիլմ, որտեղ մե՛կ մարդ են սղոցում, մե՛կ մարդ են սպանում, երեւի գտել են, որ երեխաներին դա է պետք: 

- Ի՞նչ ֆիլմի մասին է խոսքը։ Սերիա՞լ է։

- Միացրեք եւ կտեսնեք, գրեթե ամեն երեկո մարդասպանությունների, մաֆիոզ ֆիլմեր են ցուցադրում: Թե ինչի համար է պետությունն այդ ալիքին վճարում` չեմ հասկանում: Հետո նույն այդ պետական ալիքով ամեն երեկո ռեփ են դնում, որը նույնիսկ ռեփ էլ չէ, այլ ցածրակարգ մի երաժշտություն, ոռնոց` հայոց լեզուն աղավաղող, եւ ոչ մի ազգային երաժշտություն: Ես երեկ նույնիսկ զանգահարեցի Աշոտ Բլեյանին եւ խնդրեցի, որ որպես դպրոցի տնօրեն՝ հարցում անի, եւ թող այդ 2 հարցի պատասխանը տան` ինչո՞ւ է առաջին ալիքը ցույց տալիս մարդասպանություններով լի ֆիլմեր, եւ ինչո՞ւ են ամեն երեկո այլանդակ երաժշտություն հնչեցնում` մեր երեխաների ներաշխարհն աղավաղող: Հետո․ չեմ հասկանում՝ մշակույթի նախարարությունն առանձին ծրագիր ունի, պետական առաջին ալիքը՝ առանձի՞ն։ Այս պետությունը չունի՞ մի սկզբունք, մի մշակութային քաղաքականություն: Չի կարող մի տեղ մի լավ բան արվի, բայց մեկ այլ պետական օղակ նույն պետական գումարներով քանդի այդ սարքածը: Ոչ մի բան չի փոխվել մշակույթի ասպարեզում, ավելին` պարզվում է, որ կարող էր եւ չլինել ու չաշխատել մշակույթի նախարարությունը: Ժողովուրդն իր ռաբիզի մեջ է, իր տներում, ռեստորանի դինամիկները բարձր միացրած՝ այդ արեւելյան կլկլոցն է լսում: Մարդիկ բողոքում են, որ խանգարվում է իրենց հանգիստը, բայց ոչ մի օրենք չի կիրառվում, թեպետ պետությունն ունի օրենք, որը ոչ մեկին թույլ չի տալիս խանգարել մյուսի հանգիստը: Իսկ մշակութային քաղաքականություն ասվածը վերաբերում է մարդկանց, որոնք առանց այդ էլ գիտեն մշակույթը, օպերա ո՞վ էր գնում` նա, ով օպերա գիտի, եւ չգնա էլ, կլինի: Այսինքն՝ հազար-երկու հազար մարդու մասին է խոսքը, եւ հենց նրանց համար է գործում այդ ամբողջ համակարգը, ժողովրդի մնացած մասը թաղված է մշակութային ճահճի մեջ: Եվ եթե մնացած հեռուստաալիքներն այլասերում են ու կարող են ասել, որ իրենք մասնավոր են, եւ մենք չենք կարող միջամտել, բա պետական ալիքն ինչո՞վ է զբաղված:

- Բայց այս ընթացքում առաջին ալիքը ծառայեց նաեւ որպես հեռավար ուսուցման եւս մի հարթակ, որով ամեն օր ուսումնական դասեր են հեռարձակվում:

- Ինչքան միացրել եմ, մաթեմատիկայի դաս է եղել, ոչ մի գրականության, պատմության դասի չեմ հանդիպել, թեպետ մի անգամ գրականության մի դաս նայեցի, որ դպրոցական, զորանոցային մտածողության մի տափակություն էր: Այսինքն, սուտ կրթության մի ձեւ է այդ օնլայն տարբերակը, ու ինձ թվում է՝ միայն գումարներ են դուրս գրվում, ուրիշ ոչ մի բան:        

- Այսինքն՝ հեռավար կրթությունը միֆ է, եւ ոչ մի արդյունավետությո՞ւն:

- Այո, բայց հեռավար կրթությունը կարող է ծառայել իր նպատակին, եթե ճիշտ կազմակերպվի, իսկ ես վստահ եմ, որ ճիշտ կազմակերպված չէ: Այդ հեռավար կրթությամբ մենք զբաղվում էինք 15 տարի առաջ` «Մխիթար Սեբաստացի» կրթօջախում, որտեղ ես աշխատել եմ, եւ որտեղ կրթությանը զուգահեռ ներդրեցինք հեռավար կրթությունը։ Այդ ժամանակ ծիծաղում էին մեզ վրա, ասում էին` ինչի՞ ա սա պետք, ասում էինք` պետք է գալու, որովհետեւ այսօր սա մի զենք է, որը պետք է իմանալ: Իսկ հեռավար կրթության այդ սիստեմն էլ ներդրեցինք, որպեսզի նաեւ ծնողներին կրթենք: 

Երեւի հիշում եք «Ոսկե հորթը» ֆիլմը, որտեղ Բենդերը միլիոնատեր Կորեյկոյից ուզում էր միլիոնը պոկել, ով միլիոնատեր էր դարձել տիֆի «շնորհիվ», հիմա այսօր, երբ ասում են, որ աշխատանքներ ենք տարել, որպեսզի հայ ժողովուրդն ինտերնետով նայի ինչ-որ բաներ, կրթություն ստանա, նայի համերգներ, օպերաներ, մաթեմատիկայի դասեր, ինձ համար նվազագույնը անհասկանալի է: Հատկապես որ այսօր ցանկացած մարդ, երեխա կարող է մտնել Յութուբ եւ Լա Սկալայի ցանկացած օպերա նայել: Այսինքն ի՞նչ է նշանակում՝ աշխատանք ենք տարել...  

- Նկատի ունեք, որ կորոնավիրուսից հետո կորեյկոների թիվը կավելանա՞ մեր երկրում:

- Ամբողջ աշխարհում, լինի մեր երկրում, թե կապիտալիստական որեւէ այլ երկրում, հենց համաճարակ է լինում, նման հարմար իրավիճակ է ստեղծվում, որի մասին հետո է իմացվում, անցնում է մի 10-20 տարի, եւ հանկարծ պարզվում է, որ այն ճղված շալվարով, կարկատած կարճթեւ վերնաշապիկով եւ շալվարը պարանով կապած մարդը միլիոնատեր է ու կորոնավիրուսի ժամանակ է միլիոնատեր դարձել: Հիմա այդպիսի հոտ է գալիս, ես չեմ հավատում, որ պետությունը կարողանում է վերահսկել իրավիճակը: Ես գիտեմ, որ մեր վարչապետն ազնիվ է, իրեն ճանաչում եմ ուսանող տարիներից ու երբեք չեմ կասկածի, որ ինքը կարող է նման բաների խառնվել, բայց որ ինքը չի կարող վերահսկել` դրանում էլ չեմ կասկածում, եւ որ կարող են ուղղակի իր «քթի տակ» այդ ամբողջը տանել եւ տանում են՝ իմ կարծիքով, ես դրանում էլ կասկած չունեմ: 

- Իսկ ընդհանրապես՝ պետության հակաճգնաժամային քայլերն ինչպե՞ս եք գնահատում, որքանո՞վ են արդյունավետ:

-Կարծում եմ` ոնց էլ լիներ, պետք է տարածվեր, որովհետեւ ամբողջ աշխարհում ոչ մեկն էլ չկարողացավ դրա դեմն առնել, ինքը տարածվող վիրուս է, եւ մինչեւ հիմա չեն գտել ճանապարհը, որ այն չտարածվի: 

- Գուցե ժամանակին պետք չէ՞ր թերագնահատել վիրուսի վտանգը եւ ասել` կորոնավիրուսն ում շունն է...:

- Դե հիմա, դա ասելով հո չտարածվե՞ց, ինձ թվում է՝ ժողովրդին դուխ տալու համար է այդպես ասել վարչապետը, ու դա բան չի փոխում, մեծ հաշվով: Ինձ համար այս ամենի մեջ ամենավտանգավոր եւ ամենահրատապ հարցը պետական ալիքի վարած քաղաքականությունն է, որ ուղղակի լծված է պետական միջոցներով սերունդն այլասերելու գործին: Մեր ժողովուրդը ոնց խրված էր, հիմա էլ շարունակում է խրված մնալ արեւելյան կլկլոցի մեջ: Էլ չասեմ հաղորդավարների մասին, որ 2 բառ չեն կարողանում իրար կապել` տառերը կուլ տալով, ով Յուքոմ չունի եւ չի կարող հետ տալ, նորից լսել, չի կարող հասկանալ, թե ինչ են ասում: Դուք պատկերացնո՞ւմ եք՝ Գավառի դեպքերի համար պետական ալիքը մի ջահել թղթակից է ուղարկել, որ գնա մեկի հետ խոսա ու տեսնի, թե ինչ է եղել, բայց չէ՞ որ սա պետական ալիք է, ձեզ պետք է զանգեն եւ զեկուցեն իրավիճակը, կամ դուք զանգեք մարզպետին եւ ասեք, որ պետական ալիքին ինֆորմացիա տվեք: 2 օր չէին կարողանում զոհերի հստակ թիվը հայտնել, ի վերջո, 2 մա՞րդ է մահացել, թե՞ 4: Պետական ալիքը` իր լրատվությունից սկսած մինչեւ ցուցադրած ֆիլմերով, պետական բյուջեն վատնում է, այլասերում է նոր սերունդը:   
Այն ժամանակ որ ասում էի` ինչու եք այդքան գումար, մոտ 70 հազար դոլար տալիս Բրեգովիչին Հայաստան բերելու համար, իմ դեմ խոսողներ եղան, բայց այդ 70 հազար դոլարով հիմա ինչքա՜ն մարդու կարող էին օգնել, այն դեպքում որ 10 հազար դոլար արժե մի բնակարանը Գյումրիում, 7 ընտանիքի բնակարան կառնեին։ Չէ՞ որ սենց օրեր էլ էին գալու: Հիմա էլ ուշքն ու միտքները քեֆ-ուրախություններն են, առաջինը ռեստորանները բացեն, որ գնան քեֆ անեն հայերը: Այն օրը, հեռուստատեսությամբ, մի տնտեսագետ ասում էր՝ ռեստորանները բացեք, որ բյուջեն լցվի, այսինքն՝ պիտի բացեն, որ մարդիկ գնան խմեն, ուտեն, հարբեն, փող տան, որ բյուջեն լցվի՞: Ով այդքան մտածում է, թող առանց ռեստորան գնալու այդ փողն ուղարկի բյուջե, տանն էլ նստի՝ հաց ու պանիր ուտի: